Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, երեկ տեղի է ունեցել 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ռազմական կառույցի ղեկավարներ:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրագործմանը, սիրիական ճգնաժամին եւ դրա հետևանքով ի հայտ եկած հարցերին, միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստան – ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ` 2014-2016թթ. ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, եւ շեշտել է, որ շուտով կմեկնարկի 2017-2018թթ. ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներին ներկայացրել է Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները եւ դրանից բխող բարեփոխումների գործընթացը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ռազմական կրթության բնագավառում կարողությունների ընդլայնմանը եւ այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին Հայաստանի եւ դաշինքի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը եւ արձանագրված արդյունքները:
Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ, կարեւորեցին Հայաստանում իրականացվող հետեւողական բարեփոխումները:
Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ: