Ինչպես երեւում է, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային սկանդալը» մարելն այդքան էլ հեշտ չի լինելու: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Տիգրան Սարգսյանն ԱԺ ամբիոնից հավաստիացրեց, թե հնարավոր է ցանկացած մարդու անունով օֆշորային կազմակերպություն գրանցել` առանց այդ մարդու թույլտվության եւ անգամ իմացության: Իսկ դրանից մի քանի օր անց վարչապետի ասածը հաստատեց «օֆշորային սկանդալի» առանցքային դեմքը` Աշոտ Սուքիասյանը, դատախազությանն ուղղված իր ինքնախոստովանական նամակում` մասնավորապես նշելով. «Կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ համաձայնության»: Սակայն երեկ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բառացիորեն հօդս ցնդեցրեց օֆշորային եռյակի գծագրած սցենարը` հայտարարելով, թե անհնար է որեւէ անձի անունով Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցել` առանց այդ անձի թույլտվության: Այդպիսով` ի՞նչ է ստացվում. վարչապետամերձ ՀՀԿ-ականների միակ հակափաստարկը, թե վարչապետն այնքան մեծ գիտակն է այդ ամենի, որ պարզապես նման միամիտ քայլի չէր գնա, պայթեց: Պարզվեց, որ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է անում, այսինքն` նա այդքան էլ ոլորտի գիտակ չէ: Եվ ուշագրավ է, որ երեկ արդեն նրա մամլո խոսնակը news.am_ին ասել է.«Վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւիցե մեկին իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել»: Ինչպես նկատում ենք, պնդումը, թե ցանկացած մեկի անունով հնարավոր է կազմակերպություն բացել, չի երկրորդվել: Ինչեւէ. չխախտելու համար որեւէ մեկի, այդ թվում եւ` Տիգրան Սարգսյանի անմեղության կանխավարկածը (թեեւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցված չէ), նկատենք, որ անցած ուրբաթ՝ դատախազության 95-ամյակի հոբելյանական նիստի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վարչապետին անձամբ պարգեւատրեց դատախազության հուշամեդալով: Եվ սա այն դեպքում, երբ ներկայումս վարչապետի անվանն է առնչվում նման հսկայածավալ խարդախության գործ: Նորմալ երկրում դատախազությունն ինքը գործ կհարուցեր եւ վարչապետին առնվազն վկայի կարգավիճակով կներգրավեր, իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, դատախազությունը չհանդգնեց ծպտուն հանել, մինչեւ Տիգրան Սարգսյանն ինքը չդիմեց, եւ դրանից հետո էլ հավատալով վարչապետի «ազնիվ խոսքին»` հետախուզում հայտարարեց բացառապես Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, իսկ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը շարունակեցին մնալ անձեռնմխելի: Ավելին, դատախազը մեդալ հանձնեց մի գործչի, որը հանրային ընկալմամբ օֆշորային մախինացիայի պոտենցիալ մասնակից է: Իսկ մյուս` «սրբազան» մասնակիցը անցած շաբաթ հայտնվեց Սերժ Սարգսյանի կողքին` շախմատիստ Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողության ժամանակ: Այսպիսով` Ս. Սարգսյանը եւ նրա ղեկավարած իշխանական համակարգը հրապարակավ ցույց են տալիս, որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա:
ՕՖՇՈՐԱՊԵՏԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ