ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԶՈՀԱԲԵՐԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն դիլեման մոտենում է իր հանգուցալուծմանը, եւ այդ ընթացքում թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, թե՛ երկրի ներսում զարգացող նշանակալի գործընթացները ցույց են տալիս, որ  այդ հանգուցալուծումն անցավ չի ընթանալու ո՛չ ընդհանուր առմամբ մեր երկրի, ո՛չ էլ այն ղեկավարող առանձին պաշտոնյաների համար: Արդեն իսկ արեւմտյան գործչի համարում ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ կատարվող իրադարձությունները շատերը  դիտարկում են հենց այդ համատեքստում` բավականին հարցահարույց համարելով այն իրողությունը, որ վարչապետի անվամբ գրանցված կիպրոսյան օֆշորային  ընկերության հետ կապված սկանդալը բացահայտվեց  այն բանից հետո, երբ ռուսական հատուկ ծառայությունները  սկսեցին զբաղվել ճգնաժամի մեջ հայտնված Կիպրոսում հանգրվանած ռուսական միլիարդների ճակատագրով` այդ ընթացքում բավականին հետաքրքիր բացահայտումներ անելով: Մյուս կողմից էլ կառավարության ղեկավարի  նկատմամբ սկսեց գործարկվել ներիշխանական գործիքակազմը` Վերահսկիչ պալատի նախագահի բացահայտումների եւ դրանց հետ կապված Ազգային ժողովի նախագահի  հայտարարությունների տեսքով: Իսկ վերջին օրերին էլ արդեն տարբեր պրոռուսական քաղաքական գործիչներ սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանն առնվազն պետք է ժամանակավոր արձակուրդ գնա` մինչեւ կպարզաբանվեն նրա անվան հետ կապված սկանդալային դեպքի բոլոր մանրամասները: Ուշագրավ է, որ այս ամենին առայժմ լուռ հետեւող Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակավ որեւէ գնահատական հնչեցնել, ըստ երեւույթին` երկրի ներսում էլ փորձելով խաղարկել «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքը  եւ սպասել պրոցեսների  ինքնահոս ընթացքին` կողմնորոշվելու համար, թե ի վերջո  երբ եւ ինչի դիմաց կարող է «ժերտվա տալ» վարչապետին, եւ արդյոք ընդհանրապես արժե դա անել: Անշուշտ, քաղաքական շախմատի գիտակի համբավ ունեցող Ս. Սարգսյանը կարող է վարչապետի  ֆիգուրին  ճիշտ պահին զոհաբերելով` մի կարճ ժամանակով ընդլայնել իր մանեւրելու հնարավորությունը, սակայն արդյոք դրանից հետո` նոր վարչապետի թեկնածուի ընտրության հարցում, էլ ավելի մեծ խնդիրների առջեւ չի կանգնի: Ամեն դեպքում, Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ս. Սարգսյանի հնչեցրած շեշտադրումները, թե «մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ի, այլ «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքի վրա», եւ դրան հետեւած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հստակ պատասխանը, թե «Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու տնտեսական գոտիների միջեւ», ցույց է տալիս, որ մինչեւ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք  Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է նախաստորագրել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, կարող է եւ շատ բան փոխվել: Համենայնդեպս` թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի կողմից նոր ճնշումների պակաս չի լինի: Եվ այդ գործընթացին դիմակայելու համար զոհաբերվող ֆիգուրները հաստատ չեն խանգարի:




Լրահոս