Իշխանությունները ցանկանում են «միջանկյալ» թուլացնել ընդդիմությանը. ինչ են ծրագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ուժերը ներկա փուլում առավել կենտրոնացած են 2017 թվականին կայանալիք ընտրությունների վրա` բացառությամբ իշխանությունների, որոնք մինչ այդ ծրագրում են ընդդիմությանը «միջանկյալ» թուլացնել:

Բանն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս քաղաքները Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ կարեւոր նշանակություն ունեն, ինչը բնական է: Ի վերջո, հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներն են, ու դրանցում տիրող տրամադրությունները չեն կարող իրենց մարզերի եւ, ընդհանրապես, հանրապետության ընդհանուր տրամադրությունների վրա չազդել: Մյուս կողմից Գյումրիում եւ Վանաձորում վերջին բոլոր համապետական ընտրություններում, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ մշտապես հաղթել է ընդդիմությունը: Օրինակ՝ հանրաքվեի ժամանակ «այո»-ի քվեները Վանաձորում կազմել էին 12 հազար 678, այն դեպքում, երբ «ոչ»-ը եղել է 21 հազար 944, Գյումրիում «այո»-ի քվեները կազմել էին 16 հազար 701, «Ոչ»-ինը՝ 21 հազար 818:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Գյումրիում եւ Վանաձորում, եթե սեպտեմբերին քաղաքապետի ընտրություններ տեղի ունենան, ապա ընդդիմությունը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Բնականաբար ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ իրադարձությունների զարգացման նման ընթացք թույլ չտալու համար: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ համակարգը: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Գյումրիում եւ Վանաձորում եւս քաղաքապետներն այլեւս ուղղակի չեն ընտրվի, այլ նրանց կընտրի ավագանին, ինչպես Երեւանում: Այսինքն՝ ԸՕ նախագծով նախատեսվում է սեպտեմբերին հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում ոչ թե քաղաքապետի այլ միայն ավագանու ընտրություններ անցկացնել, որոնք տեղի կունենան համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ դրանց մասնակցելու իրավունք կունենան միայն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

Ի տարբերություն Երեւանի, որի ավագանին կազմված է 65 անդամից, Գյումրիի եւ Վանաձորի դեպքում առաջարկվում է ավագանիների թիվը սահմանել 33: Այսինքն՝ այս քաղաքներում իշխանափոխություն իրականացնելու համար ընդդիմությունը պետք է կարողանա քվեարկության արդյունքներով մեծամասնություն կազմել: Ավելին՝ ընդդիմադիր ուժերից մեկը պետք է միանշանակ առաջատար լինի, այսինքն՝ ավելի շատ քվե ստանա, քան ՀՀԿ-ն կամ որեւէ այլ իշխանական ուժ: Բանն այն է, որ ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, Գյումրիի եւ Վանաձորի պարագայում եւս գործելու է, այսպես կոչված, «բոնուսի» գաղափարը: Ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու են այն կուսակցությունները, որոնք նվազագույնը 6 տոկոս քվե են ստացել, իսկ դաշինքների դեպքում 8 տոկոս: Եթե ավագանու տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է մեկ կուսակցություն, բայց նրա մանդատները բավարար չեն բացարձակ մեծամասնություն ունենալու համար, ապա այդ կուսակցությունը ավտոմատ ստանում է մանդատների կեսից ավելին: Իսկ եթե երկու կուսակցություն, կուսակցությունների դաշինք են ստանում ձայների 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ:

Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը պետք է կարողանա իր մարտավարությունն այնպես կազմակերպել, որպեսզի եթե իրենց չհաջողվի էլ 40 տոկոսից ավել քվե ստանալ, ապա գոնե առաջինը չլինի ՀՀԿ-ն կամ որեւէ այլ իշխանական ուժ:

Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին ընդդիմության չմասնակցելը կլինի նվեր իշխանություններին, քանի որ այդ դեպքում մի քանի ամսից կայանալիք ԱԺ ընտրություններով իրենց ցանկալի խորհրդարան ձեւավորելը նրանց համար կդառնա խաղ ու պար: ՀՀ իշխանությունների հիմնական հաղթաթուղթը ընտրողների հուսալքվածությունն է: Այսինքն՝ քանի դեռ հանրության շրջանում գերիշխող են «ոչինչ չի փոխվի», «ընտրություններով հարց չի լուծվի», «ով ինչ ուզի, ընտրի, իրանք իրենց ուզածն են գրելու» եւ համանման մտքերը, ապա իշխանությունների համար ընտրություններն իր համար ցանկալի ելքով կազմակերպելը զուտ տեխնիկայի հարց է:

Իսկ բավական է՝ ընտրողների մեծամասնությունը սկսի հավատալ իր ուժերին, անմիջապես իրավիճակը փոխվում է ի վնաս իշխանությունների: Գյումրիի եւ Վանաձորի նշանակությունն այս տեսանկյունից անգնահատելի է: Եթե իշխանություններն այս քաղաքների ՏԻՄ ընտրություններում կարողանում են իրենց ցանկալի արդյունքն ապահովել, ապա հուսալքության հերթական ալիքը կբարձրանա, որը կտարածվի ողջ հանրապետությունով մեկ եւ 2017 թվականի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում այն հաստատ ցրված չի լինի:

Բնականաբար, եթե իշխանությունները Գյումրիում եւ Վանաձորում տապալվեն, ապա դա նրանց համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Հենց այս գիտակցումն է նրանց ստիպում այդ քաղաքներում ՏԻՄ ընտրությունների եւ կառավարման կարգը փոխել: Ինչեւէ, ժամանակը ցույց կտա, թե ով կհաջողի ապագա քաղաքական գործընթացներում, բայց փաստ է, որ Գյումրին եւ Վանաձորն ընդդիմության համար լուրջ հեռանկարներ են ստեղծել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս