Դերասանուհի, բեմադրիչ Լիլի Էլբակյանը շուտով հանդես կգա նոր ներկայացման շրջանակում, նա պատրաստվում է նաեւ երկու նոր գործ բեմադրել: Լիլին «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի իր ծրագրերից, խոսել է բեմադրվող պիեսների մասին` նկատելով, որ դրանցում հաճախ չեն արծարծվում այսօրվա խնդիրները: Դերասանուհին անդրադարձել է նաեւ երիտասարդների շրջանում տարածում գտած «ցուցամոլության համախտանիշին»` ընդգծելով, որ այսօր կարեւոր չէ, թե նրանք ինչ են անում, կարեւորը, որ հայտնի լինեն:
-Լիլի՛, տեւական ժամանակ է` զբաղված եք Ձեր երկրորդ զավակի խնամքով, բեմը չե՞ք կարոտել:
-Բեմադրությունների մասով ես դադար չեմ տվել, անգամ երկու հղիություններիս ընթացքում ծանր գործեր եմ բեմադրել, օրինակ` «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Բայց վաղուց որպես դերասանուհի հանդես չեմ եկել, կարոտել եմ բեմին: Վերջապես հնարավոր կլինի այդ կարոտը մեղմել. Խամաճիկների թատրոնում մի ներկայացում կա, որտեղ խաղալու եմ Մերի Փոփինսի դերը: Ինձ համար սա նորություն է. առաջին անգամ եմ այս թատրոնում հանդես գալու որպես դերասանուհի. միշտ կատարել եմ ռեժիսորի աշխատանք: Կարծում եմ` շուտով «կվերադառնա» այն ծանրաբեռնվածությունը, որով աշխատում էի նախկինում: Մտադիր եմ նաեւ նոր գործեր բեմադրել` «Ջրահարս» տիկնիկային ներկայացումը՝ փոքրերի համար, եւ Շեքսպիրի գործերից մեկը` մեծերի համար:
-Դուք պետք է հանդես գայիք «Վարդապետի լռությունը» ֆիլմում, սակայն ծնվեց Ձեր երկրորդ երեխան, եւ չհասցրիք նկարահանվել: Հիմա գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Վերջերս ունեցել եմ մի քանի հրավերներ, բայց քանի որ զբաղված էի երեխայի խնամքով, մերժեցի: Դրանից հետո առաջարկներ են եղել նաեւ սերիալներից, բայց ռիսկ չեմ անում ծանրաբեռնել ինձ դրանցով. դեռեւս սպասում եմ հարմար առաջարկի:
-Դուք դասավանդում եք հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ռեժիսորական թարմ մտքի պակաս զգո՞ւմ եք: Սկսնակ ռեժիսորներին այսօր, առհասարակ, ի՞նչն է պակասում:
-Ես դասավանդում եմ ռեժիսորական կուրսում եւ կարող եմ ասել, որ այսօր շատ լավ երիտասարդներ կան, նրանցից մեկն, օրինակ, վերջերս մեր թատրոնում ներկայացում բեմադրեց, որը մտավ խաղացանկ: Պարզապես երիտասարդներին պակասում է մարդուն լավ ճանաչելու ձգտումը: Չէ՞ որ թատրոնի կենտրոնում մարդն է, հետո նոր գալիս են էֆեկտներն ու զանազան արտահայտչամիջոցները:
-Ասում են` արվեստում չկա էֆեկտ` առանց ճշմարտության աղավաղման:
-Հիմա երիտասարդներն ամեն ինչով զբաղվում են` բացի մարդուց: Ինչո՞ւ է Համլետը բարձրանում բեմ, ինչո՞ւ է Ռոմեոն ասում այն, ինչ ասում է: Այսինքն` մարդուն, նրա հոգեբանությունը, նրա խոսքերի ենթատեքստերը բացահայտելն ամենակարեւորն է. էֆեկտները կգնան, ու կգան դրանցից ավելի լավերը, բայց մարդը կմնա անփոփոխ: Ռեժիսորի գործն էլ հենց մարդուն փնտրելն է:
-Երբ Դուք էիք ուսանող, Ձեզ համար ամենակարեւորը ի՞նչն էր:
-Այն ժամանակ թատերական ինստիտուտում մենք ուզում էինք սովորել մեզ համար, եւ չկար աստղ դառնալու միտում: Իսկ այսօր բոլորն աստղային հիվանդությամբ են տառապում. դա ինձ վախեցնում է, ես ուզում եմ աստղ չլինել, որովհետեւ այդ կերպ կնմանվեմ մյուսներին: Այսօր կարեւոր չի, թե ինչ են անում, կարեւորը, որ հայտնի լինեն: Այս ցուցամոլություն կոչվող հիվանդությունը տարածվել է բոլորի վրա, այդ թվում` ուսանողների: Աստղ դառնալու հեշտ եղանակ կա, եւ նրանք ձգտում են դեպի դա` չիմանալով, որ փառքը գալիս է աշխատանքից, ոչ թե սկզբից գալիս է փառքը, հետո նոր` աշխատանքը:
-Իսկ այսօր ստեղծվող կամ բեմադրվող պիեսների մասին ի՞նչ կասեք: Կա՞ն թեմաներ, որոնք շրջանցվում են, բայց Դուք կուզենաք, որ դրանց անդրադարձ կատարվի:
-Արվեստագետի առաքելությունն այն է, որ անտարբեր չմնա իր շուրջը տիրող երեւույթների նկատմամբ: Մենք այսօր փակում ենք մեր աչքերը եւ խաղում ենք գեղեցիկ պիեսներ, որտեղ ամեն ինչ հրաշալի է, բայց դրանք ոչ մի կերպ չեն առնչվում այսօրվա խնդիրներին: Մենք չենք տեսնում, որ այսօր մեր շուրջը կան մարդիկ, որոնց պարզապես պետք է օգնել: Իսկ արվեստագետի գործը նկատելն է ու ինչ-որ բան դեպի լավը փոխելը: Ես կցանկանայի նոր դրամատուրգիան խոսեր իմ ասած թեմաների մասին: Եվ պետք չի դա անել գռեհիկ լեզվով, կամ արատավոր երեւույթները խրախուսելու միտումով, ինչպես հաճախ լինում է. արվեստը պետք է աշխարհը դարձնի ավելի լավը:
«ՇԱՏ ԽԱՆԴՈՏ ԵՄ. ԴԱ ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ Է»
Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ով հանդիսատեսին հայտնի է նաեւ մի շարք հեռուստանախագծերից, առաջիկայում կներկայանա թատրոնում բեմադրվելիք նոր` «Պեպո» ներկայացման շրջանակում: «Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվեց` ինչու փակվեց հանրության շրջանում ճանաչում ձեռք բերած «Երջանկության արցունքներ» հեռուստանախագիծը (ATV), արդյո՞ք այն չկարողացավ պահել վարկանիշը. «Այնպես չէր, որ ռեյտինգի խնդիր կար. մի բան կարող եմ միայն ասել, որ մենք` դերասաններս, ինքներս էլ չհասկացանք դրա փակվելու պատճառը»,- պատասխանեց նա:
Քանի որ արդեն գարուն է, իսկ առջեւում` կանանց միամսյակը, մենք դերասանից հետաքրքրվեցինք` կա՞ն կանայք, որոնց նա տոնական օրերին մշտապես անակնկալներ է մատուցում. «Առաջինը մայրիկիս եմ շնորհավորում եւ նվեր մատուցում: Առհասարակ, ես կանանց նախընտրում եմ մատուցել ծաղիկներ ու այնպիսի նվեր, որին նրանք չեն սպասի. փոքրիկ, բայց յուրահատուկ մի բան, որ ուր գնան` իրենց հետ տանեն»,- նշեց նա:
Քանի որ գարունը սիրահարվելու ամենաբարենպաստ եղանակն է, Ռոմանի խոսքով` ինքը գարնանն ավելի շատ է սիրահարվում. «Ես, առհասարակ, հաճախ եմ սիրահարվում, դա, իհարկե, շատ է օգնում ինձ»,-խոստովանեց նա:
Մենք հարցրինք` այդ պարագայում, երբ «թիրախները» շատ են, աղջիկներն իրենից չե՞ն նեղանում. «Թաքուն եմ պահում, չեն իմանում…(ծիծաղում է), իսկ եթե լուրջ` նեղանալու պատճառ չունեն. իմ կողքին հատուկ մեկը չկա, որ նեղանա»,-ասաց նա:
Ռոմանը պատմեց, որ ինքը երկրպագուների կողմից շատ է սիրո յուրահատուկ խոստովանություններ ստանում. «Հիմնականում պատասխանում եմ նրանց, որոնց հետ ինձ համար եւս հաճելի կլինի երկու խոսք փոխանակել: Ինձ գրում են հիմնականում հասուն աղջիկները: Իսկ իմ արձագանքը կախված է այն բանից, թե ինչպես են ինձ գրում կամ դիմում: Նման դեպքերում հաճախ եմ հումորային պատասխաններ տալիս»,-պատմեց դերասանը:
Ռոմանի խոսքով` երկրորդ կեսի փնտրտուքի հարցում ինքը հաճախ բծախնդիր եւ պահանջկոտ է լինում. «Կարող է՝ շատ խանդոտ եմ, դա էլ է համը հանում, խանգարում…»,- անկեղծացավ դերասանը:
Համենայն դեպս, նրա խոսքով, ինքը երկրորդ կեսին հատուկ չի փնտրում. «Եթե փնտրել-գտնելով լիներ` վաղուց ամուսնացած կլինեի, բայց ես սպասում եմ իմ միակի հայտնվելուն»,- եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍՄԲԱՏՅԱՆԸ` SWISS GART-Ի ԱՐՏԻՍՏ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կայքից՝ արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart¬ը որոշել է համախմբել տարբեր երկրների փորձագետներին Global Art Management¬ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների եւ առաջատար նվագախմբերի հետ՝ Swiss Gart¬ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։ Swiss Gart¬ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո¬սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը եւ հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։ Swiss Gart¬ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի եւ Պինկաս Ցուկերմանի հետ։
ԿԲԱՑԱՀԱՅՏԵՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Անգլիական Էյվոնի Սթրաթֆորդ քաղաքում իրականացվել է գրող, դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գերեզմանի սքանավորումը՝ ռադարի օգնությամբ: BBC-ի տվյալներով` քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում գտնվող Շեքսպիրի գերեզմանը երբեք չի բացվել, սակայն իրականացվել է սքանավորում` այն ուսումնասիրելու համար: Արդյունքները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Շեքսպիրի գերեզմանի հարեւանությամբ կան նաեւ 4 այլ գերեզմաններ, որոնցում հանգչում են գրողի ընտանիքի անդամները` կինը` Էնը, դուստրը` Սյուզանը, փեսան` Ջոն Հոլը, եւ Էլիզաբեթ թոռնուհու առաջին ամուսին Թոմաս Նեշը: Գոյություն ունեն չապացուցված վարկածներ, օրինակ, որ գերեզմանների տակ կարող է լինել ընտանեկան նկուղ, կամ որ դրամատուրգի գերեզմանն ընդհանրապես դատարկ է: Ամեն դեպքում, սքանավորման արդյունքները կբացահայտեն գաղտնիքը: Ուսումնասիրությունների անցկացումը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
91 տարեկանում վախճանվել է ամերիկացի դերասան, «Օսկար»-ի դափնեկիր Ջորջ Քենեդին, որը հայտնի է «Մերկ ատրճանակ» ֆիլմում խաղացած դերով: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դերասանի թոռը՝ Քորի Շենքելը: Hollywood Reporter-ի փոխանցմամբ` Քենեդին մահացել է փետրվարի 28¬ին իր տանը՝ ԱՄՆ¬ի Այդահոյի նահանգում: Ջ. Քենեդին հայտնի է «Օդանավակայան», «Մերկ ատրճանակ» ֆիլմերից: Իսկ «Սառնասիրտ Լյուկը» կինոնկարը դերասանին «Օսկար» հեղինակավոր մրցանակ է բերել` երկրորդ պլանի լավագույն դերի համար: