ՊԱԼԱՏԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը շաբաթօրյա իր ելույթով ցրել է ներքաղաքական կյանքի միապաղաղ ընթացքը: Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նա անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը եւ, ի զարմանս շատերի, բավական կոշտ քննադատել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը վերսկսել է իր քաղաքական PR սերիալները: Միայն թե խոստովանենք՝ կատարվածն այս անգամ եւս հակառակ արդյունքն է ունեցել, ու «խիարը կրկին թարս է բուսնել»:

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ

Ս. Սարգսյանը, դիմելով ՎՊ նախագահին, հայտարարել է, թե պրոֆեսիոնալ մարմինը պետք է ոչ թե գնահատականներ հնչեցնի, այլ փաստեր ու վերլուծություններ հրամցնի: «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել… Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես, խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար»,-Ի. Զաքարյանին նախատել է նա: Այնուհետեւ Ս. Սարգսյանը դիմել է խորհրդակցության մասնակիցներից գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` ասելով. «Ձեր խնդիրն է լինել հստակ եւ կատարել օրենքի պահանջները՝ անկախ նրանից՝ ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել եւ տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը` 701 մլրդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել` ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին եւ ասել` ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել»:
Փաստորեն, Ս. Սարգսյանը խորհրդակցության ժամանակ քննադատել է ոչ թե պետական միջոցները մսխողներին, այլ այդ ամենը բացահայտած կառույցի ղեկավարին, որը, թերեւս, իրեն շռայլություն էր թույլ տվել «անցնել սահմաններն» ու ԱԺ ամբիոնից զեկույցին զուգահեռ որոշ գնահատականներ հնչեցնել գանձագողերի հասցեին: Մինչդեռ տարրական տրամաբանությունը հուշում է, որ այսքանից հետո Ս. Սարգսյանը պետք է այս մասին մի քանի բառ էլ ասեր վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նախարարներին, որովհետեւ ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել նախարարություններում եւ դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում, ուստի հայտնաբերված բոլոր խախտումների համար եթե ոչ անմիջական, ապա քաղաքական պատասխանատվություն են կրում վարչապետն ու նախարարները: Բայց Ս. Սարգսյանը, ընդհակառակը, գերադասել էր աղմկահարույց այդ զեկույցի բովանդակությունն անտեսել: Ավելին, նա իր ելույթով պարզապես կանաչ լույս է վառել գանձագողերի համար` հասկացնելով, որ այսուհետ իր հետ գործ կունենան ոչ թե պետական միջոցները մսխողները, այլ նրանց քննադատողները: Եվս մեկ կարեւոր հանգամանք. իր ելույթով Ս. Սարգսյանն անուղղակի կերպով սահմանել է մսխումների թույլատրելի շեմը` 200-300 մլն դրամ, այսինքն` բյուջեի մոտ 20-30 տոկոսը: Նա նաեւ անուղղակի կերպով խոստովանել է, որ ներկայումս բյուջեն մսխվում է հենց այդ չափով: Հակառակ դեպքում հազիվ թե այս թիվը «խփեր»:

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ
ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ

Մինչ վերջերս Ի. Զաքարյանը համարվում էր Ս. Սարգսյանի մտերիմներից մեկը, եւ նրա հանդեպ նման պահվածքն առնվազն անսպասելի էր: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ս. Սարգսյանի մոտ Զաքարյանի դեմ դավեր են նյութել տարբեր ուժեր` վարչապետ Տ. Սարգսյանն իր հերթին, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, Ս. Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, իր հերթին, ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն էլ իր հերթին: Նկատենք, որ Զաքարյանի դեմ արշավի մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռությունը: Ի. Զաքարյանի դեմ Տ. Սարգսյանի եւ Ա. Բաղդասարյանի «դեմարշն» ունի նաեւ այլ պատճառ. ՎՊ նախագահն իր ելույթում հայտարարել էր, թե հատկապես մեծ են ռիսկերը շինարարության եւ պետական գնումների ոլորտում, եւ որ 2013թ. ընթացքում ՎՊ-ն պետք է այնտեղ ստուգումներ անի: Իսկ այդ ոլորտները համարվում են իշխանություններին սնուցող հիմնական ֆինանսական խողովակները` «ատկատների» մեծ հնարավորություն տալով նրանց: Եվ պատահական չէ, որ ե՛ւ Բաղդասարյանը, ե՛ւ Սարգսյանը ՎՊ նախագահին ԱԺ ներկայացրած տարեկան հաշվետվության մասին խոսելիս մեղադրեցին նույն կերպ` քաղաքական գնահատականներ տալու մեջ: Բացի այդ, Ս. Սարգսյանին մատուցվել է, որ ՎՊ նախագահը Ռոբերտ Քոչարյանի կարգադրմամբ է գործում:
Ի. Զաքարյանի դեմ է սկսել աշխատել նաեւ իր տեղակալ Լեւոն Յոլյանը: Բանն այն է, որ տարեվերջին կլրանա Զաքարյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, եւ հիմա Յոլյանը, որը, ի դեպ, համարվում է համապետական ընտրություններում ՀՀԿ շտաբի ստվերային ղեկավարը եւ Ս. Սարգսյանի «բլոտի ընկերը», ինքն է ցանկանում ղեկավարել այդ կառույցը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Զաքարյանի դեմ պայքարում Յոլյանին ակտիվորեն օգնել է նրա մտերիմ ընկերներից մեկը` Ֆլեշ Բարսեղը. այս անձնավորությունը, պետական համակարգում չունենալով պաշտոն, այնուամենայնիվ, համարվում է իշխանության առանցքային դեմքերից մեկը` ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչը: Նշվում է, որ ՀՀ-ում ու Արցախում կարեւոր պաշտոններում նշանակումներն արվում են Ֆլեշ Բարսեղի միջամտությամբ:

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԸ

Նկատենք նաեւ, որ Ս. Սարգսյանը Ի. Զաքարյանին կշտամբելիս հիշատակեց չափազանց ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը` ասելով. «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք՝ դա Ձեր անձնական խնդիրն է»: Հիշո՞ւմ եք` Ջհանգիրյանն էր, որ հայտարարեց, թե Զաքարյանը հիասթափված է դատախազությունից: Թեեւ Զաքարյանը հերքեց, բայց հիմա արդեն հասկանալի է, թե բարեփոխիչ խնամի Ջհանգիրյանի սադրանքն ինչ նպատակ ուներ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նաեւ ՎՊ-ից, սակայն ապարդյուն:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս