Վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկի` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի կողմից թոշակների յուրացման գործի բացահայտումից հետո, թվում էր, սոցապնախարարությունում առավել մեծ վերահսկողություն կիրականացվի` բացառելու համար յուրացումների եւ շորթումների դեպքերը: Սակայն վերջերս արձանագրված մի քանի աղմկահարույց դեպքերը ցույց են տալիս, որ պատկերը միանգամայն այլ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով կառույցում կոռուպցիոն դրսեւորումներին, հայտնեց. «Ովքեր երբեւէ քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար որեւէ վճար կպահանջեն, նրանք խստորեն պատժվում են, պատժվել են եւ պատժվելու են»:
-Պարո՛ն Ասատրյան, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի կողմից թոշակների յուրացման աղմկալի գործից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, պարզվում է, չեն զգոնացել: Օրինակ՝ մոտ երկու ամիս առաջ քաղաքացուն թոշակ տրամադրելու համար 100 դոլար գումար էր պահանջել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վարդուհի Գեւորգյանը: Ի՞նչ եք անում՝ այսպիսի դեպքերը կանխելու համար:
-Կարծում եմ, որ ցանկացած անձ պետք է իր ոչ իրավաչափ արարքների համար պատասխանատվություն կրի: Եվ այդ առումով այն աշխատակիցները, ովքեր երբեւէ քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար որեւէ վճար կպահանջեն, նրանք խստորեն պատժվում են, պատժվել են եւ պատժվելու են, որովհետեւ մեր քաղաքականությունը, որը ներկայումս իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, բնականաբար, միտված է առաջին հերթին մեր քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը: Կարծում եմ՝ այս առումով մեծ աշխատանք է արվել եւ բավականին առաջընթաց ունենք: Իսկ, ահա, այդպիսի դեպքեր միշտ կարող են լինել, դրանք, սակայն, բնականաբար պատժվելու են: Կոնկրետ դեպքում նշված բաժնի պետը ազատվել է աշխատանքից:
-ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետի մասով քաղաքացին դիմել էր ԱԱԾ: Փորձը ցույց է տվել, որ եթե քաղաքացին չի բողոքում կամ աղմուկ չի բարձրացնում, գործը ծածկադմփոց է արվում:
-Կարծում եմ, որ քաղաքացիական վերահսկողությունը շատ կարեւոր է, քանի որ մենք, ներդնելով թեժ գիծ ծառայությունը, իսկապես մեծ խնդիրներ ենք լուծել:
-Թեժ գծի դեպքում մարդիկ ապահովագրված չեն, որ պատասախանատվության առաջ չեն կանգնի, եւ, առհասարակ, հարցը բարձրացնելով` այն լուծում կունենա:
-Բացարձակ այդ կարծիքին չեմ, եթե Դուք հաշվետվությունները տեսնեք, ինքներդ էլ կհամոզվեք: Իսկ մենք կարող ենք դրանք մանրամասն Ձեզ տրամադրել: 114 թեժ գծերի ստացած զանգերը եւ դրանց քանակի աննախադեպ աճը արդեն գալիս է ապացուցելու, որ վստահություն կա թեժ գծի ծառայության նկատմամբ:
-Դուք կոնկրետ օրինակ կարո՞ղ եք ներկայացնել, երբ Ձեր կողմից համապատասխան վերահսկողության կամ ստուգման արդյունքում հայտնաբերել եք պաշտոնական լիազորությունը անցնելու դեպքեր եւ օրինազանց աշխատակիցների գործողություններին իրավական ընթացք եք տվել:
-Ընդհանրապես, եթե աշխատանքի ընթացքում վեր են հանվում խնդիրներ, որոնք պետք է ներկայացվեն իրավապահ մարմինների, ապա դրանք անպայման ներկայացվում են իրավապահ մարմիններին: Այստեղ երկրորդ կարծիք չկա:
-2015 թվականի մարտին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում իրականացված ստուգումների արդյունքում խոշոր յուրացումներ են հայտնաբերվել: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին է: Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ընդ որում, դատավորը Նապոլեոն Օհանյանն է, որը ամբաստանյալ Ռադիկ Օհանյանի ազգականն է: Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է կատարվում, եւ վստա՞հ եք, որ այսպիսի պայմաններում կարող է օբյեկտիվ քննություն տարվել:
-Ձեր նշած մանրամասներին այդպես չեմ տիրապետում` ով է գործը քննում, ինչ ընթացքի մեջ է: Բնականաբար, երբ խնդիրը բարձրացավ, մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ տնօրենը ոչ իրավաչափ գործողություններ է իրականացրել, եւ ազատեցինք աշխատանքից: Իսկ տվյալ դեպքում դա իրավապահ մարմինների քննության առարկա է, թե որքանով են տնօրենի գործողությունները քրեորեն պատժելի: Մեր հիմնական խնդիրը հետեւյալն է. եթե տնօրենը՝ որպես պատասխանատու, կարող է ոչ իրավաչափ գործարքներ անել՝ թեկուզ վնաս չտալով պետությանը, արդեն իսկ վստահությունը կորցնելու հիմքով նրա նկատմամբ մենք մեր միջոցները ձեռք ենք առել` հեռացնելով աշխատանքից:
-Իսկ նման դեպքում, միայն հեռացնելով, որքանո՞վ է խնդիրը լուծվում:
-Եթե պետությանը վնաս պատճառված չէ, այսինքն՝ եթե նա սխալ փոխանցումներ է կատարել, հետո վերականգնել է, դրա շրջանակներում մենք, բացի նրանից, որ այդ մարդուն զրկում ենք հաստատություն ղեկավարելու իրավունքից, այլ գործողություններ իրականացնելու իրավասություն չունենք: Բնականաբար հետո դա անցնում է իրավապահների դաշտ:
-ՀՀ կառավարության՝ հունվարի 20-ի նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը. «Ես անձամբ հետեւելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան եւ ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»: Արդյո՞ք վարչապետի այս զգուշացումն ուղղված չէր հենց Ձեր ղեկավարած կառույցի աշխատակիցների գործունեությանը:
-Բացարձակապես մեզ չէր վերաբերվում:
-Այնուամենայնիվ, Դուք վերահսկո՞ւմ եք՝ արդյո՞ք Ձեր աշխատակիցները ժամանակին են գալիս աշխատանքի, թե ոչ:
-Առավոտյան ժամը 80:30-ից երեկոյան 9:00-ը աշխատանքի վայրում ենք, աշխատանք ենք իրականացնում: Իսկ աշխատակազմի ներկայանալը փաստվում է կառավարական երրորդ շենքում տեղադրված համակարգի միջոցով:
-Տեղեկություններ կան, որ աշխատակիցները գտել են ճանապարհը, թե ինչպես ճողոպրեն այդ համակարգից:
-Կարծում եմ, որ աշխատանքային կարգապահությունը բարձր մակարդակի վրա է: Աշխատակազմի ղեկավարը հետեւում է աշխատանքային կարգապահությանը, եթե լինում են խնդիրներ, ապա համապատասխան միջոցներ ձեռնարկվում են:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ ԿԻՆՆ Է ԿԱՆԳՆԱԾ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Միջոցառմանը մասնակցում էին հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված զինծառայողների եւ զինված ուժերում միաժամանակ ծառայություն իրականացնող երեք զինծառայողների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչները, կին զինծառայողներն ու ազատամարտիկները:
Բազմաթիվ շնորհավորական խոսքերից հետո ՊՆախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում արժեւորեց կնոջ դերը ոչ միայն հասարակությունում, այլ նաեւ զինված ուժերում: Նախարարը պարգեւատրեց եւ ծաղիկներ հանձնեց միջոցառմանը ներկա մի շարք կանանց:
«Իզուր չէ, որ հայ կնոջը վերաբերվող տոնակատարությունը առաջին հերթին սկսվում է հենց պաշտպանության նախարարությունից, հայկական բանակից, որովհետեւ հայկական բանակը տղամարդկանց մի մեծ հասարակություն է, եւ նրանք են իրենց հետ տանում կնոջ նկատմամբ ամբողջ սերն ու հարգանքը եւ նաեւ զգում նրանց ջերմությունը: Հայ կնոջ նկատմամբ այդ զգացմունքների առաջին արտահայտությունը, իհարկե, հայկական բանակի ողջ անձնակազմի կողմից պետք է լինի»,- նշեց Օհանյանը:
ՊՆ նախարարը չմոռացավ կնոջ դերը կարեւորել նաեւ որպես մարտիկ` ընդգծելով, որ հայ կինը միշտ տղամարդու կողքին է եղել եւ տարել է մարտական գործողությունների ողջ դժվարությունները: «Հայկական բանակը մեծ ճանապարհ է անցել: Հպարտորեն ասված այդ երկու բառերի ակունքներում մենք պետք է տեսնենք տարիների դժվար, չարքաշ գործունեությունը՝ դաժանություններով, փորձություններով, պատերազմական, մարտական գործողություններով անցած ճանապարհը, որի ակունքներում ոչ միայն կանգնած է եղել հայ տղամարդը, այլ նաեւ հայ կինը, ինչպես մեր ամբողջ պատմության ընթացքում»,-նշեց նախարարը: Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԻ ԾՆՈՒՆԴՆ Է
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք:
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑ
Ինչպես հայտնի է՝ լրագրողական երեք կազմակերպություններ դիմել են ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից էթիկայի նորմերը խախտելու հարցով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ դիմումից հետո ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներն էլ սկսել են քննարկել լրագրողների դեմ էթիկայի հանձնաժողով դիմում ներկայացնելու տարբերակը: Իհարկե, քիչ հավանական է, որ դա տեղի ունենա, քանի որ երբ ՀՀԿ պատգամավորները որեւէ իրավաբանի հետ խորհրդակցեն, ապա նրանց կբացատրեն, որ ի տարբերություն իրենց՝ լրագրողները անձեռնմխելի չեն, եւ ի տարբերություն պատգամավորների՝ լրագրողը, եթե անօրինական քայլ է անում, ապա պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 15-ին կանցկացվի «Արմավիա» ավիաընկերության գույքերի կրկնաճուրդը: Ավիաընկերությունն աճուրդի է հանել 1999 թվականին արտադրության ինքնաթիռ «Բամբարդի», որը չունի աջակողմյան շարժիչ, ղեկավարման սրահի որոշ կարեւոր համակարգեր: Այն կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում, արժի 172 մլն 200 հազար դրամ: Աճուրդի են հանված նաեւ մի քանի շենքից բաղկացած անշարժ գույք Երեւանում: Շինությունը պատկանում է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին եւ գրավադրված է «Ամերիաբանկ»-ում, մեկնարկային գինն ավելի քան 1 մլրդ դրամ է: Աճուրդի է հանվել նաեւ «Արմավիայի» սեփականտեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը՝ գինը 201 մլն դրամ, Ծաղկաձորում հյուրանոցային համալիր՝ մոտ 532 մլն դրամ: Վաճառվում են նաեւ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն:
ՍԵՓԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի փետրվարի 23-ից Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Արման Թաթոյանը կադրային ջարդ է սկսել: «Ժողովուրդ»-ը պարզել էր, որ Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Թաթոյանի գործի անցնելուց հետո, աշխատանքից ազատման դիմում է գրել: Նրա հետ ազատման դիմում են գրել նաեւ արտաքին կապերի վարչության մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ Լուսինե Ավագյանը: Վերջինս երեկ զանգահարեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ վստահեցրեց, որ ինքը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: Հուսանք` իրոք այդպես է: