Է´լ բանվոր ենք, է´լ նկարիչ ու դիզայներ. «Թատրոն 32»-ում սցենարները մնում են թղթի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոն 32»-ում օր օրի նոր սցենարներ են գրվում, որոնք, սակայն, այդպես էլ մնում են թղթին: Դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ մասնավոր միջոցներով գումար ապահովելը բավական դժվար է: Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրենք այժմ սպասողական վիճակում են. «Մենք ինքնաֆինանսավորվող կառույց ենք եւ պետք է կարողանանք սեփական ուժերով բեմադրել ներկայացումներ, վճարել դերասաններին, դեկորացիաներ ձեռք բերել… Դե, մնացածը սովորել ենք` է՛լ բանվոր ենք, է՛լ նկարիչ ու դիզայներ. դրա համար չենք վճարում»,-ծիծաղելով ասաց նա:

Վահագնի խոսքով` իրենց պես մասնավոր թատրոնի համար այսօր շատ դժվար է մուտք գործել գվազդային շուկա. «Դա բավական թանկ հաճույք է: Մեր թատրոնի համար, որի դահլիճն ունի 300 նստատեղ եւ, օրինակ, մեկ մանկական ներկայացումից մաքսիմում կարող է աշխատել 300 հազար դրամ, գովազդի րոպեավճարը կազմում է նույնքան, որքան, ասենք, առաջատար բջջային օպերատորներից մեկի համար: Հիմա ի՞նչ անենք, եթե չենք կարողանում այդքան վճարել. մեզ մնում է հրավերներ ուղարկել եւ օգտվել սոցցանցերի հնարավորություններից»,- մեկնաբանեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Վահագնի խոսքով՝ իրենց թատրոնում ստեղծագործական մտքի կրիզիս չկա. «Եթե պետական թատրոնները կարող են կրեատիվ մտքերի պակասից դժգոհել, մեզ մոտ նման խնդիր չկա: Դերասաններն էլ իրենց կողմից կոմպրոմիսի են գնում եւ համաձայնում իրենց հատկացվող վարձավճարի չափին»,- ասաց նա:

Թատրոնի հիմնադիրը շեշտեց, որ այսօր իրենց պարագայում շահույթ ապահովելը բացառվում է. հազիվ կարողանում են փակել անհրաժեշտ ծախսերը:

«Այդ դեպքում ինչի՞ հաշվին է գոյատեւում թատրոնը»,- հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ Վահագնը նշեց. «Ուզում ենք մի նորմալ գործով զբաղվել, չանե՞նք, փակվե՞նք: Հույս ունենք, որ այս խնդիրը հետագայում կկարգավորվի: Բայց միայն հույս ունենք, ուրիշ ոչինչ»:

Իսկ հարցին, թե արդյոք հնարավոր չէ թատրոնը ֆինանսավորելու հարցում շահագրգռել գործարարների, Վահագնը պատասխանեց. «Դե, գործարարն էլ պետք է շատ սիրի թատրոնը… Բացի այդ` ինքը պետք է իր շահը ունենա: Իսկ շահույթի այն չափերը, որ մենք ենք ապահովում, իրեն առայժմ չեն հետաքրքրում: Ուստի հուսով ենք, որ մի օր մեզ կնկատեն, ինչպես ասում են, տաշած քարը գետնին չի մնա»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս