ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՊԱԿԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երկարությունը մոտ 70 կմ է, որից 6.5 կմ-ն բարեկարգ է ու երթեւեկելի, մնացածը դեռ բնահողային վիճակում է: Չկան համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկներ եւ կազմակերպություններ, չի աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտ: Ֆիզիկական անձի կողմից գործում է ընդամենը մեկ երթուղային տաքսի ծառայություն: Սակայն, բնակիչների խոսքով, մեկ երթուղայինը բավական չէ ամբողջ քաղաքը սպասարկելու համար, հաճախ խնդիրներ են առաջանում, եւ բնակիչը քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար երկար ճանապարհ ստիպված ոտքով է անցնում: Ստեփանավանցիներն առավել դժվարանում են անձրեւային եղանակներին եւ ձմռան սառնամանիքին, ստիպված վճարելով մի քանի անգամ ավելի գումար՝ դիմում են տաքսի ծառայություններին: Ստեփանավանի քաղաքապետարանում «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ, հաշվի առնելով բնակչության կողմից առկա ներքաղաքային հասարակական տրանսպորտի պահանջարկը, կկազմակերպվի համայնքային տրանսպորտային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթող կազմակերպությունը կապահովի առնվազն երկու երթուղի: Կհստակեցվեն նաեւ միջքաղաքային տրանսպորտի ժամային գրաֆիկները, ավելին, նախատեսվում է կազմակերպել եւ կարգավորել Ստեփանավան-Տաշիր միջքաղաքային տրանսպորտի հարցը, ինչը մինչ օրս բացակայում էր:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս