ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20 երկրների զինված ուժեր մասշտաբային զորավարժություններ են սկսել Սաուդյան Արաբիայում: Զորավարժություններին մասնակցում են ԱՄԷ-ի, Հորդանանի, Բահրեյնի, Սենեգալի, Սուդանի, Քուվեյթի, Մալդիվյան կղզիների, Եգիպտոսի, Մալազիայի, Քաթարի, Օբամանի, Ջիբութիի, Կոմորյան կղզիների, Թունիսի, Չադի, Պակիստանի, Մարոկկոյի եւ Մավրիտանիայի զինծառայողները: Զորավարժությունները ընթանում են «Հյուսիսի ամպրոպ» անվան ներքո, ներգրավված են ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը: Էր Ռիյադի հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակը զորքերի վերապատրաստումն է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ
Նախօրեին կայացել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Հարավային գազային միջանցք» էներգետիկ նախագծի՝ բարձր մակարդակով իրականացման հարցը: Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների մատակարարման հարցում փաստացի համաձայնության են հասել: «Բաքու կատարած այցի ժամանակ կայացել են Ադրբեջանի նախագահի եւ SOCAR նավթային ընկերության նախագահի հետ հանդիպումները: Քննարկվել է «Շահդենիզ» գազային նախագիծը: Փաստացի համաձայնության ենք եկել: Ինչ վերաբերում է «Գազպրոմ»-ին, բանակցությունները կավարտվեն մի քանի օր անց»,-հայտարարել է Կալաձեն:
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Նախօրեին դաժան սպանություն էր տեղի ունեցել Մոսկվայում: Դայակը, ով Ուզբեկստանի քաղաքացի է, կտրել էր 4-ամյա աղջնակի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սատարում են եթերում երեխայի սպանությունը չցուցադրելու մասին ռուսական դաշնային հեռուստաալիքների որոշումը: Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ դաշնային հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել չցուցադրել այդ սյուժեն: Մոսկվայում դաժան սպանության մեղադրանքով ձերբակալել են Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովային: Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է, թե ինչն է դրդել նրան նման քայլի գնալ: Պատճառն ամուսնու դավաճանությունն է եղել, սակայն այն հարցին, թե ինչ կապ ուներ ամուսնու դավաճանությունն այդ ընտանիքի հետ, դայակը չի պատասխանել: Նախնական տվյալների համաձայն՝ նա սպանել է 4-ամյա Նաստյա Մ.-ին բնակարանում, որից հետո հանցանքի վայրում դյուրավառ հեղուկ է լցրել: Դրանից հետո երեխայի կտրած գլուխը ձեռքին՝ գնացել է մոտակա մետրոյի կայարան եւ սպառնացել պայթեցնել ինքն իրեն:
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ
Թուրք զինծառայողները հրետանային հարված են հասցրել Սիրիայի Հալեպի մարզում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ սիրիական տարածքում մոտ 50-60 հաուբից հրանոթ է տեղակայված: Նշվում է, որ ավելի վաղ թուրք զինծառայողները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ F-16 կործանիչների օգնությամբ: Հիշեցնենք, որ Սիրիայում վերջերս հաստատված հրադադարի ռեժիմը չի անդրադառնում «Իսլամական պետություն», «Ֆրոնտ ան-Նուսրա» եւ այլ ահաբեկչական խմբավորումների վրա:
ԲԱԽՈՒՄՆԵՐ
Ֆրանսիական Քալեում փախստականների ճամբարում, որը հայտնի է որպես «Ջունգլի», բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ներգաղթյալների միջեւ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ներգաղթյալները բողոքում էին ճամբարը տեղափոխելու որոշման դեմ: Ոստիկանությունում հայտնել են, որ 3 մարդ է ձերբակալվել՝ ոստիկանության ուղղությամբ քարեր եւ դյուրավառ նյութեր նետելու համար: Երկու կողմից տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում: