
ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նախօրեին հանդիպել է իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո ԵՄ ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին հորդորել է թափանցիկ հետաքննություն վարել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ: Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներում:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ մի քանի պատգամավորների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, նախօրեին Աժ-ում ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կայացած հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Հանդիպումը եղել է փակ կոնտեքստով: Քննարկումը եղել է հիմնականում ԼՂ խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Սիրիայի փախստականների շուրջ, ԸՕ, սահմանադրական բարեփոխումների, նաեւ ԵՄ-Հայաստան հետագա զարգացման հետ կապված: Մոգերինին հանդիպման ժամանակ ցանկանում էր ավելի շատ ինքը լսել, քան արտահայտվել:
-Իսկ ընդհանուր առմամբ Մոգերինիի այցից ի՞նչ ակնկալիքներ ունեիք, եւ որքանո՞վ կարելի է դրանք իրականացած համարել:
-Եվրոպական կառույցների բոլոր ներկայացուցիչները եւ հեղինակավոր կառույցները անընդհատ այցելություններ են ունենում, եւ, բնականաբար, այդ այցելությունները իրենց օգտական ազդեցությունները թողնում են: Բայց եթե մտածենք, որ որեւէ օտարերկրյա կառույցի այցելություն կարող է բեկումնային ազդեցություն ունենալ մեր երկրի վրա, չեմ կարծում, որովհետեւ մեր երկրի ճակատագիրը որոշողները մենք ենք: Սակայն այցը դրական ազդեցություն կարող է ունենալ, որովեհետեւ ինֆորմացիայի փոխանակումը շատ կարեւոր է:
-Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, ըստ սահմանված ժամանակացույցի, պետք է մարտի 1-ին հրապարակվեր: Սակայն դա տեղի չունեցավ, ինչո՞ւ: Դա կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:
-Ես առաջին անգամ եմ լսում, որ կարող է ինչ-որ անհատի այց կապված լինի այդ խնդրի հետ: Դա ավարտված է, կառավարության նիստը պարզապես պետք է լինի վաղը /այսօր Ա. Թ/, որի ժամանակ ամեն ինչ կավարտվի, եւ բոլորդ հանգիստ կարող եք ականատես լինել այդ քննարկումներին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան կատարած այցից ինչպիսի՞ տպավորություն ստացաք:
-Ուրախ եմ, որ Մոգերինին եկավ Հայաստան` քննարկելու բանակցային գործընթացների խնդիրները` իր սեփական գնահատականը ստանալու համար: Քննարկման ընթացքում ես բարձրաձայնեցի ԼՂ հիմնախնդրի մասին, եւ շնորհակալություն հայտնեցի, քանի որ եվրամիությունում ընկալում են, որ պետք է միայն խաղաղ բանակցություններով խնդրի լուծմանը հասնել: Ուշադրություն հրավիրեցի քաղհասարակության մակարդակի վրա, կարեւորեցի վիզաների ազատականացման խնդրի շուրջ քննարկումները: Նաեւ բանակցային գործընթացի շրջանակներում մի առաջարկ արեցի` կարեւորելով մեր ապագա հարաբերությունների մեջ թափանցիկության էլեմենտի բարձրացումը… Վստահ եմ, որ լսելով մեզ եւ քաղհասարակության ներկայացուցիչներին, կոալիցիոն գործընկերներին, իշխանություններին՝ Մոգերինիի մոտ կձեւավորվեն ճիշտ պատկերացումներ, թե ինչ խնդիրներ ունենք, եւ դա կնպաստի, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանան, խորանան եւ չդառնան ուղղակի տեխնիկական համագործակցություն:
-Արդյո՞ք Մոգերինիի այցը կարող է որեւէ ազդեցություն ունենալ արծարծված խնդիրների շուտափույթ լուծման հարցում:
-Ցանկացած առաջարկ, որ անում ենք, մենք ինքներս էլ պետք է կյանքի կոչենք: ԵՄ-ն կարող է մեզ հետ ճանապարհ անցնել, օգնել իր փորձով, գիտելիքներով, փորձագիտական կարծիքով, ինչ-որ չափով երեւի ռեսուրսներով, բայց ճանապարհ անցնողը մենք ենք լինելու: Եվրամիությունը մեր տեղը չի գալու Հայաստան՝ կառուցելու, մենք ինքներս պետք է կառուցենք:
-Մարտի 1-ին նոր ԸՕ-ի նախագիծը պետք է հրապարակվեր, սակայն, չգիտես թե ինչու, հետաձգվեց: Ըստ Ձեզ՝ դա կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:
-Ես չէի կապի: Ինչ-որ արհեստական տեսանկյունից կարելի է ասել, որ դա այդպես է, բայց ինձ թվում է, թե ուղղակի տեխնիկական խնդիր է:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է մի շարք պատգամավորների հետ, որոնց թվում էիք նաեւ Դուք: Որո՞նք են այն ուշագրավ հարցերը, որ քննարկել եք Մոգերինիի հետ:
-Մենք ողջունում ենք նման այցերը, որովհետեւ Հայաստանի համար շատ կարեւոր է ԵՄ-ի հետ բարձր հարաբերությունների պահպանումը: Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ՀՀ ներքաղաքական խնդիրները, շեշտադրումներ են արվել նոր ԸՕ հետ կապված: ԵՄ-ն ամեն կերպ աջակցելու է, որպեսզի ընտրական օրենսգիրքը ընդունվի, եւ ընտրակեղծիքների 25-ամյա այս մեխանիզմներին վերջ դրվի: Ես հատուկ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ Հայաստանի խնդիրների լուծման իմ ակնկալիքները մեր քաղաքական համակարգում են: Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների պաշտպանության, վերկանգնման համար: Ես ինչ-որ իլյուզիաներ չունեմ, որ պետք է Հայաստանից դուրս եղած ուժերը` թե՛ արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի, մեր խնդիրները տեղում լուծեն: Իմ ակնկալիքը ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացին է: Մենք ամենօրյա աշխատանքով ամեն ինչ անում ենք, որ քաղաքացին մեզ աջակցի մեր նպատակների իրականացման, մեր պատկերացրած լուսավոր Հայաստանի համար մեր պայքարում:
-Սահմանված ժամանակացույցի համաձայն` նոր ընտրական օրենսգրքի նախագիծը մարտի 1-ին պետք է հրապարակվեր, դա, սակայն, տեղի չունեցավ: Ի՞նչ եք կարծում՝ այս հանգամանքը կապ ունե՞ր Մոգերինիի այցի հետ:
-Չգիտեմ, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ կա սահմանադրության պահանջ, որ մինչեւ հունիսի 1-ը պետք է ընդունվի օրեսգիրքը: Եւ մինչեւ այդ կընդունվի: Այլ բան է, թե ինչ օրենսգիրք կընդունվի: Մոտ օրերս նախագիծը կհրապարակվի, եւ կտեսնենք, թե արդյո՞ք դա հնարավորություններ կտա ինչ-որ կերպ ազդելու պրոցեսի վրա, թե ոչ:
ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ԷՐ
Դեռեւս փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի՝ 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն անընդունելի հայտարարությամբ հանդես եկավ` ցեղասպանություն հասկացողությունը համարելով զավեշտական:
«Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում՝ ցեղ վերացնել, ինչ է նշանակում 1,5 հայերի գլխատել, սա շատ անընդունելի եւ շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ…»,- ժողովի ժամանակ հայտարարել էր Վարդանյանը:
Կարելի է նկատել, որ երեկ դիվանագիտության օրն էր, քանի որ այս քայլը ոչ ոքի աչքից չվրիպելով՝ սկսեց լայն թափով քննարկվել հանրության շրջանում:
«Ժողովուրդ»-ը Վրաստանում Հայաստանի դեսպանի հայտարարության մասին իր տեսակետը հարցրեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանից, ով ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Այս հայտարարությունը ես վատ եմ գնահատում: Սա հերթական խայտառակ նշանակումն էր Սերժ Սարգսյանի դիվանագիտական կորպուսում: Ես ափսոսում եմ, որ դիվանագիտական կորպուսը այսպիսի բարձիթողի վիճակում է գտնվում… այս մարդն էլ նման հայտարարություններով է հանդես գալիս: Ափսոսում եմ, որ նման նշանակումներ են անում` անտեսելով պրոֆեսիոնալ կադրերը…»:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԴԱՇՆԱՄՈՒՐ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա էլ անցել է երաժշտական գործիքների վաճառքին: Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ: Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված: Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց: Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մեկ օր, եւ երեկվա դրությամբ գնային առաջարկներ դեռեւս չկային:
ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 4-ին կկայանա «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետեր «East prospect Fund» հիմնադրամի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը: Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրվել էր պայմանագիր «East Prospect Fund»-ի հետ, որին անցել է բաժնետոմսերի 49 տոկոսը: Ի դեպ, «East Prospect Fund»-ը գրանցված է բրիտանական օֆշորային տարածքում՝ Վիրջինյան կղզիներում: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն են եւ աշխատում են անգլիական իրավական կանոններով: Նշենք, որ ընկերությունը դեռեւս 2014 թվականի վերջերին մտադրություն ուներ «Էյր Արմենիա»-ում 30 մլն դոլարի ներդրում անել: Նախատեսվում էր գնել եւս 2 օդանավ, պետք է վերակառուցվեր ավիաընկերությունը: Իսկ թռիչքները պետք է սկսվեին անցած տարվա հունվար-փետրվարից: Սակայն, ինչպես տեսնում եք, ավելի քան մեկ տարի է անցել, բայց ընկերությունը դեռ հետսնանկացման գործընթացում է:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվն աճել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվարին արձանագրվել է հազար 17 հանցագործության դեպք, անցած տարվա հազարի դիմաց: Ի դեպ, մեկ ամսվա կտրվածքով սպանությունների դեպքերը նվազել են 4-ով: Նշենք նաեւ, որ հիմնականում աճել են ծանր հացագործության դեպքերը` 20 դեպքով: 2015-ին գրանցվել է ծանր հանցագործության 207 դեպք, այս տարվա հունվարին դրանք եղել 227-ը: Ի տարբերություն սպանության դեպքերի՝ սպանության փորձերն այս տարվա հունվարին, անցած տարվա համեմատ, կրկնակի աճել են. նախկին 3 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 6 նման դեպք: