ՊԵՏՔ Է ՍՊԱՌՄԱՆ ՌԱՑԻՈՆԱԼ ՌԵԺԻՄ ԸՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները դեռ չթանկացած՝ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, սկսեցին թանկացնել իրենց ապրանքատեսակները: Օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքները թանկացել են 30 դրամով: Այս եւ այլ թանկացումներից տեղյակ են նաեւ «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հակառակն է պնդում՝ հայտարարելով, որ տարեսկզբից մինչեւ այսօր ոչ մի ապրանքատեսակ չի թանկացել:
«Գործարարների աշխարհը նախօրոք է սկսել թանկացնել իրենց ապրանքատեսակները: Առաջիկայում գազն ու էլեկտրաէներգիան թանկանալու են, սրանք դեռ չթանկացած՝ հայկական շուկայում ապրանքատեսակները շարունակում են թանկանալ: Սա տնտեսական օրենքներով չի բացատրվում, սա գործարարների կողմից «ճարպիկ» քայլ է: Սրա վառ օրինակն է կաթնամթերքը, որը վերջերս թանկացավ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումներ արձանագրվեցին: Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ այդ թանկացումներն արձանագրվել են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուպերմարկետներում: Օրինակ` «Աշտարակ կաթի»-ի 18% յուղայնությամբ 200-գրամանոց տարայով թթվասերը 215 դրամից դարձել է 235 դրամ, «Դուստր Մարիաննա»-ի նույն տարողությամբ 20%-անոց թթվասերը 205 դրամից դարձել է 230 դրամ: Թանկացել են նաեւ մածունը, կաթը, պանիրը:
«Առաջին հերթին դա զեղծարարություն է: Եվ անհիմն թանկացումները նախեւառաջ պետք է վերահսկվեն ՏՄՊՊՀ-ի կողմից: Բայց, իմ կանխատեսմամբ, առաջիկայում թանկացումներ լինելու են: Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո կսկսվի թանկացումների նոր ալիքը, որն անխուսափելի է»,-կանխատեսեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահը:
Նրա կարծիքով՝ այսօր էժանանում է միայն գյուղմթերքը՝ ծիրանը, լոլիկը, խնձորը, վարունգը եւ այլն. «Սեզոնը նույնպես կնպաստի գյուղմթերքի էժանացմանը: Քանի որ մարդիկ չեն պակասում, հակառակը՝ ավելանում են: Ավելի վճարունակ խավ է գալիս, այսինքն՝ զբոսաշրջիկները: Իրենք ավելի վճարունակ են ու չեն նայում ապրանքատեսակների գներին: Իրենց գրպանի վրա թանկացման հանգամանքը չի ազդում»:
Պողոսյանի խոսքով՝ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի 30-տոկոսանոց բարձրացումը դժվար «կոմպենսացնի» ծախսերը. «Հայկական շուկայում տիրող գնաճն ավելի շատ է, քան աշխատավարձը»: Նա կարծում է, որ քաղաքացին անհիմն թանկացումների դեմ միայն կարող է բողոքի ակցիաներով ու ցույցերով պայքարել. «Մեկ այլ երկրում լիներ, հիմա արդեն քաղաքացիները ցույցեր էին արել: Մեզ մոտ չեն պայքարում,  համակերպվում են»:
Իսկ ՏՄՊՊՀ-ի տվյալներով՝ տարեսկզբից մինչ այսօր ալյուրի արժեքը չի թանկացել: Նույնիսկ նվազել է: Դիզվառելիքինը՝ նույնպես: Շաքարավազն էժանացել է, 1 կգ-ն 450 դրամից դարձել է 430: «Զոլոտայա սեմոչկա» տեսակի 1-լիտրանոց ձեթը տարեսկզբին եղել է 990 դրամ, մարտ ամսին՝ 970, «Ավեդով» տեսակի ձեթը եղել է 1190 դրամ, հիմա վաճառվում է 1150 դրամով: Ձավարի, ոսպի եւ հնդկաձավարի գների մեջ ոչ մի դրամի տատանումներ չեն արձանագրվել: Այս ապրանքատեսակների գների էժանացումը եւ պահպանումը հավանաբար պայմանավորված է տարադրամի փոխարժեքի փոփոխություններով. դոլարը նորից էժանացել է, այս պատճառով էլ ներկրվող ապրանքատեսակներն էլ իրենց հերթին են էժանացել:
Սակայն կասկածից դուրս է, որ թվարկած եւ մյուս ապրանքատեսակների գները գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո բարձրանալու են: Այսինքն՝ կյանքն ավելի է թանկանալու: Թանկացումների նոր ալիքին պետք է սպասենք հուլիսի 5-ից կամ 6-ից հետո:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը հավաստիացնում է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո շղթայաբար կսկսվի նաեւ մյուս ապրանքատեսակների թանկացումը: Նրա կարծիքով՝ դա  պետք է վերահսկի ՏՄՊՊՀ-ն՝ անհիմն թանկացումներից խուսափելու համար. «Մյուս կողմից պետք է նաեւ արտադրողի դրությունը հասկանալ: Եթե նրան պարտադրեն չթանկացնել իր ապրանքատեսակները ստացած գերշահույթի հաշվին, արդյունքում կփակվի այդ արտադրամասը, գործարանը: Ցավալի է, բայց ի՞նչ անենք, մի կողմից սպառողն է իր ծակ գրպանով, մյուս կողմից արտադրողներն են»:
Տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հերթին քաղաքացիներին առաջարկում է հանդուրժել եւ համակերպվել թանկացումների հետ. «Բոլոր պարագաներում, վատագույն դեպքում միակ միջոցը դա է: Համակերպվել այս վիճակի հետ: Բայց հասկանում եմ նաեւ այն, որ, մեր կամքից անկախ, մենք առնչվում ենք հզոր տիրույթների հետ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մենք, ըստ էության, չունենք ռազմավարական բնույթի ռեսուրսներ»: Տնտեսագետը չի բացառում, որ կլինեն թանկացումներ, բայց չի էլ կարծում, որ դրա հետեւանքով երկրում կստեղծվի մղձավանջային վիճակ. «Բոլոր դեպքերում քաղաքացիները պետք է հասկանան, որ պետք է սպառման ռացիոնալ ռեժիմներ ընտրել եւ մեղմել թանկացումների հետ կապված դժվարությունները: Ես կարծում եմ, որ մենք այլընտրանք չունենք: Միեւնույն ժամանակ չեմ ուզում մտածել, որ դա մեզ համար պետք է լինի վերջնական վիճակ: Կլինեն նաեւ մեղմ վիճակներ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս