«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանը հերթական անգամ կհայտարարի կուսակցությունը փոխելու մասին: Բաբայանը ԲՀԿ-ի այն թեւից է, որի անդամներն ամեն կերպ ցանկանում էին, որ իրենց կուսակցությունը եւս իշխանական կոալիցիայի մաս կազմի: Սակայն ԲՀԿ-ում հաղթեց կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումը, ով համարում է, որ ԲՀԿ-ն առնվազն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ պետք է շարունակի հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:
Ըստ լուրերի՝ Բաբայանն այս օրերին փորձում է ուղիներ գտնել, որպեսզի կուսակցափոխությունից հետո 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանը ցանկանում է կրկին վերադառնալ ՄԻԱԿ: Այս կուսակցությունն ընդունված է համարել ՀՀԿ-ի երիտթեւ:
Բաբայանը արդեն 7 կուսակցության անդամ է եղել՝ «Հանրապետության», «Նոր ժամանակների», ՔԴՄ, Երիտասարդական կուսակցության, ՄԻԱԿ-ի, Հայաստանի առաջադիմական կուսակցության և ԲՀԿ-ի: Հիշեցնենք, որ Բաբայանը 2000-ականների սկզբին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, այնուհետեւ տեղափոխվեց «Հայաստանի երիտասարդական կուսակցություն»: Երբ այս կուսակցության շրջանն էլ արդեն ավարտին էր մոտենում, որոշ ժամանակ Բաբայանը նույն ՄԻԱԿ-ի շուրջն էր պտտվում: Սակայն, ի վերջո, նա հանգրվանեց ԲՀԿ-ում եւ վերջինիս ցուցակով դարձավ պատգամավոր:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Վահան Բաբայանից ճշտել նրա հնարավոր կուսակցափոխության մասին լուրերը, սակայն ապարդյուն: Իսկ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք Բաբայանից կուսակցությունից դուրս գալու մասին դիմում չեն ստացել:
«Կուսակցությունը որեւիցե դիմում չի ստացել Բաբայանի` ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Բայց բոլոր այն ԲՀԿ-ականները, ովքեր չեն ընդունում ԲՀԿ-ի քաղաքական գիծը, իրենք իրենց ավտոմատ կերպով արդեն դուրս են բերել կուսակցությունից»,- ասաց Էլիզբարյանը: