ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն օրերս «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը` հայտարարելով. «Վերահսկիչ պալատը նման գնահատականներով ուղղակի վանում է սկսնակ ձեռներեցներին, նրանց մեջ վախ ու անվստահություն սերմանում պետության հանդեպ: Սա վտանգավոր գործելաոճ է»: ՀՀԿ-ական փոխնախարարի այս հայտարարությունները թերեւս պատահական չեն: Ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունների համար շարունակում են հոգեհարազատ մնալ խորհրդային հին ու բարի ավանդույթները, երբ իշխանությունները խնդիրների մասին չէին խոսում ու փորձում էին թաքցնել` մտածելով, որ այդպես դրանք կվերանան: «Ժողովուրդ»-ը փոխնախարար Մինասյանից փորձեց պարզել, թե ինչով են ՎՊ բացահայտումներն ազդում ձեռներեցների վրա, եւ արդյոք խնդիրները չբացահայտելը դրանք լուծելու եղանակ է: Մինասյանից, սակայն, հստակ պատասխան չստացանք. մեր գրավոր հարցմանը նա հայերեն ու ռուսերեն միաժամանակյա պատասխան էր ուղարկել, որում ասված է. «Մեր վերահսկող համակարգը պետք է սովորի ներել պարտությունները: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե սեփական շահերի համար պետական լծակների օգտագործման եւ յուրացումների մասին է, այլ կառավարության կողմից նորարարական եւ բարձր ռիսկային նախագծերի իրականացման մասին: Համաշխարհային պրակտիկայում տասը նորարարական նախագծից միայն մեկը կամ երկուսն են հաջողություն ունենում, եւ կառավարությունը, աջակցելով սկսնակ գործարարներին, գիտակցում է ռիսկերը եւ ստանձնում դրանց պատասխանատվությունը` նման ծրագրերի մեջ ներդնելով պետական միջոցներ»:




Լրահոս