Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որն ավելի շատ հայտնի է որպես ռոմանսներ կատարող, այժմ ստեղծագործական լռության մեջ է: Երգիչը չի ներկայացնում նոր տեսահոլովակներ, միայն ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որոշ նախագծերում: Արսենը հիմա չի աշխատում նաեւ ժամանցային կենտրոններում: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ հիմա ավելի շատ զբաղվում է գործիքավորմամբ, նաեւ երգեր է գրում տարբեր կատարողների համար:
-Տեւական ժամանակ է՝ չեք երեւում հեռուստաեթերում, ինչո՞վ եք հիմա զբաղված:
-Երգեր եմ ձայնագրում, բայց ո՛չ տեսահոլովակի, ո՛չ էլ ձայնասկավառակի տեսքով դրանք չեն լինելու, ուղղակի ձայնագրել եմ իմ հաճույքի համար: Ես ուզում եմ իմ ֆոնդում ունենալ այդ երգերի ձայնագրությունները: Դրանք ստուդիայում մնում են ամիսներ շարունակ:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ այդ երգերը հանրությանը չեք ներկայացնում:
-Դրանք կոմերցիոն նպատակ չեն հետապնդում, այդ երգերով փող աշխատել չի լինի, եւ մեր ժողովրդի մեծամասնությունն արդեն այդ ճաշակի տեր չէ: Այդ երգերը պետք են իմ սիրելի հանդիսատեսին, որոնք մեծ սիրով կլսեին դրանք հեռուստատեսությամբ, բայց դրա համար էլ հազարավոր դոլարներ են պետք, որ ես կարողանամ ներկայացնել տեսահոլովակի ձեւով: Հետո էլ մի ամիս ցույց տան եթերով ու վերջանա:
-Ձեզ համար վիրավորակա՞ն չէ այդ փաստը, որ կատարած աշխատանքը ներկայացնելու հարթակ չունեք:
-Վիրավորական է, բայց ես ոչինչ չեմ անելու: Գուցե մի օր որոշեմ սկավառակի տեսքով ներկայացնել:
-Իսկ ինչո՞ւ հիմա չեք որոշում:
-Որովհետեւ ոչ ոք CD չի առնում, բոլորն ինտերնետից են քաշում այդ երգերը, իսկ երգչին` ոչ մի բան դրանից: Արտադրող ֆիրմաներն էլ չեն ուզում թեկուզ սիմվոլիկ փոքր գումար ծախսել ստուդիայիդ ծախսերը հոգալու համար:
–Ստացվում է, որ Ձեր կատարած աշխատանքն անիմաստ է, ո՛չ ներկայացնում եք, ո՛չ էլ ֆինանսական օգուտ կա:
-Այո՛, ընդամենը հոգեւոր աշխատանք, քանի որ դու արվեստի մարդ ես, չես կարող ուղղակի ձեռքերդ ծալել ու նստել:
-Բայց բոլորս էլ աշխատում ենք գումարի համար, այդ դեպքում ինչպե՞ս եք վաստակում:
-Երգ գրելով ու գործիքավորելով:
-Ժամանակին գեղեցիկ ռոմանսներ էիք գրում, ինքներդ էլ կատարում էինք, հիմա ուրիշների՞ն եք տալիս Ձեր երգերը:
-Շատ քիչ եմ ուրիշներին տալիս, որովհետեւ ուրիշներն էլ չեն երգում արդեն: Իսկ այն ժամանակ, երբ մենք երգում էինք, կար նորմալ հանդիսատես: Հիմա չգիտեմ՝ այդ հանդիսատեսին ինչ է եղել, ուրիշ բաների են ձգտում: Ես չեմ ճանաչում շոու բիզնես հասկացությունը Երեւանում:
-Իսկ ո՞րն էր Ձեր գործունեությունն անսպասելիորեն դադարեցնելու պատճառը:
-Առաջ եկավ sms հասկացողությունը, հեռուստաընկերություններ, որոնք սկսեցին ուրիշ բաներ ցույց տալ: Այնքան սերիալ ցույց տվեցին, որ երաժշտական հաղորդումներին քիչ տեղ մնաց: Մարդիկ էլ սկսեցին սերիալ նայել, ուրիշ երաժշտություն լսել: Խոսքը միայն իմ մասին չէ, տասնյակ երգիչներ կան, որ շուտվանից ոչ մի պրոդուկտ ցույց չեն տալիս: Թող մեծամտություն չթվա, բայց ես պատկանում եմ այն երգիչների շարքին, որոնց դեպքում պարտադիր չէ տարին 8 հատ կլիպ նկարել: Նույնիսկ քիչ աշխատանքի դեպքում ես տեսնում եմ այդ փոխհատուցումը:
-Մտավախություն չկա՞, որ այդպես շարունակելու դեպքում գուցե եւ Ձեզ մոռանան:
-Կա, բայց ես շփվում եմ իմ ունկնդիրների հետ “Ֆեյսբուք”-ով, YouTube-ով, այլ կայքերով, նրանք մեկնաբանություններ են գրում…
-Որեւէ ռեստորանում կամ ակումբում աշխատո՞ւմ եք:
-Ո՛չ, ժամանակին մի շարք տեղերում աշխատում էի, հետո որոշեցի ոչ մի տեղ չաշխատել: Որոշ ժամանակ անց կրկին որոշեցի աշխատել, մի տեղ աշխատեցի 1 ամիս ու դուրս եկա:
-Ո՞րն էր խնդիրը:
-Խնդիրը տնօրենների մեջ է. իրենց պետք են ապուշ երգեր, որ իրենց ապուշ ռեստորաններին ,զակազներե ապահովեն: Իրենց ,Ափսոսե ու ,Անվերնագրերե պետք չեն: Իսկ ես չեմ ուզում դեմ գնալ սկզբունքներիս: Նոր, իրենց պահանջի երգեր ստեղծելու համար պետք է կրկին փող ծախսես, ինչ արել ես, ամբողջը ջնջես ու սարքես ուրիշ երգեր, որ ծառայեն էդ ակումբներին ու փող աշխատելուն:
–Ձեր կատարած երգերը նրանց ֆորմատներին համապատասխա՞ն չեն:
-Այդ մի ամիսը, որ աշխատեցի, տեսա, որ մարդիկ շատ մեծ սիրով ընդունում ու լսում են, բայց տնօրինությունը վերջում դնում տեսնում է՝ ով ինչքան պատվեր ու գումար է բերել իր օբյեկտին, ու դրանով որոշում՝ ով է իրեն պետք, ով` ոչ:
շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 570 համար