«Հրապարակ» օրաթերթը գրում է. «49 դոլարով թռիչքներ իրականացնելու մասին նախնական տեղեկությունը, ինչպես եւ գրել էինք, գովազդային «տրյուկ» էր։ Երեկ ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր, հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարեց, որ ամենաէժան ավիատոմսերը կվաճառվեն երկու ամիս առաջ տոմս պատվիրողներին եւ ենթակա չեն լինի վերադարձման։ Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ ցածր գինը խորամանկություն չէ։ «Մարկետինգային քայլ կլիներ, եթե առաջին երկու ամիսն էժան լինեին տոմսերը։ Բայց մենք մշտապես ենք պահելու այդ գինը»,- ասաց նա։ Մյուս տոմսերի համար «Արմենիայի» վրացի հիմնադիրը որեւէ գնային տարիֆ չցանկացավ նշել, բայց խոստովանեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի վճարն ու օդի վարձը դրանց մեջ չեն մտնում։ «Զվարթնոցի» գների մասին 100 անգամ հարց տրվեց, եւ Գաիաշվիլին ու նրա աշխատակիցն ստիպված եղան պարզաբանել․
«Այսօրվա դրությամբ օդանավակայանի վճարն ու օդի վարձը 49 եվրո են՝ կախված փոխարժեքից։ Ավիաընկերությունը չի կարող բարձրաձայնել այս մասին կամ այն մտցնել գների տարիֆի մեջ, քանի որ այս թիվը փոփոխական է։ Այսօր կարող է 44 լինել, վաղը՝ 45։ Ահա ինչու մենք հրապարակում ենք հետեւյալ տարիֆը. 49 եվրո՝ գումարած օդանավակայանի վճարը։ Այսօր դա 49 եվրո է, ստացվում է՝ 96։ Վաղը կարող է լինել 93 կամ 98»։ Պատասխանելով մեր հարցին՝ Թբիլիսիի՞ օդանավակայանի գներն են ցածր, թե՞ Երեւանինը, նա ասաց․ «Մոտավորապես նույնն են, բայց Երեւանի օդանավակայանը որակի առումով ավելի լավն է, քան Թբիլիսիինը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: