Նախօրեին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագիծը երեկ Կառավարության նիստում հաստատվեց: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ ամփոփման փուլերում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց. «Այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռում ժամանակի ընթացքում տարածքներում եւս ձեւավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն, ինչը շատ կարեւոր է երկրի պատշաճ կառավարման համար»:
«Ժողովուրդ»-ը նոր ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված մի քանի հարց է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանին:
-Պարո՛ն Նիկոյան, նախօրեին հրապարակվեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Խոսվում է ռեյտինգային քվեարկության մասին: Ռեյտինգային պատգամավոր ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ, եւ ինչպե՞ս է կատարվելու նրա ընտրությունը:
-Ռեյտինգայինը հետեւյալն է. որեւէ կուսակցություն որեւէ տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե իր անունով, այլ իր անդամներով: Այսինքն՝ քաղաքացին գնում է քվեարկության եւ այնտեղ որեւիցե կուսակցության ինքը քվեարկելու է հանձինս այդ կուսակցության անդամների: Եվ որպեսզի որեւէ կուսակցության քվեարկի, նախ պետք է ընտրի այդ կուսակցության քվեաթերթիկը, նոր միայն քվեարկի: Եւ եթե նախկինում որեւէ կուսակցություն մի ընտրատարածքում մեկ թեկնածուի առաջադրելու իրավունք ուներ, հիմա ցանկացած կուսակցություն, ցանկացած ընտրատարածքում կարող է առաջադրել բազմաթիվ` 15-20 անդամների: Նաեւ կուսակցության անդամների մեջ կարող է գնալ մրցակցություն, թե ընտրողներն ում են ավելի շատ ձայն տալիս… Սա է ռեյտինգայինը:
-Բացի այս՝ նոր նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրացուցակում պետք է ներգրավված լինեն եզդի, ռուս, ասորի, քուրդ ազգի ներկայացուցիչներ: Արդյո՞ք այդքան թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, հեշտ կլինի «գտնել»:
-Ես կարեւորում եմ Սահմանադրության մեջ այդ փոփոխությունը, որ ամեն դեպքում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները մեր պառլամենտում պետք է լինեն: Դա քաղաքական մոտեցում է, դա մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին համահունչ քայլելու խնդիր է: Դարերով մեր երկրում ապրող եզդի ազգաբնակչության ներկայացուցչությունը պառլամենտում ցանկալի կլինի, որովհետեւ գիտենք, թե տարածաշրջանում եզդի ազգաբնակչությունն ինչքան է, եւ նրանք քաղաքական պրոցեսի կենտրոնում են: Կարծում եմ՝ շատ դրական մոտեցում է: Այս պրոցեսը ներկայացված է. կքննարկենք, եթե շտկելու խնդիրներ լինեն, դա կանենք:
-Իսկ ռուսնե՞րը, ասորինե՞րն ու քրդե՞րը…
-Ուշադիր կարդացեք, այնտեղ ներկայացված է…
-Հստակեցված է, որ ընտրությունների ժամանակ նույնականացման քարտով պետք է ստուգվի` արդյոք քաղաքացին քվեարկել է, թե ոչ: Ինչքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այս տարբերակը կնպաստի ազատ, արդար ընտրություններին: Ծրագիրը մեզ չի խաբի՞:
-Ծրագիրը չի կարող խաբել, մարդն է խաբում: Այնպես չի, որ կարող ենք ասել, որ մենք վստահում ենք այդ ծրագրին: Վստահության համար պետք է, որ այդ տեխնիկան, տեխնոլոգիան համապատասխանի այս, այս, այս չափանիշներին: Այդ սարքերը, որոնց մենք ծանոթացել ենք, ունեն այնպիսի հնարավորություն, ըստ որի՝ ցանկացած հարցի պատասխան կարող են տալ: Այսինքն՝ ցանկացած կասկածամիտ մարդու մոտեցումները կարելի է, եւ տեխնիկան թույլ է տալիս ամրագրել, որ այդ հարցերը հանվեն:
-Պարո՛ն Նիկոյան, ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն հանդես է գալու տարբեր գույնի քվեաթերթիկներով: Դուք ո՞ր գույնն եք նախընտրում, եւ այս մեխանիզմի նպատակը ո՞րն է:
-Նպատակը հետեւյալն է. նախ որեւիցե մեկը, եթե ուզում է մեկին քվեարկի, կուսակցության անդամ պետք է լինի: Տվյալ կուսակցության անդամն այդ քվեաթերթիկի վրա պետք է լինի` շուտ կողմնորոշվելու համար: Մինչեւ հիմա մեղադրում են, որ այս կուսակցության ձայները տեղափոխել, տվել են մեկ այլ կուսակության եւ այլն, եւ այլն: Եթե գույները տարբեր են, ապա անհնար է տեղափոխել: Շատ հստակ, վերահսկելի մեխանիզմ է այդ գունավոր քվեաթերթիկներով ընտրությունը: Իսկ թե ինչ գույնով կլինենք, կգա ժամանակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոշի, թե որ կուսակցությունը որ գույնով է հանդես գալու:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՌԵԿՈՐԴՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը Parliamentmonitoring.am-ի ներկայացրած զեկույցից երեկ տեղեկացավ, թե ՀՀ ԱԺ պատգամավորներն ինչպիսի վարքանիշ են ցուցաբերել 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի ժամանակ:
Այսպիսով՝ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 120 քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 5 պատգամավոր, որոնցից «ռեկորդակիր» է համարվում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան հաջորդում են ԲՀԿ-ականներ Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը եւ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը:
Այս բացակայություններից ԱԺ նախագահի կողմից հարգելի են ճանաչվել Հայկ Խաչատրյանի 103 բացակայությունից 61-ը, Վարդան Օսկանյանի 89 բացակայությունից՝ 34-ը, Կարապետյանի 72 բացակայությունից՝ 44-ը: Ամենաշատ բացակայած 2 պատգամավորների` Գագիկ Ծառուկյանի 120 եւ Աշոտ Աղաբաբյանի 114 բացակայություններից հարգելի ճանաչվածների կոնկրետ թիվ չի նշվել:
Parliamentmonitoring.am կայքի աչքից չեն վրիպել նաեւ ամենահետաքրքրասեր եւ ակտիվ պատգամավորները: Ըստ ներկայացված վիճակագրության` ԱԺ 8-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված (20) եւ ելույթ ունեցած պատգամավորը Խոսրով Հարությունյանն է: Ամենաշատը` 94 անգամ, կողմ է քվեարկել 14 հանրապետական: Իշխող խմբակցությունից դեմ քվեարկածները` ընդամենը 1 անգամ, 2-ն են` Առաքել Մովսիսյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: Նստաշրջանում միակ ձեռնպահ քվեարկածը Վարդան Այվազյանն է: Ամենաշատը չի քվեարկել Մհեր Սեդրակյանը (51), բացակայել է Աշոտ Աղաբաբյանը (91):
ՀԱԿ խմբակցության ամենակողմ (34) եւ դեմ (55) քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է: Ամենաշատը բացակայել է Արամ Մանուկյանը (61): Ամենաշատը ելույթ է ունեցել (8) եւ հարց է տվել (6) Լեւոն Զուրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված (23) եւ ելույթ ունեցած (24) պատգամավորը Միքայել Մելքումյանն է, կողմ քվեարկածը Բազմասեր Առաքելյանն է (89), ձեռնպահ քվեարկածը Վահե Հովհաննիսյանն է (26), չքվեարկածը (33)` Կարո Կարապետյանը, դեմ քվեարկածը (32)` Տիգրան Ուրիխանյանը:
«Ժառանգություն» խմբակցությունից ամենաշատ կողմ (39) եւ ձեռնպահ (27) քվեարկած պատգամավորը Ալեքսանդր Արզումանյանն է: Ամենաշատը չի քվեարկել Ռուբիկ Հակոբյանը (12), դեմ է քվեարկել (40) Զարուհի Փոստանջյանը: Այս խմբակցությունում ամենաշատը բացակայել (28), միաժամանակ նաեւ ամենաշատը հարց է տվել (15) Թեւան Պողոսյանը:
ՀՅԴ խմբակցության ամենաշատ կողմ քվեարկած (43) եւ բացակայած (52) պատգամավորը Արմեն Բաբայանն է, իսկ չքվեարկածը՝ (4) Աղվան Վարդանյանը: Ամենաշատ ձեռնպահ քվեարկած (39), հարց տված (9) եւ ելույթ ունեցած (11) պատգամավորը Արծվիկ Մինասյանն է:
ՕԵԿ խմբակցությունից ամենաշատ կողմ (43) քվեարկած պատգամավորը Իշխան Խաչատրյանն է, դեմ քվեարկածը (16) Հեղինե Բիշարյանը: Իսկ, ահա, ամենաշատ բացակայածը ՕԵԿ-ից (17) Հովհաննես Մարգարյանն է, ով նաեւ ամենաշատ չքվեարկած (9), հարց տված (39) եւ ելույթ ունեցած (31) պատգամավորն է: Այս խմբակցության ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորն էլ Մհեր Շահգելդյանն է (27):
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-Ի ՊԵՏԻՆ ԿՀԱՆԵ՞Ն
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Օրերս էլ այս ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Արդյունքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասով հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Սա էլ դեռ քիչ է, մարտի 1-ին անհասկանալի պատճառներով նույն ՔԿՀ-ում ինքնասպան եղավ 35-ամյա Մխիթար Սարգսյանը, որի ազատազրկման պատժի կրման ավարտին մնացել էր ընդամենը 20 օր: Ըստ էության, հենց այս եւ այլ հանագամանքներն են պատճառ դարձել, որ մեզ հասած տեղեկություններով,այս օրերին քննարկվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանի պաշտոնանկության հարցը: Ենթադրվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետն առաջիկա օրերին Ստեփանյանին պաշտոնանկ անելու մասին հրաման կարձակի: Ի դեպ, Ստեփանյանի պաշտոնանկության լուրերի առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «ժողովուրդ»-ին ասացին, թե նման բան չկա:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 1 ՏԱՐԻ ԱՆՑ
2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց փոխհրաձգության արդյունքում սպանվեցին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանը` Երրորդմասցի Լյովիկը, նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանը` Դերոն, եւ Մեսրոպ Մելիքյանը` մանումենտցի Մոսոն: Դիմակավորված 3 անձինք կրակել էին կալանավայրին մոտ գտնվող վերոնշյալ անձանց ուղղությամբ եւ մահացու վիրավորելուց հետո դիմել փախուստի: Ավելի ուշ սպանության համար կալանավորվեցին քրեական հեղինակություններ Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը: Նրանք մինչ օրս հրաժարվում են ցուցմունք տալ: Արդեն մեկ տարի է, ինչ այս գործով ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում ու չի ավարտվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ սպանության մեջ մեղադրվող վերը նշված երեք անձանց կալանքի գործն առաջիկայում ուղարկվի մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԹԻՎԸ
Այս տարվա հունվարին Հայաստանում արձանագրված վարակային հիվանդություններից ամենատարածվածը եղել է չճշտված հարուցիչով թոքաբորբը՝ 2 հազար 366 դեպք: Այլ կերպ ասած՝ վերը բերված թիվը ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումը ստացած գրիպի վիրուսով վարակված եւ բժշկի օգնության դիմած դեպքերի քանակն է: Ի դեպ, ուշագրավ է, որ հունվարին առավել տարածված վարակային հիվանդություններից հաջորդը եղել է ջրծաղիկը՝ 915 դեպք: Մնացած վարակային հիվանդության դեպքերը եղել են կա՛մ հատուկենտ, կամ էլ հարյուրից երկու հարյուրի սահմաններում: