Ազգային ժողովի կարգազանց պատգամավորները կարող են հայտնվել դատարանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Լիլիթ Լալայանը մինչև այս շաբաթվա վերջ դիմելու է դատարան, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Ազգային ժողովի միանգամից 7 պատգամավոր:

Հիշեցնենք, որ լրագրողը նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ նիստերի ընթացքում տեսանկարահանել էր, թե ինչպես էին պատգամավորները քվեարկում ուրիշի փոխարեն: Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն էլ փետրվարի 18-ի նիստում որոշել էր, որ պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:

Այսպիսով, կարգազանց պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Սպարտակ Մելիքյանը, ով նիստերից մեկի ժամանակ երկու անգամ քվեարկել էր Մուրադ Մուրադյանի փոխարեն: Ընդ որում, ճարպիկ պատգամավորը հասցնում է քվեարկել և Մուրադյանի և իր փոխարեն: Պակաս ճարպկությամբ աչքի չի ընկել նաև Արշակ Մխիթարյանը, ով կարողացել է նիստերի ժամանակ քվեարկել երկու բացակա գործընկերների` Մուրադ Գուլոյանի և Հրանտ Դավթյանի փոխարեն:

Այլ պատգամավորի փոխարեն քվեարկողների թվին է դասվում նաև ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը: Արտահերթ նիստում իր գործընկերոջ փոխարեն քվեարկությամբ աչքի ընկավ նաև Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով Ազգային ժողովում իր գործունեության ընթացքում ոչ մի հայտարարությամբ աչքի չի  ընկել, սակայն աչքի է ընկնում այլ պատգամավորի փոխարեն քվեարկությամբ:

Անբաժան պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը միմյանց կարողանում են օգնել նաև քվեարկությունների ժամանակ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սեյրան Սարոյանը քվեարկում բացակա գեներալի փոխարեն: Ուրիշի փոխարեն քվեարկելու կարողությամբ աչքի է ընկնում նաև Առաքել Մովսիսյանը, ով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում իր վարքագծի պատճառով:

«Նախ Էթիկայի հանձնաժողովի առաջարկը, ըստ էության, մերժվեց խորհրդարանի կողմից: ԱԺ-ն օրակարգ չմտցրեց Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի հեղինակած նախագիծը, ըստ որի՝ իրար փոխարեն միմյանց փոխարենք քվեարկող պատգամավորները համարվում են կանգազանց: Այս օրինագիծը շրջանառության մեջ մտցնելուց հետո նոր հնարավոր է այդ պատգամավորների նկատմամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարգապահական տույժ կիրառի: Զարուհի Փոստանջյանն օրակարգ մտցնելու հարց էր բարձրացել և ստացել պատասխան, թե մյուս քառօրյայի ընթացքում այդ նախագիծը կմտցվի: Հիմա հույս ունենանք հարցը կքննարկվի, սակայն, հույսեր չկան և մինչև դա ես հայց եմ ներկայացնելու դատարան: Այժմ փաստաբանիս հետ աշխատում եմ հայցի վրա, մինչև այս շաբաթվա ավարտին արդեն հայցը կներկայացնեմ դատարան», – ArmԼur.am-ի հետ զրույցում նշեց լրագրողը:

Հավելենք նաև, որ դեռևս 2014 թվականից ԱԺ-ում է քննարկվում է Զարուհի Փոստանջյանի հեղինակած ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օերնսդրական նախագիծը, որի հեղինակն առաջարկում է օրենքով սահմանել կարգազանց պատգամավորներին պատժելու ձևերը: Նախագծով առաջարկում է, որ մյուս պատգամավորների փոխարեն գրանցվող եւ քվեարկող պատգամավորները կարող են ճանաչվել կարգազանց, իսկ այլ պատգամավորները կարող են դիմել իրավապահներին, որ կարգազանց պատգամավորը գրանցվեց կամ քվեարկեց այլ պատգամավորի փոխարեն՝ կատարելով պաշտոնեական կեղծիք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս