Իջևանի քաղաքապետարանը վատնել է բյուջեի միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ընթացիկ տարվա համար պետական գերատեսչությունների կողմից իրականացված գնումներին: Եւ գրեթե բոլոր դեպքերում պետական կառույցները թույլ են տվել գերավճարներ եւ արդյունքում մնացել են անպատիժ: Այս անգամ «Ժողովուրդ»-ն ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետարանի 2016 թվականի գնումները:

Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմը մյուս պետական գերատեսչությունների նման նույնպես բենզինի գնման գործընթացում գերավճար է թույլ տվել: Օրինակ՝ գնել է 7000 տոննա բենզին, ինչի դիմաց վճարել է 3 մլն 80 հազար դրամ: Ըստ փաստաթղթերի՝ Իջեւանի քաղաքապետարանը 1 լիտր բենզինի համար վճարել է 440 դրամ: Մինչդեռ ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինը վաճառվում է 380 դրամով: Այս մասին արդեն բազմիցս «Ժողովուրդ»-ը բարձրաձայնել է, սակայն պատկան կառույցները կարծես թե անդրդվելի են: Նույնիսկ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը 440 դրամով չի վաճառվում:

Այսինքն՝ ստացվում է, որ բենզինը 60 դրամով թանկ է գնվել, ինչի արդյունքում վճարվել է շուրջ 420 հազար դրամ ավել գումար: Ի դեպ, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համար, լինի դիզելային վառելանյութ, թե բենզին, նույն գինն ունի: Այսպես՝ 2016 թվականի համար Իջեւանի քաղաքապետարանը գնել է 3000 տոննա դիզելային վառելանյութ՝ 1 մլն 320 հազար դրամով: Մեկ լիտր դիզելային վառելանյութը գնվել է 440 դրամով, այնինչ՝ այն վաճառվում է 370 դրամով: Իսկ եթե մեկ լիտր դիզելային վառելանյութը գնվեր 370 դրամով, ապա Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմը կտնտեսեր 210 հազար դրամ, որը մարզային կառույցի համար այդքան էլ փոքր գումար չէ:

Ստացվում է՝ ե՛ւ բենզինի, ե՛ւ դիզելային վառելանյութի գնման ընթացքում Իջեւանի քաղաքապետարանը 630 հազար դրամ ուղղակի կերպով գրպանել է: Քանի որ խիստ կասկածելի է, որ Իջեւանի քաղաքային իշխանությունը տեղյակ չի եղել ընդհանրապես բենզինի գներից: Չէ որ հենց այս տարեսկզբին մեծ աղմուկով բարձրաձայնվեց, որ բենզինի գները Հայաստանում նվազել են: Իսկ Իջեւանի քաղաքապետարանը 2016 թվականի գնումների պլանը հաստատել է այս տարվա փետրվարի 12-ին, երբ բենզինի գներն արդեն նվազել էին: Էլ չասած, որ Իջեւանի քաղաքային իշխանությունները ցանկության դեպքում կարող էին հարեւան Վրաստանից գնել զգալիորեն էժան վառելիք` այդպիսով տնտեսելով համայնքային միջոցները: Թեեւ հայտնի իրողություն է, որ մեր երկրում բենզինի, դիզելային վառելանյութի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս Օիլ» ընկերությունները պարզապես խոչընդոտում են այլ աղբյուրներից բենզին գնելը:

Բացի այս՝ քաղաքապետարանը գնել է նաեւ անիվներ, մարտկոցներ, շարժիչի յուղ, որոնց համար ծախսվել է 600 հազար դրամ: Մոտ 2 մլն 600 հազար դրամ հատկացվել է հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար: Ըստ այդմ, քաղաքապետարանը գնել է ցեմենտ, բահ, քլունգ, լոմ, ճանապարհների գծանշման ներկ եւ այլն: Իսկ 1250 հատ վարդի տնկի գնելու համար ծախսվել է 0.5 մլն դրամ, մոտ 1.5 մլն դրամ էլ՝ գրասենյակային նյութեր ձեռք բերելու համար:

Ընթացիկ տարվա ընդհանուր ծառայությունների համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է մոտ 34.5 մլն դրամ, որից ֆիքսված հեռախոսակապի համար՝ 1 մլն 600 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար՝ 2 մլն դրամ, քաղաքային լուսավորության համար՝ մոտ 12 մլն դրամ, գազի համար՝ 150 հազար դրամ, ջրամատակարարման եւ ջրահեռացման համար՝ մոտ 2 մլն դրամ, մասսայական միջոցառումների համար՝ 9.5 մլն դրամ: Իսկ թե այսքան գումարով կոնկրետ ինչ միջոցառումներ են կազմակերպվելու, հայտնի չէ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Իջեւանի քաղաքապետը նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է, ով քաղաքապետի ընտրություններից առաջ անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս