Ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Սերժ Սարգսյանը պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կրկին առանձնացրեց ֆինանսների նախարարությունից եւ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակեց իր վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Այսպիսով՝ նա ՊԵԿ-ն ամբողջությամբ վերցրեց ուղիղ իր տրամադրության տակ:
Իր ձեռքը վերցրեց
Նկատենք, որ երբ ՀՀ ֆինանսների նախարարության կազմի մեջ մտավ ՊԵԿ-ը, սուպերնախարար նշանակված Գագիկ Խաչատրյանն իր բոլոր վստահելի մարդկանց տեղափոխեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ՝ իրեն առավել մոտ, որպեսզի անկաշկանդ աշխատի: Նա ՊԵԿ-ը փաստացի «հեռվից էր» կառավարում: Սակայն հիմա, երբ ՊԵԿ-ը կրկին ՖՆ-ից առանձնացավ, փաստացի նրա վստահելի կադրերը հիմնականում մնացին ՖՆ-ում, իսկ ՊԵԿ-ը մնաց մի տեսակ «անտեր», որտեղ արդեն իր դիրքերը կամրացնի Հովհաննես Հովսեփյանը, որն այնքան էլ լավ անցյալ չունի: Միայն հայտնի է, որ Իջեւանում ծնված Հովսեփյանը ենթարկվող տեսակ է: Ու թերեւս այդ որակն է նրան օգնել ներկա ռեժիմի պայմաններում հասնել նախագահի վերահսկողության ղեկավարի պաշտոնին:
Եւ մինչ նրա կենսագրական տվյալներին անդրադառնալը, նշենք, որ Հովսեփյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն էր համարվում երկար տարիներ, ավելին՝ վարչապետի եղբոր` Ջոնիկի մտերիմ ընկերն է: Հովսեփյանին կառավարման համակարգ է մտցրել հենց Աբրահամյանը, նշանակել տվել տարածքային կառավարման նախարարի խորհրդական, հետո էլ անսալով Արմեն Գեւորգյանի խնդրանքներին` աջակցել փոխնախարար նշանակվելու գործում: Բայց տարիների ընթացքում հաջողացրել է ժեստիկուլացիայի ակտիվ դրսեւորումների արդյունքում տեղավորվել Սերժ Սարգսյանի շրջապատում:
Աշխատասեր մեղուն
Նշենք, որ ի սկզբանե Հովսեփյանը չափազանց աշխատասեր է եղել, աշխատանքին այնքան նվիրված, որ դպրոցում սովորելուն զուգընթաց` 15 տարեկան հասակում աշխատանքի է անցել Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայում, ուր եղել է խառատի աշակերտ, ապա առաջին կարգի խառատ: Հետո էլ երկու տարի աշխատել է կարի արտադրական միավորման «Տաթեւիկ» կոոպերատիվում: Հիշենք, որ սրանք 1988-1990 թվականներն էին, երբ երկրաշարժից հետո Վանաձորը գրեթե կաթվածահար էր, չէր աշխատում ձեռնարկությունների մոտ 97 տոկոսը (սա պաշտոնական տվյալ է), իսկ, ահա, 15-17 տարեկան պատանին աշխատել է, ձեռք բերել խորհրդային տարիներին պարտադիր համարվող 2 տարվա աշխատանքային ստաժն ու դարձել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող: Զարմանալ կարելի է, որ հոգնեցնող աշխատանքին զուգընթաց` այս պատանին դպրոց է գնացել, պատրաստել դասերը, նաեւ պարապել` բուհ ընդունվելու համար: Մեծ դերասանապետ Ստանիսլավսկին կասեր` չեմ հավատում… Բայց համալսարանում, հավանաբար, հավատացել են:
Ախ, այդ ոգելից խմիչքը
1996 թվականին աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` սկզբում զբաղեցնելով առաջին կարգի, ապա առաջատար մասնագետի պաշտոնները, հետո էլ նշանակվել պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատու: Հենց նույն ժամանակամիջոցում էլ ընդունվել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիա, 2003-ին էլ դարձել նույն ակադեմիայի հայցորդ: 2003-ին պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: Իր գիտելիքները ՀՀ կառավարման ակադեմիայի ունկնդիրներին մատուցելուն զուգահեռ` 2002-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Ակնհայտ է, որ այստեղից արդեն նրա կենսագրության «ճարտարապետներից» մեկը դարձել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով նախագահ Քոչարյանին շրջապատում էր «երիտասարդ ինտելեկտուալներով»: Թե ինչն էր պատճառը, որ 4 տարի նախագահի աշխատակազմում աշխատելուց հետո՝ 2006-ին, Հովսեփյանը հեռացել է նախագահականից եւ մեկ տարի աշխատել որպես «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ, չգիտենք, (տարբեր վարկածներ կան` ընդհուպ մինչեւ Արտաշես Թումանյանի ունեցած զզվանքը ոգելից խմիչքի նկատմամբ), բայց գիտենք մի բան, որ 2007-ին դարձել է Հանրապետական կուսակցության անդամ եւ նույն տարվա փետրվարի 27-ին նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական, իսկ 2007-ի դեկտեմբերի 27-ից նշանակվել տարածքային կառավարման նախարարի տեղակալ եւ այս պաշտոնում մնացել մինչեւ 2008-ի մայիսի 26-ը: Իհարկե, այս նշանակումն էլ սերտակցվում էր Արմեն Գեւորգյանի անվանը…
Տարիների դիզած հարստությունը
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, նախագահի աչքի առջեւ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սեփական հարստությունն է դիզել՝ այսպես հաստատելով հայտնի ասացվածքը. «Մեղր ծախողն իր մատն էլ պիտի լիզի»: Բայց Հովսեփյանը ոչ միայն մատն է լիզում, այլեւ ձեռքը մտցրած մեզ համար տակավին անհայտ մի տակառի մեջ՝ հարստանում ու հարստանում է՝ արհամարհելով այն բոլոր հրապարակումները, որոնք նվիրվել են հատկապես նրա եւ հարազատների անուններով բնակարաններ գնելուն:
Շարունակելի
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՆԿ ԳՆՈՎ Է ԲԵՆԶԻՆ ԳՆԵԼ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա համար ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի գնումները կազմել են մոտ 324 մլն դրամ:
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղապետարանը այս տարվա փետրվարի 22-ին ներկայացրել է 2016 թվականի գնումների՝ արդեն փոփոխված ցանկը: Ըստ այդմ, Ստեփանավանի քաղաքապետարանը ավելի քան 10.5 մլն դրամ հատկացրել է քաղաքապետարանի համար անհրաժեշտ ապրանքների գնման համար: Այս գումարից 2 մլն դրամ հատկացվել է 1 ավիատոմս գնելու համար, մոտ 7 մլն դրամ էլ հատկացվել է տրանսպորտային նյութեր ձեռք բերելու նպատակով: Դրանց մեջ մտնում են նաեւ «Նիվա» մակնիշի մեքենայի համար նախատեսված ավտոպահեստամասեր, մասնավորապես՝ մարտկոցներ (38 հազար դրամ), 4 հատ համասեզոնային անվադողեր (120 հազար դրամ) եւ այլն: Կարճ ասած՝ «Նիվա» մակնիշի մեքենայի պահպանման եւ տեխնիկական խնդիրները լուծելու նպատակով Ստեփանավանի քաղաքապետարանը հատկացրել է 470 հազար դրամ:
Սակայն քաղաքապետարանի գնումների ցանկում ուշագրավն այն է, որ գնվել է 10 200 տոննա ռեգուլյար տեսակի բենզին, եւ լիտրի դիմաց վճարվել է 430 դրամ: Եւ սա այն դեպքում, երբ ավելի քան 10 օր է, ինչ 1 լիտր ռեգուլյար բենզինը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Իսկ տարեսկզբին այն վաճառվում էր 390 դրամով: Նշենք, որ գրեթե բոլոր պետական գերատեսչությունները բենզինի գնման գործընթացում թույլ են տվել նման գերավճարներ` բենզինը ձեռք բերելով շուկայականից զգալի թանկ գնով: Այստեղ կասկածելի է՝ արդյոք փաստաթղթում նշված գնով է քաղաքապետարանը գնել բենզինը: Գուցե՞ միայն այդպես է նշված, իսկ իրենք գնել են ավելի էժան գնով: Հուսանք, որ մեր բազմաթիվ հրապարակումներից հետո պատկան կառույցները կսկսեն վերահսկել մարզային օղակներում իրականացվող գնումները:
Իսկ մինչ այդ կրկին անդրադառնանք Ստեփանավանի քաղաքապետարանի գնումներին. 360 հազար դրամ հատկացվել է կենցաղային եւ հանրային սննդի նյութեր ձեռք բերելուն: Օրինակ՝ գնվել է լվացքի փոշի, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ եւ այլն: Միաժամանակ նշենք, որ Ստեփանավանի քաղաքապետարանի կոմունալ վարձերը կազմել են ավելի քան 8.5 մլն դրամ, որից 4 մլն դրամը էլեկտրաէներգիայի ծախսն է եղել, 2 մլն 600 հազար դրամը՝ գազի, 530 հազար դրամը՝ ջրի, 1 մլն 422 հազար դրամ՝ կապի: Քաղաքի բյուջեից 14 մլն դրամ նախատեսված է փողոցների փոսային վերանորոգման եւ եզրաքարերի ուղղման համար: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Ստեփանավանի քաղաքապետարանը այս տարվա համար նախատեսել է գնել մոտ 520 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ, այդ թվում նաեւ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ: Իսկ 2016 թվականի Ամանորի միջոցառման համար Ստեփանավանի բյուջեից հատկացվելու է 4 մլն դրամ: Նշենք, որ համայնքի տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու ծախսերն էլ կազմել են 52.5 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղ վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Բարեկամավանցիները տարածաշրջանի կենտրոն Նոյեմբերյան, Տավուշի մարզկենտրոն Իջեւան հասնում են պատահական ավտոմեքենաներով, շատ գումար ծախսելով: Անցած 25 տարիներին Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: Մարդիկ հեռացել են՝ չկարողանալով մշակել գյուղի 500 հա վարելահողերը ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Նույն պատճառով բարեկամավանցիները չեն կարողանում օգտվել շուրջ 50 հա խոտհարքներից, 170 հա արոտավայրերից: Համեմատաբար անվտանգ է գյուղի բարձրադիր հատվածը, որտեղ գյուղացիները քիչ քանակությամբ հող են մշակում, անասուններ արածեցնում: Բարեկամավանում ընդհանրապես ոռոգման ջուր չկա, խմելու ջրի խնդիրը եւս սուր է: Բնակիչները հայտնեցին, որ նախկինում գյուղում 5 առանձնատուն քանդել են շինանյութի համար՝ դրսում ապրող դրանց տերերին քիչ գումար վճարելով: ՀՀ իշխանությունները վերջին տարիներին Տավուշի սահմանագոտում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացրել, մարզի սահմանամերձ 24 գյուղերին հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանից սահմանագոտու բնակիչների կյանքն էապես չի բարելավվել: 2 տարի առաջ գազաֆիկացվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան գյուղերը, սակայն գյուղացիներն իրենց տներում գազ չունեն. վճարունակ չեն, այդ գյուղերում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում շարունակվում է Սեւքարում ապօրինի շինաքար արդյունահանած «Գետն գրուպ» ՓԲԸ-ին առնչվող քրեական գործի քննությունը: Շուրջ 5 ամիս է, ինչ չեն ստացվում այդ հանքավայրին առնչվող փորձաքննության արդյունքները: Քարի վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված «Գետն գրուպ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ Սեւքար գյուղի կարմիր գույնի քարի հանքավայրը շահագործել է ապօրինի: Այդ բիզնեսի հետ սերտ առնչություն ունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը: Հենց այդ հանքավայրի քարով է Զախարյանի քաղաքապետության տարիներին կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը: Այս ընկերության հետ բացի Ե. Զախարյանից, եւս 3 բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են առնչվում: «Գետն գրուպ» ՓԲԸ-ն հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ: 2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած վերահսկիչ պալատը նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն այդ բացահայտումներին իրավապահ մարմինները ընթացք չեն տրվել: 2014թ. աշնանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել: Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանի վկայությամբ՝ 2012թ.-ից նշված հանքավայրը չի շահագործվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ