ԸՕ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չհրապարակեցին ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, չնայած, որ այդպես էր նախատեսված Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարի 10-ին ստորագրած հրամանագրով:

Ըստ այդմ, նոր ԸՕ նախագիծը ՀՀ ազգային ժողով պետք է ներկայացվեր մինչեւ 2016 թվականի մարտի 1-ը: Նույն այդ հրամանագրով ստեղծվել էր մասնագիտական խորհուրդ, որը պետք է ապահովեր սահմանադրական փոփոխությունների հիման վրա ընդունվելիս նոր օրենքների նախագծերի մշակումը: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերը նշված խորհուրդն այս ընթացքում չի հասցրել նախագծի մշակումն ավարտել: Իսկ այս ձգձգման պատճառները տարբեր կարող են լինել: Սկսենք նրանից, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կարողանում հստակ կողմնորոշվել ԱԺ ընտրությունների կազմակերպման հարցում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ծրագրում են խորհրդարանական ընտրություններում ներդնել, այսպես կոչված, ռետինգային քվեարկության կարգը:
Սակայն բուն ռեյտինգային քվեարկության մի քանի տարբերակներ կան, եւ իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել, թե որն ընտրեն: Մասնավորապես, աշխարհում ամենատարածված տարբերակներից մեկով ընտրողներին տրվում է ընտրություններում առաջադրված կուսակցությունների թվով քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրում նշված է լինում այդ կուսակցության կողմից տվյալ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների անունները: Ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի մեջ նշում է կատարում նաեւ իր համար նախընտրելի թեկնածուի օգտին, քվեաթերթիկը դնում ծրարի մեջ եւ քվեարկության խցից դուրս գալով՝ այն գցում քվեատուփը: Իսկ մնացած «ավել» քվեաթերթիկները նա պատռում եւ գցում է հատուկ այդ նպատակով քվեատուփի մոտ դրված աղբարկղի մեջ:
Այս տարբերակը լավն է, ոչ միայն այն պատճառով, որ ընտրակեղծարարության մի շարք տարբերակներ գործնականում բացառում է, այլ նաեւ, որ ներկուսակցական մրցակցություն է հրահրում: Այսինքն՝ յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունները ոչ միայն իրենց մրցակիցների հետ պետք է մրցավազքի մեջ մտնեն, այլ նաեւ կուսակիցների շրջանում եւս պետք է պայքար ընթանա: Արդյոք ՀՀ իշխանությունները, ի վերջո, կհամարձակվեն այս տարբերակով 2017-ի ԱԺ ընտրություններն անցկացնել, այս պահին դեռ հայտնի չէ: ՀՀ իշխանություններին չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ այդ տարբերակով, եթե ընտրատարածքների թիվն էլ 41-ից կրճատվում եւ դառնում է 14-ը, իսկ հենց այդպես էլ նախատեսվում է, ապա ՀՀԿ-ական օլիգարխները ստիպված են լինելու նաեւ մեկը մյուսի դեմ պայքարել: ՀՀ իշխանությունների համար անցանկալի պահերից մեկն էլ այն է, որ այս տարբերակի դեպքում նույն ՀՀԿ-ն ընտրատարածքներում գործնականում ներկայացված է լինելու բացառապես միայն իր օլիգարխների եւ կիսակրիմինալ ներկայացուցիչների դեմքերով:
Ընտրությունների կազմակերպման հետ կապված հաջորդ վիճահարույց հանգամանքը, որի շուրջ ՀՀ իշխանությունների վերնախավում, ըստ մեր տեղեկությունների, դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, այն է, թե էլեկտրոնային քվեարկության համակարգը ինչ աստիճանով պետք է ներդրվի: Տարբերակներից մեկով առաջարկվել է էլեկտրոնային դարձնել միայն ընտրողի գրանցման գործընթացը, իսկ մյուս տարբերակով առաջարկվում է քվեարկության ողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային: Ընտրական գործընթացի մասնագետ լինել պետք չէ, որպեսզի հասկանաս, որ ներկա պայմաններում քվեարկության ողջ գործընթացը էլեկտրոնային դարձնելու դեպքում ընտրությունները այնքան խայտառակ տեսք կարող են ստանալ, որ ոչ միայն Հայաստանի ընդդիմությունը դրանց արդյունքները չի ընդունի, այլ նաեւ միջազգային կառույցները: Այսինքն՝ միայն ընտրողի գրանցումը էլեկտրոնային դարձնելով, իսկ բուն քվեարկությունը թողնելով թաղային տարբերակով՝ ցանկացած մեկն արդյունքները վիճարկելու կամ կասկածի տակ առնելու համար պետք է փաստեր ներկայացնի:
Ի դեպ, ՀՀ իշխանությունները դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվել ընտրացուցակների հետ: Ինչպես հայտնի է՝ եվրոպական կառույցները եւս ՀՀ իշխանություններից պահանջել են ընտրացուցակները «մաքրել» Հայաստանից բացակայող, այդպիսով՝ փաստացի «բացակայող» ընտրողներից, որոնց թիվը մոտավոր հաշվարկներով 800 հազարից մինչեւ 1 մլն է կազմում: Տարբերակներից մեկով առաջարկվում է ընտրացուցակներից առանձնացնել այն մարդկանց տվյալները, որոնք ըստ սահմանահատման գրառումների՝ Հայաստանից դուրս են եկել եւ չեն վերադարձել: Սակայն այդ մարդիկ ոչ թե ընդհանրապես կհանվեն ընտրացուցակներից, այլ նրանք կընդգրկվեն առանձին, այսպես կոչված՝ բացակայողների ընտրացուցակներում: Այլ կերպ ասած՝ չի բացառվում նաեւ, որ տեղամասերում ոչ թե մեկ ամբողջական ընտացուցակ լինի, այլ այն կարող է նաեւ երկու մասի բաժանվել` «ներկաների» եւ «բացակաների»:
Ինչեւէ, ենթադրվում է, որ առաջիկա օրերին, երբ ՀՀ իշխանությունները, ի վերջո, կհրապարակեն նոր ԸՕ նախագիծը, բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն: Բանն այն է, որ Սահմանադրության նոր նախագծից հետո երկրի քաղաքական հեռանկարի համար ամենակարեւոր փաստաթուղթն ընտրական օրենսգիրքն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ԲԱՐԵԿԱՄՆԵ՛Ր
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը եւ մի քանի գիտնականներ երեկ հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մուշ-մուշ քնել էր: ՀՀ ԳԱԱ նախագահը երբեմն-երբեմն արթնանում էր, զննող հայացքով նայում էր շուրջբոլորը՝ պարզելու համար, թե դահլիճում ներկաներից ովքեր են բարձր զրուցում, որպեսզի նրանց նկատողություն աներ: Հավանաբար զայրանում էր, որ ներկաներն իրենց զրույցներով քունն ընդհատում էին: Մյուս կողմից էլ, ազնվության առջեւ մեղք չգործելու համար նշենք, որ Օհանյանի ելույթն իր բովանդակությամբ ունկնդիրներին առանձնապես չէր տրամադրում առույգության:

 

 

ԵԹԵ ՉՀԱՍՑՆԵՆ
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 29-ին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: Ինչպես այլ պետական գերատեսչություններում, այնպես էլ այստեղ առաջիկայում կլսենք նոր կադրային փոփոխությունների մասին: Օրինակ՝ այս դեպքում, երբ Երվանդ Զախարյանը նշանակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, նա եկավ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրից եւ իր հետ բերեց կադաստրի մասով նեղ մասնագետների, որոնց նշանակեց «յուղոտ»` ընդերքի պետական տեսչությունում բարձր պաշտոնների: Հիմա, երբ վերադասը փոխվել է, հնարավոր է՝ այն աշխատակիցները, որոնց Զախարյանն էր բերել, ստիպված լինեն իրենց հրաժարականները տալ, եթե, իհարկե, սեղմ ժամկետում չհասցնեն նոր նախարարի հետ «լեզու գտնել»:

 

 

ՊԵԿ-ՆԱՌԱՆՁՆԱՑԱՎ
Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դուրս բերվեց ՀՀ ֆինանսների նախարարության կազմից եւ դարձավ ՀՀ կառավարությանն առընթեր մարմին: «Ժողովուրդ»-ը երեկվա համարում գրել էր, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է ՊԵԿ-ն առանձնացնել ֆիննախից: Ավելին՝ գրել էինք նաեւ, որ արդեն առանձնացված ՊԵԿ-ի նոր ղեկավարը նշանակվելու է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար Գագիկ Խաչատրյանը, հավանաբար, կպահպանի պաշտոնը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ
«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նախօրեին մեզ հետ զրույցում չէր բացառել, որ «Մուլտի Գրուպ» ընկերությունը կարող է գնել դրանք: ArmԼur.am-ը այցելել է Աբովյան, որտեղ զրուցել է երթուղու կանգնած մեքենաների վարորդների հետ: Նրանց խոսքով` իրենց տեղեկացվել է, որ շարունակելու են աշխատել, սակայն այլ սեփականատիրոջ հետ: Իսկ թե ով է նոր սեփականատերը, նրանց հայտնի չէ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երթուղու նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը վստահեցրել է, որ երկրում չի գտնվում եւ չի ցանկացել թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, միայն հաստատել է, որ բանկին պարտք է, ինչի դիմաց էլ վերցնում են իրեն պատկանող գույքը:

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆՔ
Բաքվից Երեւան ժամանած Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ավելի ուշ` Սերժ Սարգսյանի մոտ կայացած ընդունելությունից հետո, Նալբանդյանն ու Մոգերինին նախագահականում հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: ԱԳՆ փոխանցամբ` Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Իր հերթին Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

ՍՐՏԱՑԱՎ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայության աշխատանքին. «Պետք է սրտացավ աշխատել ու ջանք չխնայել մարդկանց ճիշտ ուղղորդելու, օգնելու համար: Քաղաքացին Երեւանի քաղաքապետարան կամ վարչական շրջանների աշխատակազմեր դիմելիս առաջինը, ըստ էության, ձեզ է հանդիպում ու ձեզ հետ շփվում: Եվ ձեր վերաբերմունքից է կախված, թե ինչ տպավորություն կստանան ոչ միայն կոնկրետ ձեր աշխատակազմերից կամ քաղաքապետարանից, այլ նաեւ քաղաքային իշխանություններից ընդհանրապես»,- ընդգծել է քաղաքապետը:




Լրահոս