Սահմանամերձ գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2016թ. փետրվարի 15-ին լուծել է Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վոլոդյա Բալասյանի հետ 2014թ. հունվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նույն օրը մարզպետը որոշել է Բերքաբերի դպրոցի ուսուցչուհի Գայանե Խուդավերդյանին նշանակել «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ 5 տարով աշխատանքային պայմանագիր կնքել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտնեց, որ նախկինում մրցույթ է անցկացվել Բերքաբերի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, սակայն դպրոցի կառավարման խորհրդի կազմը թերի լինելով՝ խորհուրդը որոշում չէր կարող ընդունել: 5 օրից նորից է խորհուրդը հավաքվել, սակայն որոշում կայացնելու համար անդամների թիվը կրկին անբավարար է եղել: Գ. Խուդավերդյանի դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո Բերքաբերի դպրոցի աշակերտների ծնողների մի խումբ բողոքեց այդ որոշման դեմ: Ծնողների խումբը ցանկանում է կրթօջախի տնօրեն տեսնել ավելի երիտասարդ Վոլոդյա Բալասյանին:

Վերջինս էլ Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել, որ ինքը 13 տարի Բերքաբերի դպրոցում ուսուցիչ է աշխատել, այնտեղ մեծ ավանդ ունի եւ իր համար հեշտ չի լինելու հեռանալ այնտեղից: Դրանից հետո 2 օր Բերքաբերի դպրոցում դասադուլ եղավ, այդ օրերին դասերին մասնակցեց դպրոցի 35 աշակերտների ընդամենը կեսը: Բերքաբերի դպրոցի նորանշանակ տնօրեն Գայանե Խուդավերդյանը ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 18-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: Դրանից հետո Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելել է սահմանամերձ գյուղի դպրոց, տեղում հանգամանալից քննարկել խնդիրը: Մարտի 2-ին մարզպետ Հ. Աբովյանը որոշել է մինչեւ նոր մրցույթի արդյունքները Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները դնել Փաշիկ Աղամյանի վրա: Առաջիկայում Բերքաբերի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի մասին հայտարարություն կտպագրվի:




Լրահոս