Կանանց միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը հանդես են եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Հայրենական Մեծ պատերազմի կին վետերանների, արցախյան ազատամարտի մասնակից կանանց , զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» երաժշտական ներկայացումը:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ ներկայացումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա նաև հատկանշել է, որ նման միջոցառումները լինելու են շարունակական: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը և Աստղիկ Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը:
Ներկայացումից հետո տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են հանձնվել դահլիճում ներկա բոլոր կանանց: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդին` նմանօրինակ միջոցառումներով իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: