ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՅԱՆՔՆ» ԷԱՊԵՍ ԿԲԱՐԴԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ իշխանությունները, ի վերջո, հրապարակեցին ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Իհարկե, նախագիծը խորհրդարան ուղարկելուց հետո հնարավոր է՝ իշխանական քաղաքական ուժերը մյուս կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում փաստաթղթում ինչ-որ փոփոխություններ կատարեն, սակայն կասկածից վեր է, որ այդ զիջումները կլինեն, այսպես կոչված, ոչ նշանակալի խնդիրների հետ կապված, իսկ առանցքային հարցերում իշխանությունները հաստատ անդրդվելի կմնան:
Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ նոր ԸՕ-ով էապես կբարդանա կուսակցությունների կյանքը: Այս նախագծով ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներում պետք է ընդգրկեն Հայաստանում առավել մարդաշատ ազգային չորս փոքրամասնությունների առնվազն 2-ական ներկայացուցիչ: Ստացվում է, որ կուսակցություններից յուրաքանչյուրի համամասնական ցուցակում պետք է լինի առնվազն 2-ական եզդի, ռուս, ասորի եւ քուրդ պատգամավորության թեկնածուներ: Նրանք, ի դեպ, պետք է պարտադիր հայերեն կրթություն ստացած լինեն կամ էլ հայերեն տիրապետելու վերաբերյալ տեղեկանք ունենան:
«ժողովուրդ»-ը երեկվա համարում նշել էր, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու առանձին քվեաթերթիկով, որի մի կողմում նշված կլինեն համամասնական ցուցակի առաջին երեք անունները, մյուսում` տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները: Այդպես էլ գրված է երեկ պաշտոնապես հրապարակված նախագծում: Ի դեպ, ՀՀ իշխանությունները նախատեսում են հանրապետությունը բաժանել 13 ընտրատարածքների` ներկայիս 41-ի փոխարեն: Մանդատների բաշխման երկար-բարակ կարգ է նախատեսված, որի հիմնական նպատակն այն է, որ խորհրդարանում որեւէ քաղաքական ուժ կամ դաշինք անպայման ունենա մեծամասնություն:

 

 
Թվում է, թե Հայաստանի նախագահական կայքն այն էջերից պետք է լինի, որտեղ հնարավոր չէ, որ անփութության կամ անտարբերության դրսեւորումներ լինեն: Բայց արի ու տես, որ երբ այս կայքէջը մի փոքր ուսումնասիրում ենք, ապա այնտեղ վաղուց հնացած տվյալներ ենք գտնում, որոնք ներկա իրականության հետ կապ չունեն: Օրինակ՝ նախագահական կայքէջի «Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով ստեղծված հանձնաժողովներ եւ խորհուրդներ» բաժնում այսպիսի գրառման ենք հանդիպում. «ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողով, նախագահ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան»: Նախագահականի աշխատակազմին տեղեկացնենք, որ Հովհաննես Մանուկյանը պաշտոնանկ է արվել Սերժ Սարգսյանի՝ դեռեւս անցած տարվա հուլիսի 14-ին ստորագրած հրամանագրով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կայքէջի որոշ բաժիններ ստեղծվելուց հետո այն աստիճան են մոռացության մատնվում, որ դրանցում անգամ տարիների վաղեմության տվյալներ կարող են նշված լինել:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը մի առ ժամանակ «դադարեցվել» է: Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի: «Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝ շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել` առանց պաշտոնական ծանուցման: Այլ կերպ ասած՝ քննիչները բոլորի հետ զրուցել են` պարզելու, թե արդյոք «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել է, ինչ է զրուցել: Նրանց թվում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առէկսիմբանկ»-ը: Այժմ բանկը հավաքագրում է ընկերության գույքը, եւ առաջիկայում տեղի կունենա դրա աճուրդը: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Քինգ դե լյուքս»-ի գույքը ցանկություն ունի գնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը: Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը ԲՀԿ նախկին առաջնորդի սանիկն է: Նախկինում, երբ նրա գործերը դեռ «աջ էին գնում», այդ հանգամանքը հիմնականում պայմանավորվում էր հենց Ծառուկյանի հետ ունեցած մտերմությամբ: Իսկ թշնամանալուց հետո Հարությունյանի գործերը սկսեցին գնալով վատանալ: Անգամ ՀՀԿ-ի «գիրկը վազելը» Պալաչին չօգնեց: Ի վերջո, նրան պատկանող ընկերությունը պաշտոնապես սնանկ ճանաչվեց: Այսպիսին է հայաստանյան գործարարության առանձնահատկությունը:

 

 

 
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ

Հատկապես երկրորդ Մայդանից հետո Հայաստանում ակտիվ դրամաշնորհային գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններն ու արեւմտամետ քաղաքական գործիչները յուրաքանչյուր առիթով որպես ժողովրդավարական զարթոնքի օրինակ բերում են Ուկրաինան, թե տեսեք` ինչ երկիր են կառուցում եւ ինչպիսի անշեղ քայլերով են գնում դեպի եվրոպական արժեքներն ու բացարձակ ժողովրդավարությունը:
Ինչ խոսք` Սերժ Սարգսյանի կողմից մեկ գիշերում կայացված եւ 2013թ. սեպտեմբերի 3-ին ներկայացված որոշումը զգալիորեն հետ գցեց մեր երկրի զարգացումը, եւ այսօր դա բոլորից լավ գիտակցում են հենց իրենք` իշխանությունները, որոնք վերստին ձեռնամուխ են եղել Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Սակայն մյուս կողմից էլ վերը նշված շրջանակների կանխատեսումները, թե ԵՏՄ-ին անդամակցելուց կարճ ժամանակ անց Հայաստանը լինելու է Ղազախստանի կամ Բելառուսի հետ նույն հարթությունում, ազատությունների եւ ժողովրդավարության մակարդակի տեսանկյունից չիրականացան: Սա էլ, թերեւս, լավ գիտակցում են արեւմտամետ գործիչները, որոնց կողմից ուկրաինական ժողովրդավարությանն ուղղված ձոներգերը հետզհետե ավելի ցածր են հնչում:
Իսկ, ահա, նախօրեին Ուկրաինայի կառավարության ընդունած հրամանագիրը, առհասարակ, որեւէ աղերս չունի եվրոպական ժողովրդավարության հետ եւ ավելի շատ հիշեցնում է դարձ դեպի հին` ռուսահպատակության տարիների ավանդույթներին: Այսպես` նախօրեին հրապարակված հրամանագրով այսուհետ Ուկրաինայի պետական պաշտոնյաներին արգելվում է հրապարակայնորեն քննադատել իրենց գործընկերների, ինչպես նաեւ պետական կառույցների աշխատանքը: Կարգազանց պաշտոնյաներին սպառնում են կարգապահական տույժեր: Ուկրաինայի կառավարության փաստարկմամբ` այս որոշման նպատակը պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության վերականգնումն է:
Այսպիսով` ինչ է ստացվում. բոլորիս որպես օրինակ ի ցույց դրվող երկրում պետական ապարատի նկատմամբ վստահությունն այնքան ցածր է, որ այն փորձ է արվում վերականգնել՝… մարդկանց բերանը փակելով: Ներողություն, իսկ ուր մնաց խոսքի ազատությունը, չէ որ պաշտոնյաներն ու պետական ծառայողները եւս մարդիկ են: էլ չասած, որ այս հրամանագրից հետո, ըստ էության, հրապարակային տիրույթում չի կարող գործարկվել ցանկացած պետական համակարգի արդյունավետ գործունեության պարտադիր պայման հանդիսացող հակակշիռների մեխանիզմը: Բոլորը պետք է բոլորից գոհ լինեն, համենայն դեպս, հանրության առջեւ այդպես ցույց տան: Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը կամ նախագահ Պորոշենկոն եւս իրավունք չունեն քննադատել իրենց ենթականերին:
Իսկ եթե ավելի լուրջ՝ նաեւ նման որոշումներն աչքի առաջ ունենալով է, որ մտածում ես` Էս երկիրը լավ էլ երկիր է:




Լրահոս