Ո՞վ կենթադրեր, որ երգիչ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնագիտությամբ ռեժիսոր է, ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը` մասսայական հանդիսություններ ու ռեժիսուրա բաժինը: Իսկ իր ճանապարհը սկսել է լրագրողի աշխատանքից, աշխատել մի քանի թերթերում:
-Հոդվածներ գրելու համար անհրաժեշտ էր հանդիպել հայտնիների հետ, ու եթե չեմ սխալվում, իմ առաջին հարցազրույցը Ռաֆայել Քոթանջյանի հետ էր: Ստացվեց այնպես, որ ես սկսեցի շփվել դերասանների, երգիչների հետ: Ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ երգ ձայնագրել: Ռուսական երգեր ձայնագրեցի, ու քանի որ իմ շրջապատում հայտնի երգիչներ էին, ինձ, բնականաբար անվճար, հրավիրում էին իրենց համերգներին երգելու: Հետո արդեն ձայնագրեցի հայերենով իմ առաջին երգը Օլգա Այվազյանի հետ` «Ուրիշի գրկում ես դու»:
-10 տարի է` երգում եք, ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:
-Առհասարակ եթերում շատ չեմ լինում, շատ ժամանակ զլանում եմ հաղորդումներին գնալ կամ նկարել տեսահոլովակներ: Բայց ես անընդմեջ գործունեության մեջ եմ, նոր եմ վերադարձել հյուրախաղերից, շուտով նորից կմեկնեմ: Մինչեւ վերջին 2-3 տարիները ես փորձում էի տարին գոնե 1-2 տեսահոլովակ նկարել, կարողացել եմ նաեւ թողարկել ձայնասկավառակ: Բայց ինձ մոտ նոր հոբբի է առաջացել` ճանապարհորդությունը. ցանկություն` տեսնել աշխարհի հետաքրքիր երկրները: Ընտանիքիս հետ այցելում ենք էկզոտիկ երկրներ, որոնք շատ հեռու են Հայաստանից: Հավատացե՛ք, մեկանգամյա այցելությունն այդպիսի երկիր հավասարազոր է մեկ տեսահոլովակի: Բայց ես նախընտրում եմ մեկնել, օրինակ, Կուբա, քան նկարել տեսահոլովակ: Իսկ գումարները, որ ես ծախսում եմ ճամփորդելու վրա, վաստակում եմ իմ երգարվեստով:
-Որտե՞ղ եք աշխատում:
-Ամեն երեկո աշխատում եմ գիշերային ակումբում, համերգներ եմ ունենում տարբեր ռուսական քաղաքներում, որտեղ նաեւ հիմա վարում եմ համերգներ:
-Նշեցիք, որ զլանում եք հաղորդումների գնալ, բայց չէ՞ որ արտիստն աշխատում է հանդիսատեսին հաշվետու լինելու համար:
-Ճիշտ եք, բայց ես հրաժարվում եմ, օրեր առաջ էլ երկու տարբեր հեռուստաընկերություններից հրավերներ ստացա, բայց չգնացի: Երբ կնկարեմ նոր տեսահոլովակ, սիրով առաջինը կգնամ բոլոր հեռուստաալիքներին հյուր, բայց եթե հիմա նոր երգ ու տեսահոլովակ չկան, անիմաստ եմ համարում գնալ, ինչ-որ թեմայի մասին խոսել: Դա ինձ պետք չէ:
-Վերջերս համացանցում տեղադրեցիք Ձեր եւ Ֆիլիպ Կիրկորովի լուսանկարը, ինչից հետո քննարկումներ սկսվեցին, մեկը քննադատեց, մյուսը «լայքեց»: Որտե՞ղ էիք նրան հանդիպել եւ ի՞նչ եք խոսել Կիրկորովի հետ:
-Հանդիպեցինք Պյատիգորսկ քաղաքում, որտեղ նա համերգ ուներ, մոտ 30 րոպե խոսեցինք: Կիրկորովի համերգին ներկա գտնվել չկարողացա, որովհետեւ նրա համերգը սկսվում էր ժամը 7-ին, իսկ ես 8-ին ելույթ ունեի Ժելեզնովոդսկ քաղաքում, բնականաբար, ես չէի կարող մնալ, բայց կցանկանայի դիտել նրա շոուն: Կիրկորովն ասաց, որ ցանկություն ունի Հայաստանում համերգ տալ, հետո թեման փոխվեց, ես ասացի, որ իրեն այդքան էլ չեն սիրում մեր երկրում: Ոչ թե որպես երգչի, այլ քանի որ իր կողմից շատ սխալ քայլեր են արվել հայ ազգի հանդեպ:
Իմ այդ խոսքին պատասխան չեղավ, նա ուշադիր լսեց, ու ինչպես ես գրել էի «Ֆեյսբուք»-ում, «լռությունը համաձայնության նշան է»: Իմանալով իր բնավորությունը` եթե որեւէ բան իր դուրը չգար, անպայման կասեր:
-Իսկ ինչպե՞ս եք արձագանքում այն արտահայտություններին, որ այդ լուսանկարով Ձեզ PR եք անում:
-PR անել մի երգչի հետ, որին այստեղ չեն սիրում, վստահաբար, ճիշտ քայլ չէր լինի եւ ոչ մի կատարողի կողմից: Եթե ցանկանայի PR անել, մեկ այլ ավելի սիրված կատարողի հետ կնկարվեի: Ես այդ նկարն ուղղակի տեղադրել էի, բայց արձագանքները շատ անսպասելի էին:
-Որպես երիտասարդ` ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս:
-Ինչպես նշեցի, ահավոր հետաքրքրված եմ ճամփորդություններով, հիմա երազում եմ տեսնել Մեքսիկան: Ինչ վերաբերում է այլ նախասիրություններիս, շատ եմ ուզում սպորտդահլիճ գնալ, հաճախում եմ մի 20 օր, հետո, չգիտես ինչու, նորից չի ստացվում: Ցանկություն ունեմ սպորտով զբաղվել գոնե շաբաթական 2 անգամ: Ինձ համար ողջունելի է, որ երիտասարդները կարողանում են ժամանակ տրամադրել իրենց կեցվածքին, առողջությանը: Չեմ հասկանում, թե ինչու եմ զլանում:
ԻՐԵՆ «ՓԻ-ԱՌ» ՉԻ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ