ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ամենեւին էլ տարբերություն չկա` Ադրբեջանին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է զենք վաճառում, թե մեր հակառակորդ Թուրքիան:
-Պարո՛ն Թորոսյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Մաքսային միության եւ Եվրամիության հետ ինտեգրման հարցում առաջնորդվում է ոչ թե “կա՛մ-կա՛մ”, այլ “ե՛ւ-ե՛ւ” սկզբունքով: Դուք՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը:
-Շատ պարզ ու հասարակ. ՀՀ արտաքին քաղաքականությունը բնութագրվում է որպես կոմպլիմենտար՝ փոխլրացնող, այսինքն՝ ՀՀ-ն ուզում է իր հարաբերությունները զարգացնել ե՛ւ եվրոպական, ե՛ւ այլ ուղղություններով, որոնք ներդաշնակ են ՀՀ արտաքին շահերին: Ու այսօր բոլորն էլ գիտեն, որ կա երկու կոնկրետ խնդիր, ու դա քաղաքական խնդիր է, որն արտահայտվում է տնտեսական դաշտում: Այժմ տարբեր քաղաքական հոսանքներ, վերլուծաբաններ փորձում են գնահատել իրավիճակը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարաի “կա՛մ-կա՛մ” սկզբունքով, այսինքն՝ կա՛մ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, կա՛մ Մաքսային միությանն անդամակցությունը՝ դեպի Ռուսաստան: Մենք դեմ ենք վերջնագրի լեզվով խոսելու մոտեցումներին, այսինքն՝ “կա՛մ-կա՛մ” տարբերակին: Հայաստանի գերակա շահը, հետագա զարգացման միտումները չեն ընդունում “կա՛մ-կա՛մ” սկզբունքը, եւ մենք պատրաստ ենք գնալու “ե՛ւ-ե՛ւ” սկզբունքով: Սա մի իրավիճակ է, երբ վերստին արձանագրվում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, որը, ես կարծում եմ, այս պահին արդարացված է ու ամենաճիշտն է:
-Բայց երկու օր առաջ Լեհաստանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում վերջինիս կողմից “ե՛ւ-ե՛ւ”-ի սկզբունքի բարձրաձայնումից հետո շեշտեց, որ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ երկու տնտեսական տիրույթներում:
-Դա Լեհաստանի նախագահի կարծիքն է, ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Եվրամիության համար շատ ավելի հարմարավետ եւ ձեռնտու է ունենալ Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ եւ Հայաստանի մասնակի ուղղվածություն դեպի ԵՄ, քան “կա՛մ-կա՛մ” սկզբունքը առաջ մղելով` ՀՀ-ին ուղղակի այլընտրանք չթողնել, որ Հայաստանը մղվի Մաքսային միություն եւ ամբողջապես Ռուսաստանի ուղղվածությունը լինի: Դա չի բխի ԵՄ-ի շահերից: Կարծում եմ, որ Լեհաստանի նախագահի այդ հայտարարությունն ուղղակի եւս մեկ փորձ է Հայաստանին պարզապես մղելու միայն դեպի ԵՄ, մինչդեռ ՀՀ-ն տարածաշրջանում ունի ուրույն շահեր, այդ շահերն առաջին հերթին պայմանավորված են զուտ ՀՀ անվտանգության տեսանկյունով, եւ մենք չենք կարող անտեսել նաեւ ռուսական առանցքը:
-Այժմ Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին…
-Դա բիզնես պրոյեկտ է, հավատացե՛ք, եթե Ադրբեջանն ունի մեկ միլիարդ դոլար, ապա այդ 1 միլիարդ դոլարով նույն զենքն առնելու է, չի առնի Ռուսաստանից, կառնի Թուրքիայից, կառնի Իսրայելից, ԱՄՆ-ից: Մոլորակի վրա զենք վաճառող բազմաթիվ երկրներ կան: Իսկ երբ նա առնում է զենքը ՌԴ-ից, դա խոսում է նաեւ այն մասին, որ ՌԴ-ն կարողանում է Ադրբեջանին պահել իր շահերի տիրույթում: Խոշոր հաշվով դա կարող է մեզ օգտակար լինել զուտ այն տեսանկյունից, որ գոյություն ունի ՀԱՊԿ, որի անդամն ենք մենք, բայց ոչ Ադրբեջանը:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀՀ իշխանությունները չեն արձագանքում այն փաստին, որ մեր ռազմավարական դաշնակիցն այդպիսի խմբաքանակի հարվածային նշանակության զենք է վաճառում մեր թշնամուն:
-Իշխանությունն ի՞նչ պետք է արձագանքի, իշխանությունը դա կարող է անել զուտ դիվանագիտական խողովակներով, բայց ռուսական կողմն ամենաբարձր մակարդակներով, եթե չեմ սխալվում՝ Լավրովի մակարդակով, արձագանքել է դրան՝ նշելով, որ դա բիզնես պրոյեկտ է. կա զենք, կա փող: Դուք կարծում եք, որ Ադրբեջանը այդ նույն 1 միլիարդ դոլարով չի՞ կարող այլ երկրից այդ զենքը գնել ավելի մեծ քանակով: Ձեզ համար ի՞նչ տարբերություն` այդ զենքը գնել է ՌԴ-ից, թե Թուրքիայից, Դուք տարբերություն տեսնո՞ւմ եք: Զենքը չի ծախում ՌԴ-ն, ծախում է ՆԱՏՕ-ն, հզորանում է ՆԱՏՕ-ն, Թուրքիան, որը մեր թշնամին է, ավելի լա՞վ չէ՝ այդ գումարը գնա ՌԴ, միեւնույն է, Ադրբեջանն այդ զենքը գնելու է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 571 համար