ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:
Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստիացրել է, որ ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է ամենժամյա համատեղ աշխատանքի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: