ՓՈՂ ՉԿԱ ԿԱՄ ԿԱ, ԲԱՅՑ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը ՀՀ իշխանությունների կողմից վաղուց արդեն որդեգրված գործելաոճ է: Վերջերս իրենց սոցիալական վիճակը բարելավելու պահանջով բողոքի ձայն բարձրացրած ազատամարտիկների հետ հանդիպելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց խոսք էր տվել մեկ ամիս հետո կրկին հանդիպել եւ փորձել լուծում տալ առաջացած խնդիրներին: Իսկ խնդիրը պարզից էլ պարզ է՝ մի կողմից՝ ազատամարտիկների թոշակների առնվազն կրկնապատկման պահանջ կա, իսկ մյուս կողմից՝ կա պետություն, որը նման դեպքերում միշտ ասում է՝ «բյուջեում փող չկա», եւ չի պատճառաբանում, թե ինչպես է, որ չկա, իսկ եթե պատճառաբանում էլ է, ապա խոսքերի անիմաստ շարաններով:

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝
«ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ»

Այս դեպքը նույնպես բացառություն չէ, համենայնդեպս, հենց ազատամարտիկների ընկալմամբ: «Ուղղաթիռների ջոկատի» հրամանատար Ստեփան Նիկողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Տիգրան Սարգսյանն իրենց պահանջին ընդառաջ կգնա ընդամենը մասամբ եւ կպատճառաբանի, որ պետության ֆինանսական վիճակը հարցերի լիակատար լուծման հնարավորություն չի տալիս: «Երբ մենք կամավոր գնացինք կռվելու, մենք հաշվի չէինք առնում մեր նյութական եւ ընտանեկան վիճակը, ուստի այսօր չենք ուզում լսել այն բառակապակցությունը, թե բյուջեում փող չկա: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,-ասել է Ս. Նիկողոսյանը:
Նույն կարծիքին է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ արտերկրում պատերազմի վետերանների համար բոլորովին այլ պայմաններ են ստեղծված, սակայն մեզ մոտ պատճառաբանում են, թե բյուջեում փող չկա: Վ. Ավետիսյանը չի հավատում այդ պատճառաբանություններին եւ համոզված է, որ բյուջեում փող կա: «Ֆինանս չկա», «փող չկա» պատասխաններն ազատամարտիկներն առաջին անգամը չէ, որ լսում են ՀՀ կառավարությունից: Վ. Ավետիսյանի խոսքով՝ նախկինում՝ մինչ բողոքի ակցիաները նախաձեռնելը, տարիների ընթացքում մի քանի հ/կ-ներ նույն՝ ազատամարտիկների թոշակների հարցով դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն նրանց պատասխանել են, թե ֆինանսական միջոցներ չկան եւ հնարավորության դեպքում թոշակները կավելացնեն, բայց ոչինչ չի արվել:

ՈՉԻՆՉ ՉԷՐ ԱՐՎԵԼ, ԲԱՅՑ
ՕՐԻՆԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագիծը, իհարկե, ներկայացվեց, սակայն Վոլոդյա Ավետիսյանին եւ իր ընկերներին այդ օրինագիծը բացարձակ չի գոհացրել:  Նրանց խոսքով՝ իրենց շահերին հակասում են օրինագծում երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին սահմանումները, որովհետեւ, ըստ օրինագծի, պահանջվում են փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն 1 տարվա ընթացքում: Իսկ ըստ ազատամարտիկների՝ նման ժամկետներ դնելը սխալ է, քանի որ կան բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք որեւէ փաստաթուղթ չունեն, ու եթե նրանցից մեկը մահանա, նրա հարազատներն այլեւս ոչ մի կերպ չեն կարող ապացուցել, որ իրենց հարազատը ազատամարտիկ է եղել:
Ս. Նիկողոսյանը գտնում է, որ անհրաժեշտ էր կազմակերպել օրինագծի հասարակական քննարկում նաեւ իրավաբանների մասնակցությամբ:

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

Խոսելով մինչեւ վարչապետի հետ հաջորդ հանդիպումը ակցիաներ կազմակերպել-չկազմակերպելու մասին՝ ազատամարտիկներն ասել են, որ դեռ հայտնի չէ՝ ակցիաները դադարեցված են, թե ոչ: Գուցե ԱԺ նոր օրինագծի հետ կապված նոր հավաք կազմակերպեն, իսկ արդեն վերը նշված հարցի կապակցությամբ օրերս հանդես են եկել հայտարարությամբ եւ առայժմ սպասելու են արձագանքներին: Ամեն դեպքում, պայքարն ընթանալու է մինչեւ վերջ՝ մինչեւ դրական արդյունքի հասնելը, սակայն միմիայն սահմանադրական ճանապարհով:

ՈՉ ԹԵ ԽՆԴՐԱՆՔ, ԲՈՂՈՔ,
ԱՅԼ ՊԱՀԱՆՋ

«Կոռնիձոր» ջոկատի ազատամարտիկ Կարեն Մելիքսեթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է քաղաքացիների եւ քաղաքական ուժերի կողմից իրենց ակցիաներին մասնակցության եւ աջակցության մասին՝ ասելով, որ աջակցությունն օր օրի բարձրանում է, եւ շատերը հետաքրքրված են խնդրի լուծմամբ, քանի որ դա համարում են պետական անվտանգության հարց: Այդուհանդերձ, Մելիքսեթյանն ասել է, որ իրենք չեն ուզում խնդիրը քաղաքականացնել եւ ընդհանրապես խառնվել քաղաքականությանը, սակայն իրենց պահանջն արդարացի է, եւ իրենք ոչ թե խնդրում կամ բողոքում են, այլ պահանջում:
Բացի իրենց սոցիալական խնդիրներից, ազատամարտիկներին մտահոգում է մեկ այլ հարց եւս, որի հետ կապված՝ նրանք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ: Դրանում  մասնավորապես պետք է ասվի, որ Ադրբեջանի սպառազինումն ու պատերազմական հռետորաբանությունը կասկածի տեղիք չեն թողնում, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի: Ուստի ազատամարտիկների խումբը կոչ է անում բոլոր ազատամարտիկներին՝ հոգեպես պատրաստվել նման իրադարձություններին, իշխանություններին էլ կոչ է անում նկատի ունենալ այս հանգամանքը՝ որպես ազգային անվտանգության խնդիր: Մարտական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում Վ. Ավետիսյանն ու նրա հետ պայքարող ազատամարտիկները պատրաստվում են կրկին որպես կամավոր գնալ կռվելու:
Հ.Գ. Հայրենիքի պաշտպանությունը չի կարող որեւէ կապ ունենալ փող լինել-չլինելու հետ: Հետեւաբար հայրենիքի պաշտպաններին արժանին հատուցելը նույնպես չպետք է կապ ունենա նշված հանգամանքի հետ: «Փող չկա»-ն չի կարող հիմնավորում լինել, քանի որ կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ փող չկա, որովհետեւ փողերն օլիգարխների եւ չինովնիկների գրպաններում են եւ օֆշորային գոտիներում, բայց այդ մասին՝ հաջորդ դասին:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս