ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հրազդան քաղաքը կործանման եզրին է: 2002-ից հետո 4 անգամ վերընտրված (թե ինչպես է ամեն անգամ վերընտրվել, դա յուրաքանչյուր հրազդանցի ինձնից լավ գիտի) քաղաքապետի ղեկավարած քաղաքում այսօր, մեղմ ասած, աննկարագրելի տխուր վիճակ է: Մինչդեռ այս տարիների ընթացքում թե՛ Կոտայքի մարզի մյուս քաղաքներում եւ թե՛ անգամ հանրապետության բազմաթիվ սահմանամերձ քաղաքներում քաղաքաշինության եւ քաղաքային հաղորդակցությունների բավական լուրջ դրական տեղաշարժ է եղել` հակառակ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի:
Ես այսօր բնավ քաղաքապետի եւ իր թիմի սեւ PR-ով զբաղվելու ցանկություն չունեմ, քանի որ երբեք չեմ խորշել բարձրաձայն խոսել եւ գոհունակություն հայտնել այս տարիների ընթացքում քաղաքում իրականացված որոշակի դրական աշխատանքների վերաբերյալ: Անկեղծորեն ուրախացել եմ, երբ «Լինսի» հիմնադրամի մրջոցներով քաղաքի թիվ 12 դպրոցն ամբողջովին վերանորոգվել է, երբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներով վերանորոգվել է Հրազդանի ԵՄՄՈՒԿ «Երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն»-ի մի մասը՝ չնայած այն բանին, որ կենտրոնի մյուս մասը դեռ շարունակում է մնալ կիսավեր վիճակում: Ուրախացել եմ, երբ սկսել եմ նկատել, որ անցած տարիների համեմատ՝ ներկայումս քաղաքի աղբահանությունն ավելի հաճախ է կազմակերպվում, որ չորս-հինգ փողոց վերջապես ասֆալտապատվել են, որ չնայած նոր ներքաղաքային ավտոբուսները շատ դանդաղաշարժ են եւ հրազդանյան պայմաններին գործնականում անպիտան, բայց բարեկարգ քաղաքային կյանք ունենալու հույս են արթնացրել մեր մեջ: Որ Կենտրոն թաղամասի շատրվանների պուրակը, թեեւ մինչ այսօր կիսատ է` հակառակ քաղաքապետի դեռեւս 5 տարի առաջ տված խոստումների, բայց զբոսայգու մի մասը բավական բարեկարգվել է…
Սակայն, այս ամենով հանդերձ, Արամ Դանիելյանի անփույթ կառավարման հետեւանքով առաջացած խնդիրներն անհամեմատ ավելի շատ են: Գրեթե ամենուր մայթից զրկված են փողոցները, քաղաքի ճանապարհների հիմնական մասը մեկ տասնամյակից ավելի ասֆալտի երես բացարձակապես չի տեսել. վառ ապացույցներից են Միկրոշրջանի ներքեւի հատվածից Ջրառատ թաղամասի միջով դեպի Գործարանային թաղամաս տանող բոլոր ճանապարհները, անանցանելի է դարձել Անդրանիկի պողոտայի Վանատուր թաղամասով անցնող հատվածը, եւ առհասարակ, տեղական իշխանավորների «թեթեւ ձեռքով» Վանատուրն այսօր նմանվում է անբարեկարգ սահմանամերձ մի գյուղի:
Անցած տարի Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Վանատուր թաղամասի թիվ 2 մշակույթի տունը շենքային վթարային պայմանների պատճառով լուծարվեց: Նույն պատճառով այսօր հրազդանցիների առաջ իրենց դռներն են  փակել նաեւ Հրազդանի թիվ 1 մշակույթի տունը եւ Էներգետիկների պալատը, որը պատկանում է Հրազդանի ջէկ-ին: Եվ միգուցե հենց այսպիսի սրտացավ վերաբերմունքի համար քաղաքապետարանը ջէկ-ի նախկին տնօրեններից մեկին, ում ղեկավարման շրջանում հենց մշակույթի տունը վերջնականապես ավերվեց, շնորհեց Հրազդանի պատվավոր քաղաքացու կոչում:
Մինչ օրս Հրազդանի գործող մանկապարտեզները ձմռան ամիսներին իրենց դռները ստիպված փակում են երեխաների առաջ, իսկ ուշ աշնան եւ վաղ գարնան շրջանում մի կերպ ջեռուցվում են փայտե վառարաններով, ինչն էլ հանգեցնում է երեխաների՝ գրիպի եւ այլ տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակի: Իսկ անցած տարի անորակ այդ վառելափայտն էլ քաղաքապետարանը մանկապարտեզներին տրամադրել է քաղաքի դեռեւս որոշ կանաչապատ բակերի ծառերի, այսպես կոչված, սանիտարական հատումներից, որն իրականում ավելի շատ նմանվում էր ծառերի սպանդի:
Քաղաքի բանուկ խաչմերուկների մայթերին եւ կանաչ գազոններում հայտնված տարաբնույթ նորակառույցները քաղաքին տվել են արաբական ինչ-որ բնակավայրի տեսք: Բոլոր զբոսայգիները, որոշակի բացառությամբ վեր նշված զբոսայգու, բացարձակապես մատնված են անտերության: Իսկ Միկրոշրջանի Էներգետիկների պալատի դիմացի տարածքը, որը նախկինում գլխավոր հատակագծով հանդիսանում էր զբոսայգի-ճեմուղի, վաճառվեց առանձին անհատ սեփականատերերի: Քաղաքում գործող, առայժմ իրենց գոյությունը մի կերպ ապահովող երկու երաժշտական դպրոցները, Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը, Հրազդանի մանկական արվեստի դպրոցը, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (նախկին Պիոներ պալատը) եւ Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնը ծայր աստիճան անմխիթար վիճակում են. այս կրթօջախների նյութատեխնիկական բազան բարոյապես եւ ֆիզիկապես վաղուց արդեն մաշված է եւ գտնվում է կործանման եզրին: Թմբկահարում են, թե իբր քաղաքի խմելու ջրագծերը փոխել են եւ 24-ժամյա ջրամատակարարում են ապահովում, սակայն դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Այսօր հրազդանցիների մեծ մասը 8-10 ժամից ավելի ջրամատակարարում չունի:
Իսկ քաղաքապետը, ասում են, մի առիթով մանկավարժական կոլեկտիվների առաջ հայտարարել է, թե որքան վերնաշապիկ ունի, այդքան էլ ավտոմեքենա, եւ որ այս քաղաքի ամենալավ ավտոմեքենան էլ իրենը պետք է լինի, ամենալավ տունն էլ: Ահա թե ինչն է ինձ եւ հազարավոր հրազդանցիների այսօր ստիպում բողոքի ձայն բարձրացնել չորս անգամ «վերընտրված» քաղաքապետի դեմ: Հրազդանը Հայաստանի մի մասնիկն է, ու մենք եւս ուզում ենք եւ իրավունք ունենք ապրելու մեր բոլորի երազած Ապահով Հայաստանում: Հեղափոխության կոչ չեմ անում, բայց վստահեցնում եմ՝ չե՛նք արտագաղթելու կամ գաղթելու, մնալու ենք մե՛ր հայրենիքում եւ պայքարելու ենք մե՛ր իրավունքների, մե՛ր քաղաքի, մե՛ր երկրի իրական բարեփոխումների համար:
Հ.Գ. Օրերս մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Արամ Դանիելյանը հայտարարել է. «Հրազդանում քաղաքաշինությունը ծաղկում է ապրում»: Մեկնաբանությունները թողնում եմ հրազդանցիներին:

ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆ




Լրահոս