Արմեն Մուրադյանն առողջապահական համակարգի հուսալիությունը պայմանավորում է կանանց ներկայությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում նշված է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ: Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում: Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և, իհարկե, մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ: Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին:

Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը: Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին:

Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն»:




Լրահոս