
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներին` «Նաիրիտ» գործարանի պատմությանը, «Հազարամյակի մարտահրավերներ»-ով դասախոսությունների համար ծախսված 14 մլն դոլարի պատմությանն ու «օֆշորգեյթին»: Զարմանալի զուգադիպությամբ, Տ. Սարգսյանը այս թեմաների մասին մանրակրկիտ բացատրություն է տվել այն բանից հետո, երբ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստում կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խոսել Հայաստանում առկա կոռուպցիայի մասին` որպես օրինակ մատնանշելով նաեւ Տ. Սարգսյանի հետ կապված պատմությունները: Բնականաբար, Տ. Սարգսյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ այդ ամենը քաղաքական «սպեկուլյացիաներ» են: Իսկ «օֆշորգեյթի» արդյունքում տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ի՞նչն է հերքում, ի՞նչ է արդարանում: Նա չի կարող արդարանալ»: