«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ուղղությունը՝ Թել-Ավիվ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նրանց խոսքով, «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա և այլ քաղաքներ, Թեհրան, Պրահա, Թել-Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա և Լոնդոն»: Գաիաշվիլին հայտարարեց, որ ավիաընկերությունը կկատարի իր բոլոր ծրագրերն այնպես, որ հայ ազգը գոհ մնա:
«Գները կլինեն այնպիսին, որ հայերն առանց խնդիրների կարողանան տոմսեր գնել և թռչել այնտեղ, որտեղ ուզում են: Այնպիսի ծառայություն կմատուցենք, որ մրցունակ լինենք մյուս ավիաընկերությունների հետ»,- հավելեց Թամազ Գաիաշվիլին:
Դիտարկմանը, որ Հայաստանում նախորդ երկու ավիափոխադրողները սնանկացել են, Գաիաշվիլին նկատեց. «Չգիտեմ, թե նախորդ երկու ավիաընկերություններն ինչու են սնանկացնել, բայց ես կարծում եմ, որ մեզ մոտ կստացվի: Անձամբ ես ծրագրեր ունեմ, որ 2-4 տարի հետո ընկերությունը կունենա կայուն եկամուտներ»: