ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿԻՍԱԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ իշխանությունները, ի վերջո, հրապարակեցին ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որը ներառված է ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում եւ հաստատվելուց հետո այն պետք է ուղարկվի խորհրդարան:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իրականացան «Ժողովուրդ» օրաթերթի այն կանխատեսումները, որ առաջիկա` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրատարածքների թիվը երեք անգամ կրճատվելու է, իսկ կուսակցություններից յուրաքանչյուրն էլ ներկայացված է լինելու առանձին ցուցակով:
Այսպես՝ ընտրատարածքների թիվը 41-ից առաջարկվում է դարձնել 13: Դրանցից 4-ը լինելու են Երեւանում. 1-ին ընտրատարածքում ընդգրկված կլինեն Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, 3-րդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները եւ 4-րդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: Մնացած թվով 9 ընտրատարածքներն իրենց մեջ ներառելու են մարզերը, որոնցից Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը կազմելու են մեկ ընդհանուր ընտրատարածք, իսկ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերից ամեն մեկն առանձին ընտրատարածք է լինելու:
Քվեարկության կարգի հետ կապված նորամուծություններից մեկն էլ այն է, որ ընտրողների գրանցումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ ընտրողն իր անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալու է տեղամաս, որտեղ փաստաթուղթը դրվելու է հատուկ սարքի մեջ, որը անձին նույնականացնելու է ընտրական ցուցակի հետ եւ ասելու է՝ տվյալ անձը արդեն քվեարկել է, թե ոչ: Երբ համակարգը ասում է, որ տվյալ ընտրողը դեռ չի քվեարկել, նոր միայն նա քվեաթերթիկ ստանալու իրավունք է ստանում:
Առաջարկվում է, որ ԱԺ ընտրություններում կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացված լինի առանձին քվեաթերթիկով, որի մի երեսին նշված է լինելու տվյալ կուսակցության կամ դաշինքի անվանումը եւ, այսպես կոչված, հիմնական համամասնական ցուցակի առաջին երեք անունները: Իսկ քվեաթերթիկի հաջորդ երեսին պետք է նշված լինի տվյալ ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրած անհատ թեկնածուների անունները: Ի դեպ, ընտրատարածքից յուրաքանչյուրում կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են առաջադրել առնվազն հինգ անհատ թեկնածուներ: Անհատ թեկնածուների առավելագույն քանակը պետք է լինի յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվարկով մեկական թեկնածու: Օրինակ՝ Երեւանում, որի չորս ընտրատարածքների ընտրողների միջին թիվը լինելու է մոտ 200 հազար, ընտրատարածքից յուրաքանչյուրում ամեն մի կուսակցություն կարող է առաջադրել մինչեւ 20-ից 21 թեկնածու:
Ի դեպ, կուսակցությունների եւ դաշինքների համամասնական թեկնածուների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան 80-ը եւ ոչ ավել, քան 300-ը: Միայն այս հանգամանքի շնորհիվ մարդ-կուսակցությունները գործնականում չեն կարողանա ընտրություններին մասնակցել կամ էլ ստիպված կլինեն այլ մարդ կուսակցությունների կամ առավել ազդեցիկ քաղաքական ուժերի հետ դաշինքներ կազմել: Վերը նշվածից բացի՝ համամասնական ցուցակները պետք է ունենան նաեւ երկրորդ մաս, որում ներառված պետք է լինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ըստ այդմ, ազգային փոքրամասնության բաժնում պետք է լինեն առնվազն 8 թեկնածուներ` չորս տարբեր ազգային փոքրամասնությունների` երկուական թեկնածուներ: Ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի թեկնածուների առավելագույն թիվը կարող է լինել 4: 2011 թվականին իրականացված մարդահամարի արդյունքներով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնություններն են եզդիները, ռուսները, ասորիները եւ քրդերը: Այս նորամուծության պատճառով կուսակցությունները ստիպված կլինեն նաեւ ազգային փոքրամասնությունների շրջանում «մարդաորս» սկսել: Ի դեպ, Հայաստանում ազգային բոլոր փոքրամասնությունների ընդհանուր թիվը բնակչության 2 տոկոսից էլ քիչ է՝ մոտ 57 հազար ՀՀ քաղաքացի:
ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը լինելու է կողմ քվեարկված ձայների եւ անճշտությունների հանրագումարի 5 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը: Մանդատները բաշխվելու են հետեւյալ սկզբունքով՝ կուսակցության հասանելիք մանդատների թվի կեսը տրվելու է հիմնական ցուցակի թեկնածուներին, իսկ մնացած կեսը` տարածքներում կուսակցությունը ներկայացնող թեկնածուներին` ըստ նրանց ստացած անհատական ձայների: Այլ կերպ ասած՝ տարածքներում կուսակցությունները ներկայացնող թեկնածուների միջեւ եւս ներքին մրցակցություն է ծավալվելու:
ԱԺ ընտրությունները մեկ փուլով ավարտվում են, եթե կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ի սկզբանե ստացել է բաշխման սպասող 101 մանդատներից առնվազն 53-ը: Իսկ եթե որեւէ կուսակցություն չի ստացել այդքան մանդատ, ապա տեղի է ունենում մանդատների նախնական բաշխում: Եթե ԱԺ ընտրությունների առաջին փուլով որեւէ քաղաքական ուժ ստանում է մանդատների մեծամասնությունը, կամ քաղաքական ուժերը պաշտոնապես ԿԸՀ-ին տեղակացնում են կոալիցիա կազմելու մասին, որի պատգամավորների թիվը կազմում է ընդհանուրի մեծամասնությունը, ապա երկրորդ փուլ չի անցկացվում: Այն դեպքում, երբ մեծամասնություն չի ձեւավորվում, ապա երկու առավել շատ թվով ձայներ ստացած քաղաքական ուժերի մասնակցությամբ երկրորդ փուլ է անցկացվում:
Մի խոսքով, մանդատների բաշխման նոր կարգը այնպես է նախատեսված, որ խորհրդարանում քաղաքական ուժերից կամ դաշինքներից մեկն անպայման մեծամասնություն ունենա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ՀԱՄԱԶԳԵՍՏԻՑ ՀԱՆԵՑ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել: Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաեւ հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը` Թեւոս Սաֆարյանը: Այսինքն՝ եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել: Ի դեպ, նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի վարչության բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ըստ մեր աղբյուրների՝ Տիտանյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինիս տեսել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը` «գումար խաղալիս»:

 

 

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը եւ բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ շուրջ 95 միլիոն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: «Ժողովուրդ»-ին երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշված անձանց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել: Սակայն նկատենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀէՑ-ի նախկին աշխատակիցներից ձերբակալված անձանցից մեկը փորձել է առողջական վիճակի վատթարացման հնարավոր սցենար առաջ քաշել` կալանքի մեղադրանքից խուսափելու համար, սակայն համապատասխան ստուգումից եւ բուժօգնությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը լինելու վերաբերյալ տարածված լուրերի կապակցությամբ ՀՀ կառավարությունից Armlur.am-ին հավաստիացրել են. «Տեղեկատվությունը, թե «նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»: Պարզաբանման մեջ նշված է նաեւ, թե Աբրահամյանի գլխավորությամբ հետեւողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որը միտված է նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը եւ ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը: Իսկ, ահա, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից Armlur.am-ին փոխանցել են, որ ավիաընկերության բաժնետոմսերի 49-ը տոկոսը պատկանում է Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 51 տոկոսը` ՀՀ քաղաքացի, Գյումրիի բնակիչ Աշոտ Թորոսյանին:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի որոշմամբ` Դիվանագետի օրվա առթիվ երկարամյա անբասիր գործունեության համար ՀՀ ԱԳՆ տեղակալ Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ եւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարգեւատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Սարգսյանի մեկ այլ որոշմամբ` արդյունավետ եւ բարեխիղճ գործունեության համար Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան ԲԱԼԱՅԱՆԸ:

 

 

ԽՈՍՈՂ ՄԱՐԴ ՉՄՆԱՑ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ԿԸՀ է ուղարկվել գրություն` Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Մուկուչյանը նաեւ տեղեկացրել է, որ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է ՀՅԴ ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:

 

 

25 ՏԱՐԵԿԱՆ
«Այսօր հայկական լրատվական աշխարհում մեծ հոբելյան է, «Ազգ»-ի 25-ամյակն է լրանում: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել այս գեղեցիկ հոբելյանի առթիվ եւ մաղթել նոր հոբելյաններ: Պարզվում է, որ «Ազգ»-ը Հայաստանի անկախությունից մեծ է. մենք անկախությունը հռչակեցինք սեպտեմբերի 21-ին, իսկ «Ազգ»-ը ստեղծվեց փետրվարի 16-ին»,- «Ազգ» օրաթերթի 25-ամյակի միջոցառմանն ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանին պարգեւատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
«Ժողովուրդ» օրաթերթի անձնակազմը շնորհավորում է «Ազգի»-ի իր գործընկերներին` մաղթելով լավագույնը:




Լրահոս