Ոստիկանության գեներալ-մայոր Հունանյանի դստեր անվան շուրջ աղմուկը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր` Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաեւ բժիշկների հետ:

Ավելին՝ գործընթացը հասել է դատարան: Արդեն տեւական ժամանակ է, ինչ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմում է դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված է լինում Լիա Հունանյանի հայցերը չընդունել վարույթ: Սակայն վերջինս որեւէ կերպ չի հանձնվում եւ տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմում է դատարան: Իսկ ո՞րն է պատճառը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով: Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն` առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 հարյուր դրամ:

Տեղեկացնենք, որ այս գործով դատական նախնական նիստը նշանակված է մարտի 10-ին: Իսկ թե ինչի համար է գեներալ-մայորի դուստրը՝ Լիա Հունանյանը, դատի տվել կենտրոնին, փորձեցինք պարզել ԲԿ-ի բժիշկ Ա. Ղարիբյանից, սակայն վերջինս հրաժարվեց դատական պրոցեսի հետ կապված որեւէ պատասխան տալ՝ նշելով, թե դեռ քննություն է ընթանում:

Նշենք, որ Լիա Հունանյանը վերջին տարիներին մի քանի անգամ աչքի ընկավ աղմկալի դեպքերով: 2016 թվականի փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը հենց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լիան ոչ սթափ վիճակում է եղել: Ու բավական չէր, որ ալկոհոլի ազդեցության տակ բախվել էր էլեկտրասյանը, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին:

Բացի այդ՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանում՝ Մոսկովյան 23 շենքի դիմաց, նա դարձյալ վթարի մասնակից էր դարձել եւ դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ու թերեւս նրա պահվածքն էր պատճառը, որ ոստիկանությունում փորձեցին օր առաջ ազատվել Հովհաննես Հունանյանից:

Քնար Մանուկյան




Լրահոս