ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԵՊՀ-ի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստը, իրեն նույնպես մեղավոր համարեց:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Երեւանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու փաստի առթիվ: Պարզվել է, որ նշված բուհի երկու ավագ հաշվապահները 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ եւ դրանք չեն մուտքագրել համալսարանի բյուջե, թեեւ ուսանողներին կտրոններ տրվել են: Ըստ այդմ՝ 2013թ. հունվարի 1-ից բուհում արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրանց հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը: Անգամ ուսանողներից պահանջվել է ուսման վարձերը վճարել բանկային փոխանցման միջոցով:
Ո՞վ է մեղավոր բուհում ստեղծված իրավիճակի համար: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում ԵՊՀ-ում:
-Այս ամենը բացահայտվել է հաշվապահությունում, եւ ես դիմել եմ դատախազություն: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննություն է ընթանում, եւ ամեն ինչ պարզ կլինի քննության արդյունքում:
-Գոնե կարո՞ղ եք կոնկրետ թիվ ասել, թե գանձման արդյունքում որքան վնաս է կրել բուհը:
-Ո՛չ, դժվարանում եմ ասել: Մենք միայն նկատել ենք, որ դա եղել է, ու իրենք դա կատարել են: Իսկ թե ինչքան գումարի մասին է խոսքը, կրկնում եմ՝ դժվար է ասել: Պետք է անդորրագրերը ստուգվեն, մի շարք այլ թղթեր, փաստաթղթեր ստուգվեն եւ համեմատվեն: Իսկ դա երկար ժամանակ է պահանջում, ինչն արդեն համալսարանի գործը չէ: Մենք գտել ենք այդ ամենը, իսկ քննչական մարմինները թող զբաղվեն:
-Չարաշահումների մեջ կասկածվող հաշվապահները երկա՞ր ժամանակ են աշխատում ԵՊՀ-ում:
-Վաղուց են աշխատում մեզ մոտ, սակայն պետք է անկեղծ նշեմ, որ այդ ընթացքում որեւէ բացասական բան չեմ նկատել: Բնավորությամբ բավական բարեհամբույր եւ քաղաքավարի կանայք են: Եթե չհաշվենք այս դեպքը, որեւէ վատ բան այս ընթացքում չեմ տեսել նրանց կողմից:
-Ո՞վ է այս իրավիճակի համար մեղավոր:
-Դա այս ծրագրի թերությունն է: Քանի որ նրանք էլ մասնագիտացված են եւ համապատասխան կրթություն ունեն, երեւի թե այս ծրագրի միջոցով կարողացել են այդ մանիպուլյացիան անել:
-Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, որ բուհից ահռելի չափով գումար են շորթել:
-Ինչ բացասական բան կատարվում է համալսարանում, իհարկե իմ մեղքն էլ կա՝ որպես ղեկավարի: Սակայն խնդիրն այն է, որ շատ դժվար է վերահսկել, քանի որ դա ծրագրային թերություն է: Դրա համար համապատասխան գիտելիքներ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս դա պարզել: Անգամ ամեն տարի մեզ մոտ անցկացվող աուդիտը դա չի կարողացել պարզել: Կատարվածը կարող էր պատահականության հետեւանք լինել կամ պետք է այդ ամբողջը քրքրվի ու պարզվի:
-Դուք Ձեր աշխատակիցների հետ խոսե՞լ եք, պարզաբանում պահանջե՞լ եք նրանցից:
-Այո՛, խոսել եմ: Գիտեք ինչ, մինչեւ քննչական մարմինը չպարզի ամեն ինչ, ես չեմ կարող մարդկանց մեղադրել: Ուղղակի մենք տեսել ենք, որ այդ գումարները չկան: Քանի որ կա անմեղության կանխավարկած, այդ իսկ պատճառով ես ձեռնպահ եմ մնում գնահատական տալուց:
-Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք ԵՊՀ-ի ռեկտորն եք եւ պարտավոր էիք կառավարել բուհն առանց բացթողումների, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեզ էլ պատասխանատվության ենթարկեն: Ի վերջո, խոշոր գումար է յուրացվել եւ այն էլ Ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կողմից:
-Պատասխանատվության բան չկա: Եթե ես դադարեմ վստահել որեւէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի: Ամեն մարդ ունի պարտականություն եւ այն պետք է կատարի պատշաճ կերպով: Իմ պարտականությունը չէ գնալ մտնել մեկի կոմպյուտերի մեջ եւ տեսնել, թե այնտեղ ինչ կա: Բնականաբար, դա իմ պարտականությունը չէ:
-Արդեն աշխատանքից հեռացրե՞լ եք այդ հաշվապահներին:
-Պետք է փաստ ունենամ, հիմա հիմք չունեմ հեռացնելու: Երբ հիմքը լինի, բնականաբար պետք է հեռացնեմ:
Հ.Գ. Նշենք, որ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ