ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔԵՐԸ ՀԱՎԱՏ ՉՆԵՐՇՆՉԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հին անեկդոտ կա. մեկը զայրացած քայլում է փողոցով: Ընկերը հարցնում է. «Ի՞նչ է պատահել, ո՞ւր ես այդպես զայրացած գնում»: «Մի տարի առաջ հարեւան Օնիկն ինձ բեգեմոնտ է ասել, գնում եմ` գլուխը ջարդեմ»,-պատասխանում է նա: «Մի տարի առաջ է ասել, հիմա՞ հիշեցիր»,-հարցնում է ընկերը: «Չէ՛, ուղղակի գազանանոցից եմ գալիս»,-ասում է զայրացած մարդը: Այս անեկդոտը հիշեցինք կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո:
Տեւական ժամանակ է` ՀՀ վարչապետի անունը շրջանառվում է կոռուպցիոն տարբեր սկանդալների համատեքստում. այդ հարցերը պարբերաբար բարձրացվել են նաեւ խորհրդարանում` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատգամավորների ելույթներում: Եվ ահա Տ. Սարգսյանը որոշել էր մանրակրկիտ բացատրություններ տալ բոլոր մեղադրանքների վերաբերյալ երեկ նոր միայն: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Տ. Սարգսյանն այս թեմային անդրադարձել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ խոսել է Հայաստանում առկա կոռուպցիայի մասին ու որպես օրինակ մատնանշել նաեւ Տ. Սարգսյանի «օֆշորգեյթը»: Բնականաբար, Տ. Սարգսյանը հերքել է իր անվան հետ կապված բոլոր մեղադրանքները, իր սովորության համաձայն՝ մեղքը գցել ուրիշների վրա` ասելով, որ քաղաքական «սպեկուլյացիաներ» են եւ այլն, եւ այլն:
Տ. Սարգսյանը նախ անդրադարձել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում դասախոսություններ վրա ծախսված 14 միլիոն ԱՄՆ դոլարի մեղադրանքներին: Հիշեցնենք, որ այս հարցը 2012թ. հոկտեմբերին բարձրացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այդ թեմայի մասին խոսելը որակելով «սպեկուլյացիա»՝ Տ. Սարգսյանն ասել է. «Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007թ., երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը: Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են եւ աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ: Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ»:
Տ. Սարգսյանը խոսել է նաեւ «Նաիրիտ» գործարանի խնդրից. այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել է ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: «Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունը ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ: Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ` ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են: Ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի»,-ասել է նա:
Եվ վերջապես, երեկ Տ. Սարգսյանը խոսել է օֆշորային հայտնի սկանդալի մասին. «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, եւ այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որեւիցե անպատասխան հարց չի մնալու, եւ եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, եւ այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի ե՛ւ հասարակությանը, ե՛ւ զանգվածային լրատվության միջոցներին»:
Ինչպես նկատեցիք, վարչապետը որեւէ կոնկրետ փաստ չի ներկայացրել` հերքելու իր հասցեին հնչած մեղադրանքները: Այլ ընդամենը հայտարարել է, որ կապ չունի իրեն վերագրվող պատմությունների հետ ու վերջ: Սա, թերեւս, բնական է: Ընդհակառակը, զարմանալի կլիներ, եթե Տ. Սարգսյանը խոստովաներ իր մասնակցությունը կոռուպցիոն պատմություններին ու մի բան էլ ավելին` ասեր, թե ինչ արել է, լավ է արել: Եվս մեկ կարեւոր արձանագրում. նա խոստացել էր լրատվամիջոցներին տրամադրել փաստաթղթերի փաթեթ` հերքելու իր անվան վերաբերյալ լուրերը: Բայց երեկվա դրությամբ խոստումը չէր կատարվել:
Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հարություն Առաքելյանի հետ, որը բարձրացրել էր «Նաիրիտ»-ի թեման: Վերջինս հայտարարեց, թե վարչապետը բացահայտ ստում է: «Երեւի փորձում է միանգամից մաքրվել բոլոր կեղտերից, բայց դրանով ավելի է կեղտի մեջ խրվում: Ես «Նաիրիտ»-ի հարցով դիմել էի ԱԱԾ եւ գլխավոր դատախազություն: Նրանք որպես իմ դիմումի պատասխան փորձեցին հենց իմ դեմ գործ սարքել` իբր ես ՀՌԱԿ-ին ֆինանսական վնաս եմ տվել: Բայց նրանց փորձը ձախողվեց: Իսկ «Նաիրիտ»-ի եւ այդ սարքովի գործը միացրին իրար ու տվեցին Կենտրոնի մի երիտասարդ քննիչի, որի դարակում էլ մինչ օրս քնեցրած են իրար հետ կապ չունեցող երկու գործեր»,-նշեց նա` պնդելով, որ «Նաիրիտ»-ում իր հաշվարկով գրպանվել է 200 միլիոն դոլարից ավելի գումար:
Իսկ «օֆշորգեյթի» արդյունքում տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց նայել այդ թեմայով «Հետք»-ի հերթական հրապարակումը, որտեղ կան նաեւ լուսանկարներ` վարչապետն Աշոտ Սուքիասյանի եւ ադամանդագործության ու ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: «Ի՞նչն է հերքում: Ի՞նչ է արդարանում: Նա չի կարող արդարանալ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Հայրապետյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս