Հայազն կուսակցությունը կամավորական ջոկատ է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայազն” կուսակցությունը կամավորական ջոկատ է ստեղծում: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. “Բաքվի ռազմատենչության, ինչպես նաեւ արտաքին ուժերի շահագրգռությամբ սանձազերծված սպառազինությունների մրցավազքի, նաեւ Հայաստանի քաղաքական վերնախավի դիվանագիտական, ներքաղաքական կոպիտ սխալների պատճառով Արցախյան անավարտ թողնված պատերազմի վերսկսման հավանականությունը օրեցօր մեծանում է եւ որեւէ ժամանակ կարող է պատուհաս դառնալ:
Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը, “Հայազնը” հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչեւ Բաքվի կողմից դեռեւս վերահսկվող հայկական ողջ տարածքի ազատագրում, Կուր եւ Արաքս գետերով բնական եւ անվտանգ սահմանի ամրագրում:
Հաղթանակ կարող է կերտել միայն իր անելիքը իմացող եւ բավարար կամք դրսեւորող բանակը, որի կորիզը գաղափարական եւ կամավորական զորամիավորներն են: Դա մեկ անգամ ապացուցվել է Արցախյան ճակատում: Իսկ սպառազինության էապես բարձր մակարդակը էլ ավելի է կարեւորում մարտիկների կամային եւ գիտակցական որակները:
Պատերազմական սպառնալիքի պայմաններում “Հայազնը” կոչ է ուղղում հայրենապարտ եւ քաղաքացիապես գործուն երիտասարդությանը այսօրվանից նախապատրաստվել հավանական պատերազմին կազմակերպված մասնակցելուն` մասնավորապես կազմավորել կամավորական ջոկատներ:
Հույս ունենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կօժանդակի կամավորական շարժմանը, կնպաստի միավորների ուսուցմանը, անհրաժեշտության դեպքում դրանց կտա պահեստազորի ստորաբաժանումների կարգավիճակ, իսկ մարտական գործողությունների հավանական վերսկսման դեպքում կընդգրկի գործող բանակի կազմում:
Այդ նպատակով “Հայազնն” ինքն էլ նախապատրաստում է իր անդամ եւ համակիր երիտասարդների կազմից ձեւավորել կամավորական ջոկատե:
Կուսակցությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը նախագծին աջակցելու եւ կամավորական ջոկատի մարտական ուսուցումը կազմակերպելու խնդրանքով:




Լրահոս