ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարն ավելի կատաղի է դառնում: Մարտի 1-ին այստեղ կայացավ «սուպեր երեքշաբթին», որը ներկուսակցական պայքարի ամենակարեւոր հանգրվաններից է: Ավելի քան 12 նահանգում տեղի ունեցան քվեարկություններ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների ճամաբարներում: Եթե Դեմոկրատական կուսակցությունում Հիլարի Քլինթոնը, կարելի է ասել, անշրջելի դարձրեց միասնական թեկնածու դառնալու հեռանկարը, ապա հանրապետականների շարքերը էլ ավելի թշնամացան Թրամփի լրջագույն հաջողություններից հետո:
«Սուպեր երեքշաբթիի» արդյունքներով` դեմոկրատների մոտ հաջողակ գտնվեց Քլինթոնը` հաղթելով 7 նահանգներում եւ ստանալով 453 լիազորներ, մինչդեռ Սանդերսը տիրացավ միայն 4 նահանգների ձայներին` 284 լիազորներով: Այդպիսով` Հիլարի Քլինթոնն արդեն տիրապետում է թվով 1001 լիազորների, ինչը խիստ մեծանշանակ է` համեմատած Սանդերսի ունեցած 371-ի: Հարկ է հավելել, որ նախորդ շաբաթ օրը կայացած Հվ. Կառոլինայի քվեարկության ժամանակ Քլինթոնը հաղթել էր 74/26 հարաբերակցությամբ, ինչը գերկարեւոր «ֆորա» ապահովեց նրա համար «սուպեր երեքշաբթիի» քվեարկություններին ընդառաջ: Իսկ հանրապետականների մոտ մեծ հաղթողը կրկին Դոնալդ Թրամփն է` 7 նահանգներում տարած հաղթանակով եւ ընդհանուր առմամբ 315 լիազորների ձայներին տիրանալով: Նրա մրցակիցներից Թեքսասի սենատոր Քրուզը հաղթեց 3 նահանգներում (205 լիազորներ), իսկ Ֆլորիդայի սենատոր Ռուբիոն` մեկում (106 լիազորներ): Հանրապետականների մոտ արդեն ակհնայտ է, որ Թրամփին կանգնեցնել չի լինելու առնվազն նահանգներում անցկացվող քվեարկություններում, ուստի կուսակցական պահպանողականների հույսը մնում է հուլիսին կայանալիք Կլիվլենդի համաժողովում ձայների մեծամասնության ապահովումը մյուսների հաշվին: Իր հերթին Թրամփը համաժողովի քվեարկության հույսին չմնալու համար պետք է կարողանա ձեռք բերել եւս 1000 լիազորներ մնացած 36 նահանգներում, որտեղ եւս նախնական հարցումներով նա վայելում է քվեարկողների առնվազն 30-40 տոկոսի աջակցությունը: Վերլուծաբանները հակված են կարծելու, որ «սուպեր երեքշաբթիից» Թրամփը ստացավ իր համար առավելագույնը` ծանր փաստի առաջ կանգնեցնելով հանրապետականներին: Պատահական չէ, որ հենց երեքշաբթի օրը նուրբ, սակայն դիվանագիտական ձեւակերպումներով Թրամփի դեմ հանդես եկավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանը` շեշտելով, որ Աբրահամ Լինքոլնի կուսակցության միասնական թեկնածուն չի կարող լինել մոլեռանդ եւ մարդկանց բնական վախերի վրա միավորներ հավաքող գործիչը:
Հարկ է նկատել, որ երեքշաբթիի արդյունքները գերազանցապես պայմանավորված էին նախորդ շաբաթվա բուռն իրադարձություններով: Հատկանշական է Թեքսասում կայացած հանրապետականների մեծ բանավեճը, որտեղ քննադատության հիմնական թիրախը գործարար Թրամփն էր: Վերջինս առաջատար լինելով գրեթե բոլոր հարցումներով` վերջապես հարուցեց երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող Թեդ Քրուզի եւ Մարկո Ռուբիոյի զայրույթը: Ջեբ Բուշի` ընտրապայքարը լքելուց հետո հավանական էր, որ առաջացած բացը լրացվելու է, ուստի Թրամփին ջախջախելու գործը ստանձնեց կուսակցական բոսերի վերջին հույսը համարվող Ֆլորիդայի սենատոր Ռուբիոն: Բանավեճի ընթացքում Ռուբիոն քանիցս թեժ մարտերի մեջ ներքաշվեց Թրամփի հետ` նրան մեղադրելով սին կոչեր անելու եւ հրատապություն պահանջող լուծումների որեւէ մեխանիզմ չառաջարկելու մեջ: Ռուբիոյի եւ Թրամփի թշնամությունը սաստկացավ անմիջապես բանավեճի հաջորդ օրը, երբ ավելի վաղ ընտրապայքարը լքած Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին հրապարակավ իր աջակցությունը հայտնեց Թրամփին: Քրիսթիի քայլը հանրապետական պահպանողականների մոտ իրական բարկություն էր առաջացրել այն աստիճան, որ նույնիսկ նահանգապետի նախընտրական պայքարի ֆինանսական համանախագահ Մեգ Ուիթմանն էլ դատապարտեց նահանգապետին: Հատկանշական է, որ Քրիսթին այս վճռորոշ պահին, երբ Մարկո Ռուբիոն ձգտում է իր շուրջը համախմբել պահպանողականներին, նախընտրեց օժանդակել միլիարդատեր գործարարին` սառը ցնցուղ լցնելով նաեւ անակնկալի եկած կուսակցական «բոսերի» ծրագրերի վրա: Այս միջադեպն էլ ավելի սաստկացրեց Ռուբիո-Թրամփ թշնամությունը` այն տեղափոխելով անձնական դաշտ: Թրամփը իր հանդիպումներից մեկում բացեիբաց ծաղրում էր Ռուբիոյին` թիրախավորելով թեկնածուի ականջները, քրտնելն ու ջուր խմելը: Նա չխորշեց անգամ հայտարարել, թե Ռուբիոն ստախոս է: Իսկ, ահա, Ֆլորիդայի սենատորն էլ հատեց Ռուբիկոնը` Թրամփին մեղադրելով նորմայից ավելի գեր լինելու եւ անգլերեն ճիշտ ուղղագրությամբ գրելու անկարողության մեջ: Նկատի առնելով գործարարությամբ զբաղվելու շրջանում Թրամփի հետ տեղի ունեցած մի շարք դեպքերը` Ռուբիոն զարմանքով հարցնում էր. «Ինչպես է հնարավոր սնանկ դարձնել խաղատունը»:
Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում թեկնածուները միմյանց մասին համեմատաբար ավելի կոռեկտ են արտահայտվում: Օրինակ՝ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ջանք չէր խնայում իր մրցակիցներին գովաբանելու համար, իսկ ահա նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ «մեծարգո, հերոս» եւ նմանօրինակ այլ ձեւակերպումներով էր դիմում Սարգսյանին: Ըստ էության, մեզ մոտ, հաշվի առնելով, թե ինչքան լարված է ներքաղաքական մթնոլորտը, առավել եւս երբ խեղաթյուրվում է ժողովրդի իրական կամարտահայտությունը, նման գովաբանությունները իսկապես ձեւական են թվում: Այս առումով ամերիկյան միջավայրը ավելի անկաշկանդ է, եւ միմյանց մինչեւ վերջին խոսքը վիրավորելով ու ծաղրելով հանդերձ` թեկնածուները գործում են ազատ` այդպիսով թոթափելով ներքուստ կուտակվող եւ ամեն րոպե ժայթքելու վտանգ հարուցող նախընտրական լարվածությունը: Թերեւս նման ձեւականություններից ու կեղծիքից հրաժարվելն էլ հարթակ է ստեղծում արդար ընտրությունների ու դրանց հանդեպ համընդհանուր վստահության համար:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՏՄՊՊՀ-Ն ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ Է
«Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը երեկ նամակ է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն 10 ամիս է, ինչ հետապնդում է սկսել իրենց ընկերության դեմ: Պատճառն այն է, որ «Հայկական ծրագրեր» ընկերությունը բարձրացրել է իր որոշ ծառայությունների գները: Նշենք, որ ընկերությունը ստեղծվել է մոտ 30 տարի առաջ: Այն զբաղվում է բանկային, հաշվապահական, առեւտրական համակարգեր մշակելով, ներդնելով եւ սպասարկելով: Ըստ ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանի՝ անցած տարվա ապրիլի 1-ին իրենք վերանայել են իրենց ծառայությունների գները եւ որոշ ծառայությունների գներ բարձրացրել: Մասնավորապես բարձրացվել է ՀԾ-հաշվապահ համակարգի սպասարկման գինը, ինչի մասին նամակով տեղեկացվել է մոտ 4000 պատվիրատուների, այդ թվում ՏՄՊՊՀ-ին, որը եւս օգտագործում է այդ համակարգը: Այդ կապակցությամբ, սակայն, ըստ տնօրենի՝ ընկերությունը որեւէ մեկից, այդ թվում եւ ՏՄՊՊՀ-ից, առարկություն չի ստացել:
Սակայն որոշ ժամանակ անց ՏՄՊՊՀ-ից «Հայկական ծրագրեր»-ը ստացել է նամակ, որտեղ նշված է եղել, որ իրենք սկսել են ուսումնասիրել ընկերության ծրագրերի սպասարկման ոլորտը: Տնօրենի խոսքով` առանց շուկան սահմանելու, այդ շուկայում ընկերության գերիշխող դիրքը քննարկելու, հանձնաժողովը իրենցից պահանջում է գերիշխողի կողմից գների թանկացման հիմնավորում: Իսկ անցած տարվա հունիսի 18-ին հանձնաժողովը հարուցել է վարույթ՝ հետեւյալ ձեւակերպմամբ` «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի կողմից Օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ:
«Իհարկե, անիմաստ է քննարկել չհաստատված գերիշխող դիրքի չարաշահումը, բայց նույնիսկ այս հանգամանքներում հանձնաժողովը չունի չարաշահման ապացույց եւ վարույթի վերջին` 90-րդ օրը, ընդունում է փայլուն որոշում՝ վարույթը կասեցնել: Մեզնից պահանջում են նոր տեղեկություններ, որոնք ուղղված են ոչ թե շուկայի ուսումնասիրությանը, այլ մեր ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահումը ապացուցելուն: Եվ վերջապես, վարույթը կասեցնելուց 5 ամիս անց հանձնաժողովը, առանց կասեցված վարույթը վերսկսելու եւ ավարտելու, մեր դեմ սկսում է նոր վարույթ՝ նախորդ վարույթի կասեցման ժամանակ պահանջած տեղեկությունը չտալու համար, եւ 2 մլն դրամով տուգանում: Մենք ունենք մոտ 4200 վաճառք, այսինքն` զբաղեցնում ենք շուկայի 5 տոկոսը: Ոչ մի կերպ գերիշխող դիրք չի ստացվում»,- նշված է ընկերության տնօրենի նամակում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանի հետ, որը փոխանցեց հետեւյալը. «Որոշ, ակնհայտորեն խեղաթյուրված փաստերի ուսումնասիրությունից հետո ՏՄՊՊՀ-ն հանդես կգա խնդրի հետ կապված պաշտոնական պարզաբանմամբ»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ վերջերս էլ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «հանգիստ» չէր թողնում «Մարաթուկ» տուրիստական ընկերությանը: Բանն այն է, որ ՏՄՊՊՀ-ն մի շարք դիմում-բողոքների հիման վրա վարչական վարույթ էր հարուցել ընկերության դեմ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Սակայն «Մարաթուկ»-ը հակառակն էր պնդում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԼԻՆԻ ԵՐԲԵՎԷ ՆՈՐ ԼԻՆՍ
Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում կառուցվել են մի շարք ավտոճապարհներ: Մասնավորապես` 2001-2003 թվականներին այդ հիմնադրամի մոտ 7 միլիոն դոլար ֆինանսավորմամբ կառուցվեց Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարությամբ Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը: 2003-2004 թվականներին էլ Լինսի ֆինանսավորմամբ կառուցվեց Նոյեմբերյան-Բաղանիս մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհը:
Նշված ավտոճանապարհների շահագործման ժամկետը սահմանված է 10 տարի, այն արդեն լրացել է: Այս ընթացքում ճանապարհների ծածկը բավական մաշվել է, փոսեր են առաջացել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող հիշյալ ճանապարհներին երթեւեկում են նաեւ մեծ բեռնատարներ: «Ֆուռերի» մեծ մասը Վրաստանի տարածքից Հայաստան մտնելով՝ Երեւան է հասնում Լոռու մարզով՝ Ալավերդի-Վանաձոր ուղիով, սակայն բեռնատարների մի մասը գերադասում է մայրաքաղաք հասնել Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով: Այդ ուղերթը ձգվում է Ադրբեջանի հետ սահմանի եզրով, սակայն ավելի լայն է, վարորդների տեսադաշտն էլ համեմատաբար մեծ է: Սակայն խիստ բեռնված «ֆուռերի» ծանրությունից ճանապարհի ծածկը իջնում է: 2012 թվականին Ոսկեպար-Կիրանց՝ Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող ավտոճանապարհի մի հատվածը` Կիրանցի բարձունքում, շարքից դուրս էր եկել, դարձել դժվար երթեւեկելի: Բարեբախտաբար վնասված ավտոճանապարհը քիչ թե շատ նորոգեցին: Նշենք, որ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի ընթացիկ եւ ձմեռային պահպանությունն իրականացնում է Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապարհաշինական ընկերությունը: Ճանապարհների ձմեռային եւ ընթացիկ պահպանության համար պետական բյուջեից տրվող գումարները բավարար են միայն ձմռանը ձյունապատ ճանապարհները մաքրելու, ասֆալտին աղ շաղ տալու, տարվա մնացած սեզոններին տեղ-տեղ փոսերը նորոգելու համար: Իսկ, ահա, ճանապարհների մեծ կամ փոքր հատվածների նորոգման, ասֆալտի ծածկը բարեկարգելու համար ֆինանսավորում չի կատարվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




















































































