2014թ. հունվարին Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանը կքննարկի “Չրաղովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի” դատական հայցը: Այս մասին regnum .ru-ին հայտնել է Եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը: “Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի կապված է ԼՂ-ից ադրբեջանցիների բռնի տեղահանման հետ: Եվրոպական դատարանը հայցը հիմնավորված է համարել եւ ընդունել է քննության”,-ասել է Ասկերովը՝ հավելելով, որ Եվրադատարանն այս անգամ կորոշի տեղահանվածներին փոխհատուցվող գումարի չափը:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԵԴ-ն, Բաքվի, Սումգայիթի, Գանձակ-Կիրովաբադի ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքները մոռացության մատնելով, առաջնահերթ իր քննության առարկան դարձրել ադրբեջանցիների հայցադիմումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանի հայտարարությունները մեզ համար հիմք հանդիսանալ չեն կարող: Մենք մեր վերաբերմունքն այդ հարցի շուրջ կարտահայտենք, երբ Եվրադատարանի պաշտոնական հայտարարությունն ունենանք:
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանը սովոր է կեղծ, անգրագետ փաստաթղթեր ուղարկել Եվրադատարան, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում հայկական հայցադիմումները մերժելու, դատական գործընթացներում պարտվելու համար: Եվրադատարանը հավանաբար այս սկզբունքով է անընդունելի համարում տեղահանված հայերի գանգատը, քանի որ մեր երկրին Եվրոպայում ագրեսոր են ճանաչում: Նշեմ, որ ԵԴ-ն նույն կոռումպացված համակարգն է, ինչ Հայաստանի դատական համակարգը: Լոնդոնի փաստաբանների պալատի հետ համատեղ ԵԴ-ն փողեր է լվանում: Ուստի Ադրբեջանն էլ, լինելով նավթային խոշոր տնտեսություն ունեցող երկիր, չունենալով գումարային ոչ մի խնդիր, կարողանում է գնել ԵԴ-ին: Իսկ ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա ադրբեջանական կողմի հայտարարությունն ապացուցում է իմ՝ Եվրադատարանի նկատմամբ ունեցած անվստահությունը, քանի որ, ըստ հայեցակարգի, ոչ ոք դատական նիստերի վճիռների մասին նախօրոք տեղեկություններ ունենալ չի կարող:
ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Եվրոպայի մարդու իրավունքների
միջազգային դատարանի փաստաբան
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 570 համար