ՈՐ ԵՐԵԽԱՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԵԾԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի կեսերին Երեւանում անցկացվեց Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության միջազգային մրցաշար, որին այս անգամ մասնակցեցին Հայաստանի եւ Վրաստանի մարմնամարզիկները:
Իսկ թե ինչու այլ երկրներից մասնակիցներ չկային, ,Ժողովուրդե-ը փորձեց պարզել օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանից: 
-Պետք է Սիրիայից էլ գային, սակայն ճանապարհին ինչ-որ բան էր պատահել, եւ պատվիրակությունը հետ էր վերադարձել: Իսկ ընդհանրապես բոլոր հաղթողները մերոնք էին: Սա տասնմեկերորդ մրցաշարն է, ամեն տարի անցկացնում էինք, միայն անցյալ տարի թե՛ Հրանտ Շահինյանի, թե՛ իմ անվան մրցաշարերը չանցկացվեցին. գումար չունեինք, օլիմպիական խաղերն էին:
-Աշխատանքներ տարվո՞ւմ են, որպեսզի մրցաշարի աշխարհագրությունն ընդարձակվի: 
-Ե՛վ մենք ենք ցանկանում, ե՛ւ տարբեր երկրներից շատերը գալու մեծ ցանկություն ունեն, բայց համապատասխան գումար չկա (ֆեդերացիային տարեկան տրամադրվում էր 30 միլիոն դրամ, այս տարի այն ավելացվել է 5 միլիոնով): Մասնակիցներն իրենց միջոցներով գալիս են, այստեղ կեցության եւ սննդի հարցը մենք պիտի լուծենք, բայց…
-Բացի ֆինանսականը, ի՞նչ այլ խնդիրներ կան:
-Եթե նույնիսկ կարողանանք հրավիրել շատ մասնակիցների, եւ նրանք ընդունեն մեր հրավերը, կարողանանք լուծել կեցության, սննդի հարցերը, միեւնույն է, նման հնամաշ գործիքներով, ինչպիսին մերն է, պարզապես ամոթ է լուրջ մրցումներ անցկացնել: Նույնիսկ կան այնպիսի գործիքներ, որոնք մեր մարզիկները չեն էլ օգտագործում: Մեր գործիքները տասներկու տարվա են, մարզադպրոցը նույնպես վերջին անգամ վերանորոգվել է տասներկու տարի առաջ` ՀՀ երկրորդ նախագահի ջանքերի շնորհիվ: Հիմա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, չի մտածում այն մասին, որ նոր գործիքներ ձեռք բերենք: Լավ, չտեսնված երեխաներ, 13-14 տարեկան տղաներ կան, բայց նման գործիքների վրա պարապելով, առանց մրցումների փորձ ունենալու` կարող են պարզապես կորցնել ամեն ինչ: Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար պետք է ամբողջական թիմ ուղարկես, որ գնան, փորձ ձեռք բերեն, բայց մի հոգի եմ ուղարկում գումար չլինելու պատճառով: Դժվարանում ենք, երբ ո՛չ հովանավոր ունենք, ո՛չ էլ մեծ գումարներ, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները կատարել: Մի քիչ գեղեցիկ էլ չէ, որ Հրանտ Շահինյան, թող անհամեստ չհնչի, Ալբերտ Ազարյան ունենք, բայց մարմնամարզության մարզադպրոց չունենք: Մինչդեռ ԽՍՀՄ տարիներին 230 մարզական կազմակերպությունում մարմնամարզության խմբեր են գործել: Խմբակներ էին գործում ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցներում, ինստիտուտներում: Նախորդ տարիներին 100 երեխայից 2 հոգի էինք ընտրում, իսկ հիմա, ուզենք-չուզենք, բոլորին պետք է ընդունենք. ուզում ենք, որ երեխան դաստիարակվի, տղամարդ մեծանա: 
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 570 համար




Լրահոս