Անվճար բժշկական հետազոտություններ` անօթեվանների կացարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է  դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` խնամքի տակ գտնվող անօթևանները նշել են, որ տևական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել բժշկի, կամ դեղորայք գնել:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած  ծրագրով պարբերաբար նմանօրինակ առողջապահական միջոցառումներ են կազմակերպվել: Բացի այդ, առողջական յուրաքանչյուր խնդրի դեպքում կացարանում բնակվող անօթևաններին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:  
Ռուզաննա Զաքարյանը նաև նշել է, որ մինչ օրս կացարան է տեղափոխվել 188 անօթևան: Քայլեր են ձեռնարկվել նաև անօթևանների զբաղվածության հարցի լուծման և աշխատանքի տեղավորման  ուղղությամբ: Ըստ այդմ, 30 շահառու, աշխատանք գտնելով, անցել է ինքնուրույն է կյանքի: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների շնորհիվ 38-ը վերադարձել է ընտանիք, 8 հոգի էլ, ժամանակավոր կացարանում նոր ընտանիք կազմելով, տեղափոխվել են վարձակալած բնակարաններ, ևս 6-ը՝ մասնագիտացված տուն-ինտերնատ: ՀՀ մարզերից եկած և ՌԴ քաղաքացիություն ունեցող 13 անօթևան էլ վերադարձել են իրենց բնակավայր: Այժմ կացարանում բնակվում է 44 շահառու:
Երևանի քաղաքապետարանի և հայ-դանիական ,Հանս Քրիստիան Կոֆոեդե բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում լուծվել են անօթևանների ոչ միայն կացարանի, այլև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս