Մենք նախատեսում ենք ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում երեքական մարդ լինի. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Դեռեւս փետրվարի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տեղի ունեցավ «6000 վստահված անձ» նախագծի կայքի շնորհանդեսը: Այդ նախագծով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախատեսվում է ընտրատեղամասերում 6000 ներկայացուցիչ ներգրավել` ընտրակեղծիքները բացառելու եւ ողջ գործընթացը լավագույնս վերահսկելու նպատակով:
Սակայն ընտրական նոր օրենսգրքի նախագծի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ ընտրատեղամասերում յուրաքանչյուր կուսակցության կողմից ներգրավված մարդկանց թիվը պետք է լինի մեկական, այսինքն՝ ընդհանուր առմամբ նրանց թիվը պետք է հասնի 2000-ի:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, հրապարակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով որոշակի սահմանափակումներ են նախատեսված ինչպես ըտրատեղամասերում դիտորդների թվի, այնպես էլ նրանց եւ վստահված անձանց գործունեության հետ կապված: Քաղաքացիական պայմանագիրը նախատեսում էր առաջիկա ընտրությունները վերահսկել դիտորդական ակտիվ ներգրավվածության շնորհիվ, սակայն այս տեսքով ընտրական օրենսգրքի ընդունման դեպքում, դա, կարծե թե, հնարավոր չի լինի:

-Չէ, հնարավոր կլինի, դա չի խոչընդոտելու: Որովհետեւ խոսքը ոչ թե վստահված անձանց մասին է, այլ քվեապահների: Այսինքն՝ մենք նախատեսում ենք ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում երեքական մարդ լինեն` որպես քվե, ձայն պահող, որոնք կարող են լինել մեկը մյուսին փոխարինելով, կարող են լինել լրագրողի կարգավիճակով, դիտորդի, հանձնաժողովի անդամի… Նախատեսում ենք, որպեսզի մարդ լինի, որ մեր արձանագրությունը ուղարկի նախընտրական շտաբ կամ խախտման հետ կապված որեւիցե բան արձանագրի, որ հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ այդ ընտրատեղամասում որեւիցե անօրինական գործողություն է կատարվել: Օրինակ՝ լրագրողը, որը կարող է ընտրատեղամասում լինել, իրավունք ունի ֆիքսել, թե ոնց են լցոնում կատարում, կամ, օրինակ, ոնց է մեկը բողոքում, որ իր տեղը քվեարկել են, եւ սա համատարած բնույթ է կրում: Դրա մասին է խոսքը: Եւ այս դետալները, թե ով ոնց կանի, ինչ կանի, ոնց կստացվի, մենք արդեն կորոշենք, երբ որ նոր ընտրական օրենսգիրքը քննարկումները կանցնի եւ կընդունվի, եւ ամեն ինչ արդեն պարզ կլինի:

-Դուք նշում եք կոնկրետ 6000 թիվը: Արդյո՞ք Ձեզ կհաջողվի ընտրատեղամասերում այդ քանակությամբ քվեապահների ներկայություն ապահովել: Հնարավոր է, որ Ձեր պլաններից հրաժարվեք:

-Համաձայնեք, որ թե՛ հին օրենսդրությամբ, թե՛ նորով վնաս չկա, եւ որեւիցե մեկը չի կարող ասել, որ ընտրատեղամասում աշխատող առնվազն երեքական մարդ ունենալը կամ երկու մարդ ունենալը վատ բան է: Մենք մեր պլաններից այս պահի դրությամբ հրաժարվելու որեւիցե պատճառ եւ առիթ չենք տեսնում: Միգուցե հնարավոր է՝ պարզվի, որ մեզ ոչ թե 6000 է պետք, այլ 8000 կամ 3000… Բայց այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6000-ի վրա, եւ չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ բան կլինի, որը մեզ կստիպի վերանայել ընտրատեղամասերում մարդ ունենալու թիվը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս