Ո՛Չ ԽՈՍՔՆ ԵՆ ԼՍՈՒՄ, Ո՛Չ ԷԼ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը երեկ այդպես էլ չհրապարակվեց, ինչը նշանակում է, որ նախագահական նստավայրի աշխատակազմը, մեղմ ասած, անտեսել է Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» անվանումով հրամանագրի պահանջները: Այդ հրամանագրի 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն՝ նոր ԸՕ նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվեր մինչեւ այս տարվա մարտի 1-ը: Սակայն երեկվա դրությամբ այդ նախագիծը խորհրդարան չէր ուղարկվել, քանի որ մինչ այդ այն ոչ էլ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել: Հիշեցնենք, որ նախագծի մշակման գործը հանձնարարված էր նախագահի աշխատակազմին կից ստեղծված իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհդին: «Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ նոր ԸՕ նախագծի մի քանի առանցքային խնդիրների շուրջ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մասնավորապես, ՀՀ իշխանությունները չեն կարողանում միաժամանակ երկու խնդրի լուծում համատեղել, որպեսզի հա՛մ կարողանան ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող լուծումները եվրոպացի փորձագետների սրտով անել, հա՛մ էլ հետագայում հնարավոր լինի ընտրությունների ելքը վերահսկել: Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, այնպիսի խայտառակ պատկեր են կանխատեսում, որ ոչ մի եվրոպական կառույց նման պայմաններում չի համաձայնի ընտրությունների արդյունքներն ընդունել, առավել եւս նոր համակարգի վրա փող ծախսել: Իսկ ընտրությունների կազմակերպման, այսպես կոչված, ոչ խնդրահարույց մոտեցումներն էլ նվազեցնում են ընտրությունների վերահսկման, կեղծման հնարավորությունները, այսինքն՝ իշխանությունների համար լուրջ վտանգներ են պարունակում: Արդյունքում, ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Դրա համար անգամ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անտեսվեց:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման: Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, եւ հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի ԱԺ ընտրություններում մանդատ ստանալ, եւ ձեռնարկը տապալվի: Ուստի վերջին մի քանի ամիսներին նա փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել` ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ից: «Ժողովուրդ»-ը վերը բերված լուրերը փորձեց ճշտել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է, ասել է, թե Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկը: Սակայն նա մեզ հետ զրույցում ասաց. «Այդ հարցերով զբաղվում է միայն նա, իրեն են դիմում: Ինձ հետ այդ հարցը կապ չունի»:

 

 
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած տարվա հուլիսի 30-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարեց տեսչական ստուգումները դադարեցնել եւ «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»: Այս որոշումը, որը նախատեսված էր մինչեւ 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած՝ այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, եւ որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել: «ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի հրահանգը տարածվում է 2016-ի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տրված պատասխանի համաձայն՝ վարչապետի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը: Առավել հավանական է, որ այդ ժամկետը ամռանը կրկին կերկարաձգվի:

 

 
«Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից երեկ հետաքրքրվեց՝ արդյոք նա իրեն մեղավոր չի համարում 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար, որոնց արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, տասը մարդ զոհվեց: «Այն, ինչ կատարվում է մեր հասարակության մեջ, երեւի թե յուրաքանչյուրս ինչ-որ մի ձեւ պետք է մեր մեղքի բաժինը տեսնենք: Այն, ինչ տեղի է ունեցել այդ տեղային բախումների ընթացքում, իհարկե, ցավալի է»,- պատասխանեց Օհանյանը: Վերջինս, հիշեցնենք, 2008 մարտին Երեւանը «օկուպացրած» շտաբի պետն էր: Հենց Օհանյանն էր, իրեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի պարեկի տեղ դրած, հեռուստաեթերից ՀՀ քաղաքացիներին սպառնում, որ փողոցներում երկու հոգուց ավել խմբերով չկանգնեն: Հայաստանի իշխանության առանձին ներկայացուցիչներին թվում է, որ իրենք կարող են հրամայել մարդկանց գնդակահարել, իսկ մի քանի տարի անց կարող են համախմբվելուց խոսել: Իրականում ՀՀ քաղաքացին միշտ էլ համախբված է: Պարզապես նրանց նկատմամբ ագրեսիան ավելի մեծ է, քան սերը:

 

 

 
ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ

Երեկ Սերժ Սարգսյանը հերթական կառուցվածքային փոփոխությունն է կատարել ՀՀ կառավարության կազմում: Նրա հրամանագրով ֆինանսների նախարարությունից առանձնացվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Եթե ՏԿԱԻ նախարարության բաժանումը հիմնավորվեց քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն արժանացավ բուռն քննադատության, ապա այս դեպքում ընդհանրապես որեւէ ընկալելի պատճառաբանություն դժվար է պատկերացնել, բացի, իհարկե, զուտ անձնական դրդապատճառներից:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը միավորվեց ֆինանսների նախարարությանը 2014թ. մայիսին: Եվ այն ժամանակ, ինչպես եւ ՏԿԱԻՆ-ի դեպքում, վերստին հայտարարություններ հնչեցին, թե այդ միավորմամբ կբարձրանա ընդհանուր ոլորտի համակարգման արդյունավետությունը եւ այլն, եւ այլն: Սակայն դեռ այն ժամանակ շատերի համար պարզ էր, որ այդ երկու կառույցների միավորմամբ Գագիկ Խաչատրյանը վերածվում է «սուպերնախարարի»` «սուպերլիազորություններով», եւ դա Սերժ Սարգսյանի հետ կոնկրետ քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որը ոչ մի կապ չունի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ:
Ներկայումս հայտնի չէ, թե որն է Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարարի» կարգավիճակից զրկելու պատճառը, սակայն մի բան ակնհայտ է. նման հաճախականությամբ իրականացվող կառուցվածքային փոփոխությունները խոսում են պետական կառավարման համակարգի նկատմամբ ծայրաստիճան անլուրջ վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում, ի դեպ, տուժում են ոչ միայն տարին մեկ միավորվող, ապա տարանջատվող գերատեսչությունների աշխատակիցները, այլեւ այդ գերատեսչությունների կանոնակարգման ոլորտները:
Ս. Սարգսյանը ժամանակին հայտարարում էր, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլ կերպ, քան կրկես դժվար է որակել: Ի վերջո, ինչքան կարելի է անձնական քմահաճույքներով, առանց որեւէ տրամաբանական հիմնավորման` նման կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ անել: Ընդ որում, նկատենք, որ հենց Ս. Սարգսյանի օրոք ներմուծվեց այն կարգը, համաձայն որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները որեւէ անգամ չեն ներկայացվում: Մինչդեռ նախկինում, թեկուզ հաճախ ոչ իրական, այդուամենայնիվ, ներկայացվում էր ազատման ֆորմալ պատճառը` առողջական խնդիրներ, այլ աշխատանքի անցնել եւ այլն:
Փետրվարի 12-ին իր երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը բարձրագոչ հայտարարություններ էր անում այն մասին, թե ինչպիսի պաշտոնյաներ են մեր երկրին պետք` դժգոհելով, որ «համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա»: Իսկ ինչ պետք է անեն այդ պաշտոնյաները, երբ բոլոր որոշումները կայացնում է վերադասը` բացառապես անձնական քմահաճույքներից ելնելով:




Լրահոս