ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄՈԹԱՆՔՆ ՈՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով ժամանակավոր դադար է: Բանն այն է, որ ԱԱԾ-ում դեռեւս սպասում են, որ նորանշանակ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը ծանոթանա «հանցավոր խմբի» նախաքննության ընթացքին եւ կատարված աշխատանքներին, որից հետո քննիչները կանցնեն քննչական աշխատանքներին:

Մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ
Դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը, անդրադառնալով իրավապահների կողմից նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի մասով հասարակության շրջանում առկա անվստահությանը, կասկածները փարատելու համար հրապարակավ ամոթանք տվեց կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին: Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասել էր. «Այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետեւ նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27, կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենային, եւ իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք ազգային անվտանգության մարմիններին»:
Նկատենք, որ «հանցավոր խմբի» վնասազերծումից անցել է 3, 5 ամիս, եւ մինչ օրս այս գործով բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Չնայած Սերժ Սարգսյանը համբերության կոչ էր անում մաքսիմում երեք շաբաթ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել, եւ ինչ է պլանավորած եղել խումբը, սակայն մինչ օրս այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ էր այս գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը ծրագրել: Միայն ակնհայտ է մեկ բան, որ նրա եւ այս գործով անցնող այր Անտոն Թութունջյանի ցուցմունքների հիման վրա մի շարք անձինք կալանավորվեցին:

Փրկված ազատամարտիկներից մեկը
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել: Նրա հանդիպումները անցել էին նույն սցենարով. պատրվակը եղել էր իր հոր` ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաեւ նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը: Իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ նա, որպես կանոն, փորձել է ինչ-որ գաղտնի թեմայի շուրջ «կոնսպերատիվ» զրույց ծավալել:
Գործնականում ազատամարտիկների մեծամասնությունը գաղտնի զրուցելու առաջարկը լսելուց հետո երիտասարդին դուրս է վռնդել, երբեմն նաեւ կոպիտ բառերով:
Իսկ բոլոր այն ազատամարտիկները, որոնք Արթուր Վարդանյանի՝ գաղտնի զրուցելու առաջարկությանը դրական են պատասխանել, ու պարզ չէ՝ ինչ են զրուցել (գուցե շատ անմեղ ինչ-որ թեմայով), այսօր հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում եւ ստիպված են եղել պարզաբանել, թե երիտասարդի հետ ինչ թեմայի շուրջ են զրուցել եւ արդյո՞ք նրա ծրագրերի մասին տեղյակ են եղել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ ազատամարտիկներից մեկը, որը վերջերս իրավապահներին պարզաբանել է, թե որտեղից է ճանաչում Արթուր Վարդանյանին, եղել է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Ըստ լուրերի՝ վերջինս եւս ծանոթ է եղել Արթուր Վարդանյանին, սակայն այնքան էլ ջերմ հարաբերություններ չեն ունեցել: Բայց այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի իրավապահները վերջինիս եւս որոշակի հարցեր ուղղեն եւ համապատասխան պատասխաններ ստանալուց հետո առայժմ «հանգիստ թողնեն»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ իր հետ ոչ մեկ չի հանդիպել, սակայն եթե հանդիպեր, դա իրենից որեւէ վտանգ չէր կարող ներկայացնել, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու հետ էլ կարող է մեկ հանդիպում լինի, խնդիր չկա:
«Չի բացառվում, որ միտինգի տեղը ինչ-որ մարդիկ ինձ տեսնելով ճանաչեն, բայց անհատական զանգով հանդիպում չի եղել»: Հարցին, թե կոնկրետ Արթուր Վարդանյանը իր հետ չի՞ խոսել կամ չի՞ հանդիպել, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Չեմ էլ պատկերացնում՝ ում մասին է խոսքը, ամեն դեպքում, ինչքան տեսել եմ, տեսել եմ հեռուստատեսությամբ այդ դեպքերի հետ կապված»:

Գործը «Time out» է վերցրել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վնասազերծված «հանցավոր խմբի» գործով ժամանակավոր դադար է: Բանն այն է, որ ԱԱԾ-ում դեռեւս սպասում են, որ նորանշանակ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը ծանոթանա «հանցավոր խմբի» գործով նախաքննության ընթացքին եւ կատարված աշխատանքներին, որից հետո քննիչներին կտրվեն համապատասխան ցուցումներ, եւ նրանք կանցնեն քննչական գործողություններին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
20 ՕՐ ՉԴԻՄԱՑԱՎ
Մարտի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա Մխիթար Սարգսյանը ինքնասպան էր եղել: Նա, որ իր որդու թասիբը պահելու համար ծեծի էր ենթարկել անչափահաս երեխային ու հայտնվել բանտում, 20 օր չկարողացավ դիմանալ եւ վերջ տվեց իր կյանքին:
Եվ այսպես, 2015 թվականի սեպտեմբերին Մխիթար Սարգսյանի որդուն 13-ամյա Մարտին Բալյանը ձեռքով հարվածել է: Մխիթարն էլ որոշել է որդուն ծեծի ենթարկելու համար հաշվեհարդար տեսնել: 13-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակ, որտեղ նկատելով բակում խաղացող անչափահաս Մարտին Բալյանին՝ առանձնակի դաժանությամբ ձեռքով հարվածել է երեխայի դեմքին, այնուհետեւ ոտքով՝ նստատեղին, որից հետո՝ մարմնի ձախ հատվածին: Մարտինը ընկել է գետնին: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մխիթար Սարգսյանը ոտքով դիտավորությամբ հարվածել է գետնին ընկած Մարտինի դեմքին, ինչի հետեւանքով վերջինս ունեցել է կարճատեւ ուշագնացություն, եւ այդ վիճակում Մխիթարը բռնել է Մարտինի մազերից, բարձրացրել է եւ բռունցքով հարվածել նրա գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Այս արարքի համար Մխիթար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դիտավորությամբ միջին ծանության վնաս հասցնելը: 2015 թվականի հոկտեմբերի 19-ի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մխիթար Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 1 ամիս 3 օր ժամկետով: Այսինքն՝ Մխիթար Սարգսյանին մնացել էր ընդամենը 30 օր, որ նա հայտնվեր ազատության մեջ, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա որոշեց վերջ տալ կյանքին:
Ի դեպ, հիշեցնենք, որ ինքնասպան եղած Մխիթար Սարգսյանի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, դեռեւս 2015 թվականին պատմել էր, որ դեպքից հետո ամուսինը կորցրել է աշխատանքը, որը մեծ դժվարությամբ էր գտել, ավելին` նրան հրաժարվում էին աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, թե հանցագործ է:
«Դու սայթերով ընգած ես, էդ ի՞նչ ա, հանցագո՞րծ ես: Ուր էթում ա, դուռը շփցնում են, աշխատանքի չեն ընդունում, ասում են` վեշերդ հավաքի, գնա»,- ասել են նրան:
Կինը դեռեւս ամիսներ առաջ հայտնել էր նաեւ, որ եթե ամուսնուն կալանավորեն, իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքը կզրկվի կերակրող ձեռքից, ավելի «կկործանվեն»: Ըստ նրա` իրենք խնդրել են Մարտինի մորը եւ պապիկին հետ վերցնել իրենց բողոքը: Վերջիններն ասել են, թե չեն բողոքել, իրենք Մխիթար Սարգսյանին տվել են պետության ձեռքը, թող իրենց «դատ ու դատաստանը» տեսնեն. «էդ մարդիկ ամուսնուս համար մահապատիժ են ուզում, ասում ա` գնա, դատ ու դատաստանդ տես, գնա դատվի»:
Նա, իհարկե, դատվեց, եւ 20 օր էր մնացել, որ ազատ արձակվեր, բայց ինքնասպան եղավ բանտում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը։ Փոստանջյանը որոշումը բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարանում։ Հիշեցնենք, որ Փոստանջյանի պնդմամբ` չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի՝ այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

 

 

ՓԱԹԵԹՈՎ ԱԶԱՏՈՒՄ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետն ու ամբողջ աշխատակազմը հեռացվել են աշխատանքից։
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այդ կապակցությամբ «Ազատության»-ն ասել է, թե «Կատարվածը պետք է դիտել բարեփոխումների շրջանակում»: Այնուամենայնիվ, արձագանքելով հարցին, թե արտառոց չէ՞, որ բարեփոխումների շրջանակում ողջ անձնակազմն է հեռացվում աշխատանքից, Ահարոնյանն ասել է. «Այստեղ նաեւ աշխատանքի կարգապահական խնդիրներ կային, քաղաքացիների շփումների հետ կապված խնդիրներ կային»։
Ողջ աշխատակազմին գրչի մի հարվածով աշխատանքից ազատելու որոշումը ՀՀ ոստիկանապետը կայացրել է այն պատճառով, որ ներսում աշխատանքային անհաշտ մթնոլորտ է եղել: Նրանց ժամանակ է տրվել` հարթելու իրավիճակը, սակայն չի ստացվել, դրա համար էլ բոլորը հեռացվել են աշխատանքից:

 

ԿՏՐԱՄԱԴՐԵՆ
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք տրամադրելու հարցը: Խոսքը էլեկտրական բարձրախոսների եւ ուժեղացուցիչների մասին է: Ըստ նախագծի` սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում:

 

ԴԻՄԵԼ ԵՆ
«Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները երկուշաբթի օրը դիմել են ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսզի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:

 

ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:




Լրահոս