Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի հերթական նիստի ժամանակ պաշտպանել է երկրում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.netը, Փայլանը մեղադրել է երկրի իշխանություններին քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության իրավունքը խախտելու մեջ:
«Բոլորս, այդ թվում և ես, հարկ ենք վճարում, քրիստոնյաները, մուսուլմանները, ալևիները, բոլոր դավանանքի և կրոնի տեր մարդիկ հարկ են վճարում: Սակայն կրոնական գործերի նախարարությունը ծառայում է միայն մեկ կրոնի և դրա մի ուղղությանը», նշել է պատգամավորը: Գարոն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որտեղ նա ասել էր, թե «կրոնական հասարակություն է ցանկանում»: Հայ քաղաքական գործիչը հետաքրքրվել է, թե այդ պարագայում ինչո՞ւ չեն բացվում հոգևոր դպրոցները:
«Այսինքն քրսիտոնյաները կրոնական լինելու իրավունք չունե՞ն: Ինչո՞ւ: Ինչո՞ւ օրինակ Հայոց պատրիարքարանի հոգևոր դպրոցը պետք է փակ լինի: Կամ Հեյբելի կղզու հոգևոր դպրո՞ցը», հարցադրում է արել Փայլանը: Նա փաստել է, որ կրոնական գործերի նախարարությունն օգտագործում է իրենց հարկերից գոյացած բյուջեն, սակայն արդյունքում ինքը չի ստանում ազատ և հավասար դավանանքի իր իրավունքը: