ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին:
Ներկայացնում ենք հարցազրույցը՝ կրճատումներով.
– Երևան կատարած այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական կարգավորում գոյություն չունի և հանդես է եկել կոնֆլիկտի կարգավորման մադրիդյան սկզբունքների և Մինսկի խմբի գործունեության օգտին: Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարները:
– ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նշել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման այլընտրանքներ գոյություն չունեն: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը: Ցավոք, կոնֆլիկտի կողմերից մեկն այլ դիրքորոշում ունի: Նրանում, որ կոնֆլիկտը մինչ այժմ չի կարգավորվել, մեղավոր չեն ո՛չ միջնորդները, ո՛չ Հայաստանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման հարցով քայլեր ձեռնարկել՝ համանախագահների առաջադրած առաջարկների հիման վրա:
Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկներն ու համանախագահներին: Ընդհուպ հասել են նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել համանախագահներին իսլամաֆոբիայի մեջ: Ադրբեջանը սխալ է ընկալում միջնորդության դերը: Ղարաբաղյան խնդիրն այն հազվադեպ դեպքերից է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան են, միասնական մոտեցում են ձևավորել՝ կոնֆլիկտի կարգավորման հարցում: Բանակցությունների այլընտրանք չի կարող լինել, և մենք կշարունակենք աշխատանքը համանախագահների հետ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ «ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ցանկացած սպառազինում իրականացվում է ՌԴ կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանումը»:
– Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել, որպեսզի պահպանենք տարածաշրջանում բալանսն ու թույլ չտանք կոնֆլիկտի սրացմանը: Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում հենց մեր ռազմավարական դաշնակցից: Սակայն մենք հիացած չենք, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից և սպառնում նոր պատերազմով:
– Ինչպե՞ս է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական կողմի այն խոստումները, որ «կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ազատագրեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
– Տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր Սիրիայում քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ այնպես, ինչպես XX դարասկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»: Նման հայտարարությունը լուրջ ազդանշան է՝ ուղղված միջազգային հանրությանը: XX դարասկզբին Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես մեղադրում էր Ռուսաստանին, որ վերջինս զինում է հայերին:
– Թուրքիայի դիրքորոշման պատճառով Հայաստանը հայտնվել է տնտեսական համագործակցության տարածաշրջանային ֆորմատներից դուրս: Ինչպիսի՞ն են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հեռանկարները՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո:
– Չէի ասի, թե Հայաստանը գտնվում է տնտեսական համագործակցության տարածաշրջանային ֆորմատներից դուրս: Մեր երկիրն անդամակցում է 90 միջազգային կազմակերպությունների և ակտիվորեն մասնակցում միջազգային և տարածաշրջանային տարբեր ֆորմատներին: Իրանի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք, համատեղ ծրագրեր, որոնցից շատերը դժվար էր իրականացնել նախկին պայմաններում: Իրանում մեծ թվով հայեր են բնակվում: Իրանական իշխանությունները վերականգնում են հայկական եկեղեցիները, որոնք համալրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը: Եվ դա չենք կարող չգնահատել:
– Աշխատանքային այցով Մոսկվա կժամանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու:
– Մեր պետությունների ղեկավարները, կառավարությունները, խորհրդարաններն ամեն տարի 20-30 հանդիպում են անցկացնում: Երկու երկների առաջնորդների հերթական հանդիպումը նպատակ ունի դիտարկել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների իրականացումն ու ուրվագծել քայլերը, որոնք ուղղված են ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան