Սերժ Սարգսյանը շարունակում է իշխանական բուրգի վերաձեւման գործընթացը: Ուժային կառույցները եւ դատաիրավական համակարգը երիտիշխանության վերահսկողության ներքո հանձնելուց հետո հերթը հասավ հարկային եւ մաքսային մարմիններին: Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից հանելուց ընդամենը մեկ օր անց՝ երեկ, Սերժ Սարգսյանն արդեն հրամանագիր ստորագրեց իր վերահսկողական վարչության պետ Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելու մասին: Այսպիսով կարող ենք ասել, որ ավարտվեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «դարաշրջանը»:
Իսկ ինչ վերաբերում է ՊԵԿ նոր ղեկավարին, ապա նա չնայած իր ողջ կենսագրության ընթացքում պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց հասցրել է միլիոնավոր դոլարների կարողություն կուտակել: Միայն 2015-ին Հովհաննես Հովսեփյանը իբրեւ նվեր ինչ-որ աղբյուրից 190 հազար դոլար է ստացել հավանաբար ազնիվ եւ անաչառ պաշտոնավարման համար:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու տարբեր գույների առանձին քվեաթերթիկներով: Գույները բաշխելու է ԿԸՀ-ն՝ վիճակահանությամբ: Եւ հետաքրքիր իրավիճակ է սպասվում. ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կուսակցությունների ներկայացուցիչներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ հավատացնում եմ, որ նման գույնի թերթիկ չի լինի»: ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ հայտարարեց. «Երբ ԲՀԿ խմբակցությունում Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի հետ քննարկվել է ԸՕ վերաբերյալ նախնական մի քանի մոտեցում, այդ ժամանակ քննարկվել է, որ կապույտ գույնի քվեաթերթիկ չի լինելու՝ սեւ քարոզչությունից խուսափելու համար»: Իսկ ԱՎՄԿ քարոզչության պատասխանատու Էդգար Առաքելյանն ասաց, որ ինչ գույն էլ լինի, կլինի իրենց հաղթանակի գույնը:
«Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, պատրաստվում է եւս մեկ վիճակախաղ սկսել: Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա, մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են: Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել: Քաղաքական շրջանակներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ այդ ընկերությունը կապված է մի քանի օր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար նշանակված Լեւոն Մկրտչյանի ընտանիքի հետ: «Ժողովուրդ»-ը նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից փորձեց պարզել, թե վերը նշված ընկերության հետ ինչ կապ ունեն նախարարը եւ նրա եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Կրթության եւ գիտության նախարարը ոչ մի առնչություն չունի այդ ընկերության եւ բիզնեսի հետ: Իսկ Վահագն Մկրտչյանը, ինչպես գիտեք, հատնի գործարար է»: Ի դեպ, «Արմենիա» գինու գործարանն էլ է նույն Մկրտչյանի հետ կապվում:
ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը կլինի երրորդ օմբուդսմենը, որը գործնականում կապ չի ունենա իր կողմից ներկայացրած առաջին տարեկան զեկույցի հետ: Ինչպես հայտնի է՝ Թաթոյանը նշանակվեց փետրվարի 23-ին, իսկ մինչեւ մարտի վերջ նա պետք է հաստատի եւ գերատեսչություններին ուղարկի ՄԻՊ-ի 2015 թվականի զեկույցը: Այլ կերպ ասած՝ Թաթոյանը ստիպված է լինելու ներկայացնել նախորդ օմբուդսմենի՝ Կարեն Անդրեասյանի զեկույցը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռ հունվարի վերջից պատրաստ է նաեւ ՄԻՊ զեկույցը՝ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Երեկ ՄԻՊ գրասենյակից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ հանրաքվեի վերաբերյալ զեկույցը դեռ քննարկվում է: Նշենք նաեւ, որ Թաթոյանի պաշտոնավարման 9 օրերին ՄԻՊ աշխատակազմի մի մասն արդեն ազատվել է աշխատանքից եւ նրանց փոխարեն նոր մարդիկ են ընդունվել: Նորերը հիմնականում արդարադատության նախարարության նախկին աշխատակիցներն են, որոնց հետ Թաթոյանը ժամանակին աշխատել է:
«ԳԵՆՍԵԿԻՆ» ՀԵՏԵՎԵԼՈՎ
Կառավարությունը երեկ որոշել է պահուստային ֆոնդից ՏԿ նախարարությանը հատկացնել 412.5 միլիոն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու եւ անապահով ընտանիքներին տրամադրելու համար:Հիշեցնենք, որ մինչ այս Կառավարության՝ դեկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունիչ սարքեր պետք է տրամադրվեին սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիքի, եւ հիմա, երբ ընդամենը մի քանի օրից ՀՀ 7 մարզերում հեռուստատեսային եթերի անալոգային հեռարձակումը դադարեցվելու է, պարզվում է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն կորղացել ձեռք բերել անհրաժեշտ սարքերը, եւ արդյունքում զրկվելու են հեռուստացույց դիտելու հնարավորությունից:
Իսկ ինչու է պաշտոնապես սահմանված կատեգորիաների անապահովներին դեկոդերների տրամադրման գործընթացը թողնվել վերջին օրվան: Պատճառն այն է, որ կառավարությունը մինչ այս ոչ մի կերպ չէր կարողանում համապատասխան միջոցներ գտնել: Հաշվի առնելով մեր պետբյուջեի ծանր վիճակը, իհարկե, 412 միլիոնն ամենեւին փոքր գումար չէ, ուստի կառավարության համար այդքան էլ հեշտ չէր արագ եւ միանգամից այդ հատկացումներն անելը: Սակայն մյուս կողմից էլ` ՀՀ պետբյուջեում այնքան վատ տնօրինվող գումար կա, որ սրտացավ մոտեցման դեպքում նման հատկացումները չպետք է խնդիր լինեին: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել «Ժողովուրդի» վերջին հրապարակումներին, որտեղ շատ հստակ ներկայացված են տարբեր պետական գերատեսչությունների կողմից անհավանական պետական գնումների ցուցակները:
Այդ շարքում հատկապես աչքի են ընկնում վառելիքի ձեռքբերման մասին տվյալները, որոնց անգամ հպանցիկ ծանոթանալիս, պարզ է դառնում, որ պետական բյուջեի փողերը անխնա կերպով թալանվում են: Բազմիցս գրել ենք, որ, օրինակ, 1 լիտր պրեմիում տեսակի բենզինի մեջ այդ հարցերը կանոնակարգող պաշտոնյաները պետությանը «գցում են» 30 դրամով` այն շուկայական գնի՝ 410-420 դրամի փոխարեն ձեռք բերելով 440-450 դրամով: Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչքան ուռճացված է մեր պետական ապարատի ծառայողական ավտոպարկը, եւ նաեւ նկատի առնենք, որ տանից աշխատավայր եւ հակառակը գնացող պաշտոնյաներին մոտ 200 կմ վազքի բավարարող քանակությամբ բենզին է հատկացվում, կտեսնենք, որ խոսքը աստղաբաշխական գումարների մասին է: Սակայն պաշտոնական տվյալների վրա հիմնված մեր այս բոլոր հրապարակումներն անարձագանք են մնում: Հավանաբար համապատասխան ատյանները ոգեւորվել են Սերժ Սարգսյանի վերջին ելույթից, որտեղ նա կոչ արեց պետական պաշտոնյաներին հրապարակային քննադատությունից չվախենալ: Նրանք էլ ոչ միայն չեն վախենում, այլեւ թքած ունեն այդ քննադատության վրա, եթե անգամ խոսքը պետական միջոցների հափշտակության մասին է: Այնինչ` նույն Սերժ Սարգսյանը ժամանակին ուրիշ բաներ էլ էր ասում` «խոշոր ձկներին բռնելու» եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: