ՀՀ-ում ընդդիմադիրները պատրաստ չեն համախմբման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի «սուպեր երեքշաբթին» եւ մարտի 3-ի հանրապետականների բանավեճը Միչիգանում խելահեղ պայքարի նոր ճակատներ սահմանեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում: Խաղաղ մթնոլորտում ընթացող դեմոկրատների պայքարին հակառակ` Հանրապետական կուսակցությունում քաոսը շարունակվում է: Միմյանց հանդեպ սուր եւ անգամ անձնական վիրավորանքների հասնող քննադատությամբ հանդերձ` նախագահի պաշտոնի համար պայքարողները պատրաստակամ են սատարել ընտրողների ամենամեծ վստահությունը վայելող միասնական թեկնածուին: Մի բան, որ ՀՀ-ում շարունակաբար տեղի չի ունենում 1996թ. հետո:

«Սուպեր երեքշաբթիից» հետո պարզ դարձավ, որ Թրամփի hաղթարշավը կանգնեցնելու համար հանրապետական «բոսերի» ծրագրերը ձախողվում են մեկը մյուսի հետեւից: Այդ իսկ պատճառով խաղի մեջ ներքաշվեց 2012թ. հանրապետականների միասնական թեկնածու Միթ Ռոմնին, որին նույն շրջանում սատարում էր նաեւ Թրամփը: Վերջինիս Ռոմնին անվանեց կեղծ պահպանողական, որը հաշիվ չի տալիս իր ասածների ու արածների համար: Հանրապետականների շրջանում հեղինակավոր Ռոմնին կոչ արեց մյուս թեկնածուներին միավորվել` կասեցնելու համար Թրամփի առաջխաղացումը: Ռոմնիին միացավ նաեւ 2008թ. հանրապետական թեկնածու Ջեն Մաքքեյնը: Իսկ Առնոլդ Շվարցենեգերն էլ հանդես եկավ Քեյսիքին սատարելու հայտարարությամբ: Հանրապետական գրեթե բոլոր ուժերը ներգրավված են Թրամփի հաղթարշավը տապալելու գործում, ինչը, սակայն, ներկայիս հարցումների համաձայն` գործնական արդյունք չի տալիս:

Զգալիորեն բարդ իրավիճակ է առաջացել նաեւ 2-3 տեղերում ընթացող Քրուզի եւ Ռուբիոյի պայքարում: Վերջինս, համարվելով կուսակցական «բոսերի» ֆավորիտը, «սուպեր երեքշաբթիին» հաղթեց միայն 1 նահանգում` ի հեճուկս Քրուզի 3 նահանգներում տարած հաղթանակի: Ավելին` Քրուզը կարողացավ ջախջախել Դոնալդ Թրամփին իր հարազատ Թեքսասում, ինչը ավելի է դժվարացրել Ռուբիոյի դրությունը, քանզի վերջինս իր հարազատ Ֆլորիդայում զգալիորեն զիջում է Թրամփին: Եթե Ռուբիոն չկարողանա մարտի 15-ին Ֆլորիդայում տեղի ունենալիք քվեարկության ժամանակ հաղթել Թրամփին, ապա նա եւս ստիպված կլինի հավաքել ճամպրուկները: Իսկ 4-րդ տեղում ընթացող Օհայոյի նահանգապետ Քեյսիքն էլ ձգտում է Թրամփին հաղթել իր հարազատ նահանգում` հավակնելով դառնալ կուսակցական «բոսերի» վերջին հույսը Ֆլորիդայում Ռուբիոյի հավանական թվացող ձախողումից հետո: Նկատելի է, որ կուսակցական ղեկավարությունը լուրջ վերապահումներ ունի նաեւ Քրուզի նկատմամբ, որն ԱՄՆ սենատորների շրջանում վստահություն չի վայելում: Իրադարձությունների ընթացքը հուշում է, որ Քրուզը կարող է դառնալ Թրամփի դեմ պայքարի միավորող առանցքը:

Հարկ է հստակեցնել, որ «սուպեր երեքշաբթին» մեծացրեց Դոնալդ Թրամփի շանսերը նոյեմբերին սպասվող ընտրության ժամանակ դառնալու կուսակցության միասնական թեկնածուն: Թրամփի հաղթանակը ոչ միայն ուշագրավ է քանակային առումով, այլեւ որակական: Խնդիրն այն է, որ հանրապետականների առաջատարը մրցակիցներին հաղթում է 15-20 % առավելությամբ, ուստի նրան հնարավոր է կանգնեցնել բացառապես մեկ դեպքում, եթե մնացյալ 4 թեկնածուները միավորվեն: Իսկ միավորումն այն է, ինչ տենչում է Հանրապետական կուսկացության ղեկավարությունը: Հվ. Կառոլինայի սենատոր Լինդսի Գրեմը, որ դեռ դեկտեմբերին էր դուրս եկել ընտրապայքարից, ապա աջակցել Ջեբ Բուշին, հայտարարել է, որ հանրապետականների իրական համախմբում հնարավոր է ներկա պահին երկրորդ տեղով ընթացող Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի շուրջը: Գրեմը նկատել է, որ հուլիսին Քլիվլենդում կայանալիք Հանրապետական մեծ համաժողովի ժամանակ միասնական թեկնածու առաջադրելիս իրենք պարտավոր են ենթարկվել քվեարկողների կամքին, եւ եթե վերջնարդյունքում առաջինը լինի Թրամփը, նրա հետ չեն կարող անարդար վարվել եւ այլ թեկնածու ընտրել: Ի դեպ, Հանրապետական մեծ համաժողովի նախագահ, կուսակցության բարձրագույն ներկայացուցիչներից համարվող Ռիենս Փրայբուսն էլ, անդրադառնալով պնդումներին, թե Քլիվլենդի համաժողովում կարող են Թրամփից «գողանալ» հաղթանակը, միանշանակորեն մերժել է նման հեռանկարը:

Նա եւս շեշտել է, որ եթե հաղթող դարձավ Թրամփը, նրա շուրջ էլ միավորվելու է ողջ Հանրապետական կուսակցությունը: Թրամփի շուրջ անհավանական թվացող կոնսոլիդացիան պաշտպանել են նաեւ նրա մրցակիցները` նախօրեին կայացած բանավեճի ժամանակ: Պատասխանելով Թրամփի հաղթանակի դեպքում նրան սատարելու հավանականությանը` Ռուբիոն, Քրուզն ու Քեյսիքը հավաստիացրել են, որ պարտավոր են սատարել կուսկացության միասնական թեկնածուին, ով էլ որ նա լինի:
Հետաքրքիր է, որ ՀՀ-ում միասնական թեկնածուին սատարել ստացվում է միայն իշխանական ճամբարում:

Ընդդիմությունը 1998թ. ընտրություններից ի վեր երբեք հանդես չի եկել մեկ միասնական թեկնածուով` հնարավորություն ստեղծելով իշխանությունների համար բաժանել ընդդիմադիր ճամբարը եւ հաղթող ճանաչվել: Ամենացայտուն օրինակը 2003թ. նախագահական ընտրություններն են, երբ ընդդիմադիր համարվող գործիչները պարզապես մանեւրելու տեղ չունեին, եւ երկրորդ փուլ անցած Դեմիրճյանին չպաշտպանելն ինքնաբերաբար Քոչարյանին ուղղված աջակցություն էր նշանակում: Եվ այնժամ ծայրահեղ ընդդիմադիր, իսկ այսօր արդեն ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանը հրաժարվեց սատարել երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին:

Հետագայում պիտի Սերժ Սարգսյանը «մեկ զրո ավելի պակասի» մասին հայտարարություն աներ, որ տեղեկանայինք, թե ինչու Գեղամյանը չաջակցեց ինքնաբերաբար միասնական թեկնածու դարձած Դեմիրճյանին: Փաստ է, սակայն, որ ՀՀ-ում ընդդիմադիրները պատրաստ չեն համախմբման, իսկ ԱՄՆ-ում միմյանց կարող են անվանել դատարկախոս, ստախոս, անկիրթ, մոլեռանդ, եւ այլն, սակայն կուսակցական սկզբունքներն ու ընտրողների դիրքորոշումը անբեկանելի են ցանկացած թեկնածուի համար:

Ն. Հովսեփյան




Լրահոս