ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Երեւանի կենտրոնական հատվածներում մաքրություն իրականացնող մարմիններն արդեն դիմում են նման ծայրահեղ քայլերի: Նրանք այլ միջոցներ չունենալով հասարակությանը այսկերպ են հորդորում պահպանել մաքրությունը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե անհատ ձեռնարկատերը նպատակային սոցիալական վճարներ ի՞նչ դրույքաչափով պետք է կատարի:
Տիգրան Հունանյան (41 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6.000.000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից: Եթե մասնակցի՝ տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6.000.000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3.000.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից:
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե հայրության որոշման գրանցման համար որ մարմին պետք է դիմել, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում հայրության որոշման գրանցումը:
Ստելլա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ, եւ այն կատարվում է դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը: