Մենք երբեք չենք ասում, որ Հանրապետականն ամենախելացին է. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը նախնական տարբերակն է, որը կարող է ենթարկվել փոփոխությունների, եթե լինեն ռացիոնալ առաջարկներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես հիմնազուրկ եմ համարում այն քննադատությունները, թե իշխանությունները հասարակությունից թաքուն մշակել են ընտրական օրենսգիրքը և ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Սա ընդամենը նախնական տարբերակն է, իսկ քննարկումները նոր են մեկնարկում: Այդ քննարկումների ընթացքում մենք կլսենք բոլոր առաջարկները, դժգոհությունները: Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, մենք դրանք հաշվի կառնենք, կարող են լինել փոփոխություններ»,­- նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ ներկայացված նախագծի վրա աշխատել է մասնագիտական խումբը և ներկայացրել նախագիծը, որի վրա ծավալվելու են քննարկումները: «Դա մեր տեսլականն է, սակայն մենք երբեք չենք ասում, որ Հանրապետականն ամենախելացին է: Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները, որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեր հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»,­- հավելեց ԱԺ փոխխոսնակը:




Լրահոս